Թուրքիայում ավարտվեցին ընտրությունները. Նախնական արդյունքները զարմացնում են
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 13, 2011 0:47
Թուրքիայի բոլոր նահանգներում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները:
Նախ`32 նահանգներում էր ավարտվել, որից մեկ ժամ հետո փակվեցին նաեւ մյուս նահանգների ընտրատեղամասերը:
Թուրքական Milliyet-ը տեղեկացնում է, որ նախնական արդյունքները ապշեցնում են, սակայն հենվելով օրենքի վրա, դեռ տեղեկատվություն չի ներկայացնում:
Նախնական տեղեկություններով` արեւելյան նահանգներում, որտեղ ընտրությունները մեկ ժամ շուտ էին սկսել, վստահ հաղթանակ են տանում քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության անկախ թեկնածուները: Թուրքիայի հարավ-արեւելյան մի շարք բնակավայրերում իշխող կուսակցությունը ստացել է 0 ձայն:
Կարսի նահանգում 850 քվեատուփերից արդեն բացվել է 179-ը, որոնց արդյունքներով այնտեղ առաջատարը Էրդողանի կուսակցությունն է, որին հետեւում է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը: Քրդական կուսակցության անկախ թեկնածուն եւս մեծ թվով ձայներ է հավաքել եւ հավանաբար նա էլ կանցնի խորհրդարան:
Արդեն բացվել է քվեատուփերի 22 տոկոսը: Ընտրությունների արդյունքների մասին ամբողջական տեղեկություններ կթույլատրվի Անկարայի ժամանակով 21:00-ից (Երեւանի ժամանակով` 23:00) հետո:
Այն տեղամասում, որտեղ քվեարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը իշխող կուսակցությանը զիջել է ընդամենը 38 ձայնով: Այն տեղամսում, որտեղ քվերակել է ԺՀԿ-ի նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը, Էրդողանի կուսակցության քվեները կազմել են ԺՀԿ-ի քվեների 40 տոկոսը:
Նշենք, որ ընտրությունների ընթացքում 1 հոգի մահացել է քվեատուփի մոտ` սրտի կաթվածից: Ընտրությունների ընթացքում ձերբակալվել են մի շարք անձիք, որոնց մոտ հայտնաբերվել են տարբեր կուսակցությունների օգտին քվեարկած կեղծ քվեաթերթիկներ:
Թուրքիայի մի քանի գյուղեր ընդհանրապես չեն գնացել ընտրության` բողոքելով, որ իշխանությունը չի կատարել իր տված խոստումները:
Կան տեղեկություններ` տարբեր վայրերում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց դեմ ոտնձգությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 50 մլն 189 հազար 930 քաղաքացի, ովքեր իրենց ընտրությունը կարող են կատարել 199 հազար 207 տեղամասերում։
Թուրքիայի խորհրդարանի 550 տեղի համար պայքարում են 15 կուսակցություն եւ անկախ թեկնածուներ։ Ներկայացված են պատգամավորության 7 հազար 660 թեկնածու, որոնցից 203-ն անկախ թեկնածուներ են։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
