Հելսինկյան կոմիտեն բողոքարկում է Մհեր Ենոքյանի գործով 2003 թ. նախագահի հրամանագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 13, 2011 16:50

Հայաստանի հելսինկյան կոմիտեն օրերս պատրաստվում է բողոքարկել 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, որով Մհեր Ենոքյանի` այն ժամանակ 42 մահապարտներից մեկի մահապատժի վճիռը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Այդ մասին «Անկախին» ասաց Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

ՄՀեր Ենոքյանը բանտում է արդեն 15 տարի: Նա կալանավորվել էր 19 տարեկան հասակում իր ընկերոջը սպանելու մեղադրանքով և դատապարտվել մահապատժի, սակայն 2003 թ.` ԵԽ պահանջների համաձայն Հայաստանում մահապատիժը վերացնելուց հետո, պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանը մինչև վերջ հրաժարվել է ընդունել իր մեղքը, իսկ այդ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանը, որ ընդունել է մեղքը, դատապարտվել էր 15 տարվա  ազատազրկման և մոտ ժամանակներս ազատ կարձակվի:

Այս տարի անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ կիրառված համաներումը ցմահների վրա չտարածվեց:

«Մենք կարծում ենք, որ այդ հրամանագիրը  սխալ իրավաբանական հիմք ունի, քանի որ հրամանագիրը միայն ներում է շնորհում,- մեկնաբանում է Ռևազյանը,- սակայն թե հետագայում ինչ պատիժ պետք է տալ անձին, որոշում է դատարանը, քանի որ միայն դատարաններին է պատիժ սահմանելու իրավունք վերապահված»:

Նախկին քրեական օրենսգրքի համաձայն` ծանրագույն պատիժը սահմանված էր 15 տարի, դրանից ավելի ծանրը մահապատիժն է, իսկ գործող օրենսգիրքը ներման դեպքում նախատեսում է  պատժի վերացում կամ ավելի ծանրը մեղմով փոխարինում: «Փաստորեն,  նրանք առաջնորդվել են ներկա օրենսգրքով, որnվ ավելի ծանր պատժատեսակը փոխարինվել է հարաբերականորեն մեղմ պատժատեսակով, որը, շատ ցմահ ազատազրկվածների կարծիքով, ավելի ծանր է, բայց խնդիրը դա էլ չէ»,-ասում է Ռևազյանը:

Փաստաբանը խնդրահարույց է համարում այն, որ  իր հրամանագրում նախագահը մահապարտների համար ցմահ ազատազրկում է սահմանել, այնինչ նախկին օրենսգրքի համաձայն` պետք է սահմանվեր 15-20 տարի ազատազրկում:

Նախկին քրեական օրենսգրքի համաձայն, եթե մահապատժի դատապարտված անձին ներում էր շնորհվում, ապա նա կարող էր ազատ արձակվել, կամ պատիժը կարող էր մեղմացվել 15-20 տարի ազատազրկմամբ: «Այսինքն` ստացվում է, որ կիրառվել է գործող օրենսգիրքը, որով խիստը փոխարինվել է մեղմով, այսինքն` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ, սակայն հնով դա համարվում է ավելի խիստ, քանի որ հնի համաձայն` պետք է լիներ 15-20 տարի,- պատճառաբանում է Ռևազյանը,- ու ստացվում է, որ  խստացնող օրենքին տրվել է հետադարձ ուժ, ինչի իրավունքը չկար»:

15-20 տարին ավելի մեղմ պատիժ է, քան ցմահ ազատազրկումը. դա ակնհայտ է, և եթե  մեղմացվող օրենքը հետադարձ ուժ ունի, ապա խստացվողը չունի:

Այս տարվա մայիսին Ազգային ժողովի հաստատած քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում ցմահ ազատազրկվածների մասով մեղմացումներ կան: Նոր օրենքով նախկին 15 տարի առավելագույն պատժաժամկետը ավելացվել է 5 տարով և դարձել 20 տարի այն հիմնավորմամբ, որ ծանր հանցագործությունների դեպքում 15 տարին փոքր ժամկետ է, այդ պատճառով էլ մեղադրյալներին դատապարտում էին ցմահ ազատազրկման: «Այս նոր փոփոխությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ եթե այն ժամանակ 20 տարվա շեմը գործեր, շատ ցմահների կտային 15-20 տարի,- ասում է Ռևազյանը,- իսկ քանի որ մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, մենք կարող ենք օգտվել այդ հիմնավորումից»:

Փաստաբանը նախապատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ասում է, որ առաջին ատյանի դատարանում մերժվելուց հետո չեն  նահանջելու և անցնելու են բոլոր դատական ատյանները, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մինչ այդ 2003 թ. հրամանագիրը երբևէ չի բողոքարկվել, թեպետ այս խնդրով առնչվող բոլոր շահագրգիռ կողմերն էլ նշում են, որ այն կիրառվել է բազմաթիվ խախտումներով, և հաշվի չեն առնվել օրենքի բոլոր նրբությունները:

Ռևազյանն ասում է, որ մինչ այդ ցմահներից որևէ մեկը համաձայնություն չի հայտնել, որ իր անունից բողոքարկվի: Հելսինկյան կոմիտեն Մհեր Ենոքյանի գործով զբաղվում է  2009 թ. նոյեմբերի 27-ին Նուբարաշեն ՔԿՀ-ից երկրորդ անգամ տեղի ունեցած փախուստից հետո: «Դրանից հետո մենք բողոքարկելու համար հիմք էինք նախապատրաստում, որպեսզի հանրությունն ավելի լավ իմանա, թե ինչի մասին է խոսքը»,- պատճառաբանում է Ռևազյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ազատություն Մհեր Ենոքյանին» խումբ է բացվել, որն զբաղվում է ցմահ դատապարտյալի պաշտպանության և հանրությանը նրա մասին տեղեկություն տարածելու գործով: Մհեր Ենոքյանը նաև բլոգ է վարում «Ռադիո Վան»-ում, որի համար գրված նյութերը փոխանցվում են փաստաբանի միջոցով:

 

 

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply