Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 13, 2011 17:44

Հունիսի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հրավերով երկօրյա պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում:

Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի կանոնակարգման, բնակֆոնդի պահպանման, համատիրությունների գործունեության արդյունավետության և քաղաքային տնտեսության մի շարք այլ բնագավառներում փորձի փոխանակումն ու ճանաչողական ծրագրերի իրականացումը:

Երևանի քաղաքապետի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռքբերվել տեղեկատվություն փոխանակել նաև երկու քաղաքներում մշակութային միջոցառումների վերաբերյալ, համագործակցություն հաստատել զբոսաշրջության զարգացման ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է զբոսաշրջային համակցված փոխայցելությունների կազմակերպումը, ինչպես նաև զբոսաշրջային գործակալությունների միջև շփումների ակտիվացումը:

Ընդգծելով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ գործնական այս հանդիպումը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացման հարցում.”Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել իմ գործընկերոջ հետ: Ընդհանրապես կարծում եմ, որ նման հանդիպումները շատ կարևոր են քաղաքի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ ոլորտների առումով: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցություն ծավալել բոլոր ոլորտներում: Կարևորվել է բժշկության մեջ համագործակցությունը, համապատասխան մասնագիտացումը, զբոսաշրջության զարգացումը, հայտնի ընկերությունների մասով ներդրումների ապահովումը:  Նման հանդիպումները լինելու են պարբերաբար, դա միանշանակ օգտակար կլինի և մեր և վրացական կողմի համար”,- նշել է Կարեն Կարապետյանը:

Թբիլիսիի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները լավ հիմք կհանդիսանան նաև երկու երկների միջև համագործակցության էլ ավելի ընդլայնման հարցում.”Ես ողջունում եմ իմ գործընկերոջը, ով քաղաքապետի պաշտոնում առաջին անագամ է այցելում մեր քաղաք: Մենք քննարկել ենք փոխգործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր մշակութային, տնտեսական, զբոսաշրջության, առողջապահության ոլորտների համագործակցության վերաբերյալ: Իրականում, եթե նայենք քարտեզին և դիտարկենք մեր տարածաշրջանը, բոլորն ասում են, որ սա կովկասյան տարածաշրջան է, հետևաբար մենք պետք է կենտրոնանանք այն նախագծերի վրա, որոնք ունեն ընդհանուր բնութագիր: Արդյունքում խնայելով միջոցներ և էներգիա կարող ենք հասնել մեծ նվաճումների”,- նշել է Գեորգի Ուգուլավան:

Պաշտոնական հանդիպումից հետո երկու քաղաքապետերը շրջել են քաղաքի պատմական վայրերով: Գեորգի Ուգուլավան Կարեն Կարապետյանին ծանոթացրել է  Թբիլիսիի «Հին քաղաքիե վերակառուցման ծրագրին, որի համաձայն նախատեսվում է իրականացնել հին քաղաքի վերկանգնման աշխատանքներª վերածելով այն տեսարժան զբոսաշրջային հատվածի£ Երևանի քաղաքապետը Թբիլիսիի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է նաև նորակառուց հետիոտն կամրջի և նոր հիմնված քաղաքային զբոսայգու ծրագրերին£

Կարևորելով ձեռք բերված պայմանավորվածությունները, Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցության ամուր հիմքերն արդեն դրված են. “Կարծում եմ լավ հիմք ենք դրել, որպեսզի վաղը և’ Երևանի, և’ Թբիլիսիի համագործակցությունը լինի արդյունավետ: Այստեղ մենք բազմաթիվ հետաքրքիր լուծումներ ենք տեսել”,- շեշտել է Երևանի քաղաքապետը:

Պաշտոնական այցի երկրորդ օրը` հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետի հետ մասնակցել է նաև Թբիլիսիում Հայ Առաքելական եկեղեցուն կից Մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկաներին, քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը, Թբիլիսիի հայությանը ցուցաբերվող աջակցության համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply