Սեպտեմբերից կենդանաբանական այգուն կից քոլեջ կգործի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 13:13

Արդեն այս տարվա սեպտեմբերից Երեւանի կենդանաբանական այգու տարածքում իր գործունեությունը կծավալի հայ-ամերիկյան համատեղ քոլեջը, որտեղ ընդունվողները հնարավորություն կունենան էկոլոգիայի ոլորտին առնչվող մի շարք մասնագիտություններ ձեռք բերել, բացի այդ՝ անասնաբուժություն սովորել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց  Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Նախագիծը ներկայացվել է Կրթության եւ գիտության նախարարություն, ծրագիրն այնտեղ հավանության է արժանացել, սակայն քոլեջի ստեղծման գաղափարը դեռեւս քննարկումների փուլում է»,- ասաց նա։

Խաչատրյանի տեղեկացմամբ, քոլեջի հիմնադրման ուղղությամբ արդեն աշխատանքային խումբ է ձեւավորվել եւ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի միջազգային կարգի մասնագետի օգնությամբ փորձ է արվում գործը «գլուխ բերել»:

Կենդանաբանական այգու ներկայիս տնօրենը նշեց նաեւ, որ քոլեջի համար որպես ուսումնական մասնաշենք է ծառայելու է այգու տարածքում գտնվող, ներկայումս բավական խարխուլ վիճակում գտնվող մի շինություն, որը շուտով կվերանորոգվի։

Ամփոփելով՝ Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ քոլեջին զուգահեռ՝ այգու տարածքում սեպտեմբերից գործելու է նաեւ հատուկ դասասենյակ, որտեղ հանրակրթական դպրոցների 6-7-րդ դասարանցի աշակերտները հնարավորություն են ունենալու էկոլոգիական պրակտիկ կրթություն ստանալ։ «Երեխաները կկարողանան մեկ ամբողջ օր դասընթացներ անցկացնել կենդանաբանական այգում, ֆիլմեր դիտել, գործնական պարապմունքներ անել, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի կենսաբազմազանության հետ ծանոթանալ»,- նշեց Խաչատրյանը։

 

 

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply