Իտալացիները հանրաքվեի միջոցով անձեռնմխելիությունից զրկեցին Բերլուսկոնիին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 13, 2011 23:17
Իտալացիները հանրաքվեի ընթացքում կողմ են քվեարկել կառավարության անդամներին դատարանի առջև անձեռնմխելիությունից զրկելու օրինագծին:
Հունիսի 12-13-ը տեղի ունեցած հանրաքվեի նախնական տվյալներով` քվեարկությանը մասնակցածների 90 տոկոսը կողմ է քվեարկել անձեռնմխելիության մասին օրենքը չեղյալ հայտարարելուն, որը, ինչպես համարում են Իտալիայում, ժամանակին ընդունվել է վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատական հետապնդումներից զերծ պահելու համար: Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 57 տոկոսը, ինչը նշանակում է, որ քվորումը ապահովված է եղել:
Կառավարությունն իր կողմնակիցներին կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն, ինչով էլ պայմանավորված է կողմ քվեարկածների տոկոսային առավելությունը: Հատկանշական է, որ Իտալիայում հանրաքվեներին քվորումը սկսվել է ապահովվել 1995 թվականից, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինքը` Բերլուսկոնին դեռևս հանրաքվեից առաջ հայտարարել էր, որ, հավանաբար, Իտալիայի քաղաքացիները չեն ընդունի այն որոշումը, որը պաշտպանում է ինքը: Արդյունքների հրապարակումից հետո վարչապեն ընդունել է իր պարտությունն ու նշել, որ կառավարությունը հաշվի կառնի իտալացիների կարծիքը:
Այս պահին Բերլուսկոնիի նկատմամբ հարուցված է մի քանի քրեական գործ: Ամենասկանդալայինը վերաբերում է 75-ամյա վարչապետի ու անչափահաս մի պարուհու հարաբերություններին:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
