armin.am-ը` հայագիտական ռեսուրսների շտեմարան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2011 15:04

Ստեղծվել է իրավիճակ, երբ հայագիտությամբ զբաղվելը դարձել է խիզախություն. այսօր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  (ՀՀԻ) 3 տարիների  կատարած աշխատանքի ամփոփման ժամանակ նման հայտարարություն արեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով` հայագիտության բնագավառում օրեցօր նահանջ է արձանագրվում, քանի որ երիտասարդներն այս ոլորտում հեռանկարներ չեն տեսնում և հայագիտությամբ էլ ընտանիք չեն կարող պահել: Ստեղծված իրավիճակում  Մելքոնյանը բարձր է գնահատում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործունեությունը:

«Սա իսկապես ռազմաճակատի գիծ է: Ադրբեջանի սկսած պայքարը, որ պատերազմի նախօրյակ է հիշեցնում, մեզ պարտավորեցնում է ունենալ լավ մասնագետներ և ըստ արժանվույն հակահարված տալ»:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 2008-ին` ԵՊՀ հայագիտական կենտրոնի հիմքի վրա: Ինստիտուտն ունի 8 ստորաբաժանումներ` «Հայ ինքնության և մշակույթի բաժին», «Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա», «Ցեղասպանագիտության բաժին», «Հայ-օսմանական առնչությունների բաժին», «Վրացագիտության հայկական կենտրոն», «Աղբյուրագիտական լաբորատորիա», «Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին», «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա»:

ԵՊՀ ՀՀԻ տնօրեն  Արամ Սիմոնյանն ասում է, որ ինստիտուտի գործունեությունը միտված է կիրառական հայագիտության զարգացմանը. հանրությանն են ներկայացնում բարձրարժեք հայագիտական հետազոտություններ, ինչպես նաև հայագիտական ռեսուրսներն են թվայնացնում:

Կատարված  աշխատանքները ներկայացվում են նաև ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am –ում. այստեղ արդեն զետեղված են 55 գրքեր, 25 հոդվածներ, 104 քարտեզներ նաև զանազան փաստաթղթեր և լուսանկարներ: Կայքում զետեղված է նաև «Հայոց պատմություն» էլեկտրոնային գիրքը:

 

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply