Հայաստանյան օլիգարխաթն ու դինաստիական ամուսնությունները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 13, 2011 23:34

Շաբաթ օրը «Փարվանա» ռեստորանում նշվում էր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) քրոջ որդու և Սամվել Կարապետյանի (Կալուգայի Սամո) դստեր ամուսնության արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Անցյալ տարվա սեպտեմբերին Սամվել Ալեքսանյանը մեկ այլ բարեհաջող «գործարք» կարողացավ կնքել` եղբորորդուն ամուսնացնելով ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) դստեր հետ: Ալեքսանյանի երեխաները դեռ փոքր են, այնպես որ ինքը` Հայաստանի թիվ մեկ օլիգարխը, դեռ չի կարող անձնապես ամրապնդել իր կապերը` խնամիանալով հայաստանյան էլիտայի անդամների հետ, ուստի, ինչպես տեսնում ենք, «ամրապնդումն» իրականացնում է հարազատների միջոցով: Ի դեպ, Ալեքսանյանի քրոջ մյուս փեսային` ալեքսանյանական ներկա խնամիության չափանիշներով դատելու պարագայում` սովորական տղա Կորյուն Նահապետյանին, Ալեքսանյանը կարողացավ դարձնել իր նման պատգամավոր. Նահապետյանի բախտը բերեց այնքանով, որ հարևանի խելոք տղա էր եղել, սովորող, հետո էլ նորմալ աշխատանքի անցած (Նահապետյանը մասնագիտությամբ իրավաբան է` նորմալ կրթություն ստացած), ինչն էլ հիմք էր դարձել նրան փեսա ընտրելու համար:

Նման բացառություններ լինում են, իհարկե, բայց դինաստիական ամուսնություններն աստիճանաբար օրինաչափություն են դառնում` հաստատելով այն, որ Հայաստանը վերջնականապես գահավիժել է դեպի պլուտոկրատական, օլիգարխիական պետություն: Այստեղ մոխրոտիկները որպես դասակարգ արդեն իսպառ վերացել են: Ամուսնական գործարքները, հաստատված կարգի համաձայն, կնքվում են ըստ քաշային կատեգորիաների. ծանր տրամաչափի մեծահարուստներն իրար հետ են խնամիանում, միջին տրամաչափիները` իրար, շարքային մեծահարուստներն էլ` իրար:

Հաշվի առնելով պլուտոկրատական ամուսնությունների փիլիսոփայությունը` որքան հնարավոր է ավելի հաջող պարտնյոր կպցնել` դրանից բխող բոլոր առավելություններով (այստեղ քանի որ ամեն ինչ հանգում է շահին, ամենից առաջ հաշվի է առնվում այն, թե ինչ կարգի աջակցություն է հնարավոր ստանալ խնամուց. Ալեքսանյանի պարագայում, ինչպես տեսնում ենք, աջակցությունը հիմնականում բիզնես ոլորտին է վերաբերում, իսկ արդեն Սամվել Կարապետյանի շնորհիվ հնարավոր է նաև քաղաքական աջակցության ակնկալություն ունենալ), բացառությունների շարքին են դասվում նաև, այսպես ասած, երևանյան «պլեբեյների»` սեփական գենոֆոնդը լավացնելու մղումով կնքված ամուսնություն-գործարքները: Դրանցից մեկի մասին արդեն նշվեց. Լֆիկ Սամոն փեսա ընտրեց նորմալ տղա Կորյուն Նահապետյանին: Նման ընտրությունների դեպքում ամուսնության առաջնային մասնակիցների կարծիքը, բնականաբար, հաշվի չի էլ առնվում, նրանք կարող են նույնիսկ չճանաչել իրար. ամեն ինչ որոշվում է պապաների մակարդակով: Բայց այս կարգի ամուսնությունները բացառությունների շարքին են դասվում հենց այն առումով, որ հայաստանյան ներկա էլիտայից միայն քչերը կարող են իրենց թույլ տալ նման շռայլություն` չօգտվել սեփական երեխաների ամուսնություններից:

Նման հազվագյուտ շռայլություն թույլ են տալիս միայն նրանք, ովքեր հատել են այն սահմանը, երբ իրենց ինչ-որ մեկը պետք է, որից կարող են ինչ-որ բան ակնկալել: Նման բացառությունների թվին կարելի է դասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ դստեր ամուսնությունը: Նախագահի ավագ փեսան ընտրվեց դեռևս Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ. Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի որդի Միքայելը (ներկայում նախագահի աջ թևի համարումն ունի և ղեկավարում է նախագահի աշխատակազմը` տեղակալի խորհրդանշական պաշտոնով) կրթություն էր ստացել Իտալիայում, խելոք տղա էր, Երևանի հարգված քաղաքապետ Հասրաթյանի թոռը, այնպես որ՝ գենոֆոնդը պահպանելու և լավացնելու առումով երիտասարդ տարիքից Երևանը նվաճելու եկած Սերժ Սարգսյանի համար ընտրությունն ավելի քան հարմար էր թվում:

Դինաստիական ամուսնությունները, վերածվելով օրինաչափության, ներկա փուլում վերաճել են դինաստիական ամուսնությունների` դառնալով ավելի քան հարմարավետ գործիք իշխող օլիգարխաթի համար: Գագիկ Ծառուկյանն իր դուստրերի ամուսնությունների կազմակերպմամբ մի յուրահատուկ ցանց ձևավորեց, ինչի շնորհիվ ավելի քան ամուր քաղաքական հենարան է նախանշվում հայաստանյան այս օլիգարխի համար ավելի հեռուն գնացող հնարավոր հավակնությունների դեպքում: Ծառուկյանը մի դստեր միջոցով սկզբում խնամիացավ Մուրադ Գուլոյանի հետ, որից հետո ախորժակն ավելի բացվեց. խնամիների «մակարդակն» էլ բարձրացավ, քավորներինն էլ հետը։ Ծառուկյանի մյուս դուստրն ամուսնացավ տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդու հետ, իսկ վերջինը` Հովիկ Աբրահամյանի որդու, ընդ որում՝ այս հարսանիքի քավորը Կալուգայի Սամոն էր, նախորդինը` գեներալ Սեյրան Սարոյանը: Չի բացառվում, որ մի երկու տասնյակ դստեր պարագայում Ծառուկյանին հաջողվեր Հայաստանի ամբողջ քաղաքական և տնտեսական դաշտն իրենով անել:

Դինաստիական ամուսնությունների մեջ առաջին տեղում, ինչպես նշվեց, շահն է (իհարկե, բացառել չի կարելի, որ այստեղ կարող են լինել նաև սիրո վրա հիմնված ամուսնություններ կամ զույգեր, որոնք գուցե չճանաչեն էլ միմյանց, բայց հետո գոնե իրարից չզզվեն). մի կողմն ապահովում է ֆինանսական հարմարավետությունը, մյուսը քաղաքական հենարան է դառնում: Այդպես, նախագահի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին ամուսնացավ Վահան Հովհաննիսյանի դստեր հետ, Կարեն Կարապետյանի որդին` Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր: Ամեն դեպքում, խնամիներից յուրաքանչյուրի դեպքում կա մեկը, ում անունը շատ բան է ասում լսողներին: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ամուսնացավ այն ժամանակ ազգային անվտանգության նախարար Դավիթ Շահնազարյանի դստեր հետ, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Աժ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դստեր, կրտսերը` Սիրուշոյի, իսկ դուստրը` «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Մարինա Չատինյանի որդու հետ:

Ամուսնությունների այս շարքը կարելի է դեռ երկար թվարկել, որի դեպքում ավելի քան պարզորոշ կգծագրվի Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի ներկա «սպեկտրը»` ով ում հետ է խնամի, ով ում հետ է քավոր-սանիկային հարաբերության մեջ: Իսկ սա Հայաստանի կարգի` ոչ այն է` ասիական, ոչ այն է` եվրոպական, բայց էությամբ ֆեոդալական դարաշրջանի բարքերին բնորոշ երկրում շատ կարևոր նշանակություն ունի: Սրա շնորհիվ է, որ օլիգարխաթը հնարավորություն է ստանում արգելել օտար տարրերի «մուտքն ի շրջանս յուր», որ ամենակարևորն է` վերարտադրվել: Իսկ ամենահետաքրքիրն այս ամենի մեջ այն է, որ նման փիլիսոփայություն կրող հայաստանյան իշխանավորների ամենագործածելի բառերի թվում ժողովրդավարությունն է, և որ ավելի հետաքրքիր է՝ այդ եզրն օգտագործվում է անգամ Հայաստանի նկատմամբ:

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
“Ազգային  գաղափար”

 

Դիտվել է 8398 անգամ:
Print Friendly

Leave a Reply