Լրանում են ջավախահայության չարաբաստիկ «90 օրերը»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2011 12:07

Այսօր` հունիսի 13-ի առավոտյան, ՀՀ ՊԵԿ-ի Շիրակի տարածաշրջանային «Բավրա» սահմանային անցակետի աշխատակիցները Ջավախքի բնակիչ, Վրաստանի քաղաքացիություն ունեցող Ս. Շահինյանին արգելել են սեփական մեքենայով մտնել ՀՀ տարածք: Պատճառաբանությունը հետևյալն է. «Ապ ջան քո` սեփական մեքենայով ՀՀ-ում գտնվելու առավելագույն տարեկան ժակետը` 90 օրը, արդեն լրացել է, կամ գնա անձնագիրդ փոխի, կամ գնա ավտոդ մեկ ուրիշին «գենդավերնոստով» տուր, թող նա գա` դու էլ կողքը նստած, հիմա հետ դարձիր»:

ՀՀ ՊԵԿ-ի` տարեսկզբին ընդունած որոշման մասին, որով այլ երկրի քաղաքացիները, այս դեպքում նաև` Ջավախքի բնակչությունը, սեփական մեքենայով ՀՀ տարածքում կարող են գտնվել տարեկան առավելագույնը 90 օր, իսկ յուրաքանչյուր ՀՀ մուտք  գործելուց ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 15 օր, բազմիցս անդրադարձել ենք:

Վերջերս հանրային հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի տեղակալ Ա. Ալավերդյանն այս դժգոհությանը արձագանքեց` նշելով, որ «կյանքը սառած երևույթ չէ, մենք եթե տեսանք, որ այդ 90 օրը մարդկանց մոտ դժգոհություններ կառաջացնի, կվերանայենք մեր մոտեցումները»: Նշենք, որ այսօրվա դեպքը նախակարապետն է Ջավախք-ՀՀ հետագա անջրպետի հետագա խորացման:

Որ այս որոշումը ոչ միայն ջավախահայությանը բարոյազրկելու, ՀՀ-ից մեկուսացնելու անպատասխանատու քայլ էր, այլև` ՀՀ-ի տնտեսությանը մեծ վնաս, նույնպես անդրադարձել ենք: Քանի որ բացատրություն ուղղակի չկա այն հարցին, թե ինչ վնաս պետք է հասցնի ՀՀ-ի տարածքին այն օտարերկրացին (ջավաքցին), որն իր սեփական մեքենայով կուզենար իր մեկանգամյա մուտքով մնար ՀՀ-ում ոչ թե 15, այլ` 35 օր կամ տարվա կտրվածքով, օրինակ, 90-ի փոխարեն 100 օր: Իսկ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն արդարանում են, թե մենք հարցը լուծել ենք. որոշակի «շերտի» մարդիկ, ովքեր ցույց կտան աշխատանքային պայմանագրեր, ուսանողական տոմսեր և այլն, վերջիններս կարող են ավելի երկար մնալ ՀՀ-ում: Արդեն նշեցինք, որ ենթադրենք մարդ «ոչ մի բան է», տուրիստ է կամ պարզապես ՀՀ-ում է, հետևաբար` փող է ծախսում, ի՞նչ վնաս: Ինչո՞ւ է հայրենի կառավարությունն ստեղծում սատանա, հետո սկսում պայքարել դրա դեմ, իսկ ջավախահայությանը` ՀՀ թույլատրելու համար, ստիպված լինում վերջիններիս ենթարկելու կաստայական շերտավորման:

Հարցն առավել մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում հետևյալը. ջավախահայթյունն, ինչպես արցախյան գոյապայքարում և հաղթանակում, այնպես էլ` հայոց երիտասարդ հանրապետության հիմնադրման ու կայացման գործընթացում իր անփոխարինելի լուման ունի` առավել, քան կառավարության մեջ ներկայումս իրերի բերումով գտնվող ներկայացուցիչների ծանրակշիռ մասը: Իսկ այն պարագայում, երբ ՀՀ-ն շրջափակող ջավախքյան նորակառույց ճանապարհներին այսօր զրնգում է թուրք-ադրբեջանական դափ ու զուռնան` հորթի հրճվանքով ծափ զարկելը, ջավախահայությանը մեկուսացնելը և բարոյազրկելը, նշանակում է, նժդեհյան բառերով ասված, լինել “իգացեալ”:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

«Միտք»վերլուծական կենտրոն

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply