Փողոցների վերանորոգման աշխատանքներ` Գյումրիում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 13:01

Գյումրիի քաղաքապետարանն իրականացնում է փողոցների վերանորոգման աշխատանքներ:Դրանք հիմնականում փոսային նորոգումներ են:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը, ներկայում փոսային նորոգումներ են իրականացվում Շիրակացի փողոցում: Նախատեսվում է նաեւ նորոգումներ կատարել Տերյան, Մուսայելյան եւ այն փողոցներում, որտեղ դրա խնդիրն առկա է: Կիրականացվեն նաեւ որոշ երկրորդային փողոցների հարթեցման աշխատանքներ:

Նշենք, որ այս տարի համայնքային բյուջեից քաղաքի փողոցների վերանորոգման համար նախատեսված է 300 մլն դրամ, բայց այդ գումարն, ըստ Լ. Աղեկյանի, աշխատանքերի ծավալի հետ կապված հնարավոր է ավելանա: Բացի համայնքային բյուջեից, Գյումրիում իրականացվում են նաեւ աշխատանքներ պետական միջոցների հաշվին: Այս տարի Գյումրիի երկու փողոց’ Լիսինյան եւ Ղանդիլյան, վերանորոգվում է պետական ծրագրով: Ղանդիլյան փողոցի մի հատվածը, որտեղ կատարվելու է ասֆալտապատում, արդեն իրականացվել են հարթեցման եւ խճապատման աշխատանքներ:

Նշենք, որ աշխատանքների ավարտից հետո, Գյումրին կունենա տրանսպորտային մեծ հանգույց’ իրար կկապվեն Շիրակացի, Մնջոյան, Ռեպին, Ղանդիլյան փողոցները, կբեռնաթափվի քաղաքի կենտրոնի երթեւեկությունը: Այդ աշխատանքների համար հատկացվել է 150 մլն դրամ գումար: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել աշնանը:

 

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply