Ստեփանակերտում մեկնարկել է «Առողջ ապրելակերպ» մարզական փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2011 12:34

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ’այսօր Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկեց «Առողջ ապրելակերպ» մարզական փառատոնը, որին մասնակցում են յոթական մարզիկներից կազմված մեկական թիմեր’ Ստեփանակերտից ու շրջաններից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մրցաշարի գլխավոր քարտուղար Գայանե Մելքումյանը, մեծահասակներից կազմված թիմերը միմյանց հետ կպայքարեն 16 կգ կշռաքարի բարձրացում, հեռացատկ տեղից, ձգումներ պտտաձողից, փոխանցումավազք, պարանի ձգում, բազկամարտ եւ մինի ֆուտբոլ մրցաձեւերում: Գ. Մելքումյանի խոսքով’ մրցանակային տեղերը կորոշվեն բոլոր յոթ մարզաձեւերից ձեռք բերած միավորների հանրագումարով:

Երկօրյա մրցապայքարից հետո առաջինից-երրորդ տեղերը գրաված թիմերը ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի կողմից կպարգեւատրվեն դիպլոմներով եւ դրամական պարգեւներով: Մրցաշարի գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ’ պարգեւներ են նախատեսված նաեւ անհատական կարգերում իրենց լավագույնը դրսեւորած մարզիկների համար:

 

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply