Լիտվան հույս ունի, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել համաձայնության ԼՂ խնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 16:25

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների’ հունիսի վերջին նախատեսված հանդիպման ժամանակ հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ հասնել համաձայնության: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն ներկայում նախագահում է Լիտվան:

«Միայն այն, որ նախագահները պարբերաբար հանդիպում են, արդեն իսկ լավ է: Հույս ունենք, որ այս հանդիպումները կնպաստեն ԼՂ խնդիրը ռազմական ուժով լուծելու բոլոր քայլերի բացառմանը»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով’ նախագահների նախորդ հանդիպման ժամանակ հնարավոր է եղել տարբեր’ այդ ժամանակի համար կարեւոր հարցերի շուրջ համաձայնության հասնելու: «Այժմ հույս կա ավելի հիմնարար հարցերի’ ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու: Եթե դա այս անգամ չհաջողվի, կարծում եմ’ ամեն դեպքում մենք պետք է դրականորեն գնահատենք ՌԴ-ի նախագահի եւ ընդհանրապես’ Մինսկի խմբի նախաձեռնությունները»,- ասաց Գ. Ապուոկասը:

Ըստ դեսպանի’ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր’ Լիտվայի ուշադրությունը սառեցված հակամարտությունների լուծմանը նպաստելուն է ուղղված: «Սակայն ամեն դեպքում խնդրի կարգավորման վերջնական լուծումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ հակամարտության կողմերից: Լիտվան ողջունում է բոլոր քայլերը, որոնք իրականացնում է Մինսկի խումբը»,- ասաց Գ. Ապուոկասը:

Ըստ նրա’ մեծ ուշադրություն պետք է դարձվի հատկապես հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ: «Այս իմաստով զարգացումներ նկատվում են, սակայն այն դեռեւս բավարար մակարդակի չէ: Լավ կլիներ, որ փոխադարձ վստահությունը զարգանար ու ամրապնդվեր ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների մակարդակով»,- ասաց ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

 

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply