Մատչելի վարկեր` երիտասարդ ընտանիքներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 13:13

ՀՀ կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշեց լրացնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»  պետական նպատակային ծրագրով նախատեսված սուբսիդիաների չափը` ծրագրի կատարողականի առաջանցիկ աճի պատճառով:

Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը 2010թ. հաստատել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»  պետական նպատակային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում արդյունավետ պետական աջակցությ¬ուն ցուցաբերելն է: Ունենալով բավական դրական ընթացք` ծրագրին դիմող քաղաքացիների քանակը նախատեսվածից ավելի է, ուստի ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել արագացված գրաֆիկով:

Երիտասարդ ընտանիքներին վարկեր են տրամադրում 16 ֆինանսական կազմակերպություններ` 13 առևտրային բանկեր և 3 վարկային կազմակերպություններ:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ 2011 թվականի մայիսի 23-ի տվյալներով` ընդհանուր առմամբ  տրվել է 425 վարկ, որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 3 մլրդ. 312 մլն. դրամ: Վարկի միջին գումարը կազմել է 7.8 մլն. դրամ, միջին ժամկետը` 12.3 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 10.12 տոկոս:

Կառավարությունը հատկացրել է վարկերի տոկոսավճարների (Երևան քաղաքում 2 և ՀՀ մարզերում 4 տոկոսի)  ավելի քան 85.4 մլն դրամ սուբսիդավորման գումարները` 2010 թ. 34.85 մլն դրամի դիմաց:

 

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply