Թուրքիայում վերստին հաղթում է էրդողանի կուսակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 13, 2011 8:45

Կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ հնարավորություն տալով Էրդողանին երրորդ անգամ անընդմեջ ձեւավորել երկրի կառավարությունը:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես, ձայների մոտ 99 տոկոսի հաշվարկման արդյունքում Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը ստացել է քվեների հիսուն տոկոսից ավելին, ինչը կուսակցության համար ապահովում է 326 տեղ՝ 550 պատգամավոր ունեցող խորհրդարանում:

Չնայած տպավորիչ հաղթանակին, այդուամենայնիվ,  իշխող կուսակցությանը չի հաջողվել գերազանցել նախորդ ընտրությունների ցուցանիշը եւ բավարար թվով ձայներ ստանալ՝ երկրի սահմանադրությունը միանձնյա փոփոխելու համար: Քվեների նախնական արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Էրդողանը խոստացել է այս հարցում համագործակցել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ:

«Ժողովուրդը մեզ ուղերձ հղեց առ այն, որ մենք պետք է սահմանադրությունը բարեփոխենք բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Իշխող կուսակցությունից բացի Ազգային մեծ ժողովում աշխատելու իրավունք են ստացել նաեւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 26 տոկոս, եւ «Ազգային շարժում»  կուսակցությունը՝ ավելի քան 13 տոկոս ձայներով:

“Ազատություն”

 

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply