“Կինոտավրոսում” հաղթեց “անցյալի ֆիլմը”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 12, 2011 15:50

Սոչիում XXII ռուսաստանյան “Կինոտավրոս” փառատոնի փակման արարողության ժամանակ պարգևներ տրվեցին հիմնական մրցութային ծրագրի հաղթողներին: Հեղինակային ֆիլմի հերթական գրանպրին շնորհվեց Օլեգ Ֆլյանգոլցի “Անտարբերություն” ֆիլմին, որը նկարահանվել է ավելի քան 20 տարվա ընթացքում:

Ինչպես նշեց այդ ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Ֆյոդոր Բոնդարչուկը, ժյուրիի հավանությանն արժանացավ ոչ միայն ռեժիսորի աշխատանքը, այլև  առհասարակ անցյալ դարավերջի կինոն: “Դա տուրք է այն մոդելներին, երազանքներին, որոնցով ապրում էին 90-ական թթ. վերջի կինեմատոգրաֆիստները, որոնք հիմա ընկալվում են արցունքներով, և որոնք շատերը կաուզենային ապրել ավելի ուշ արվեստի կյանքում”,- նշել է Բոնդարչուկը:

Շատ հարցեր առաջացրեց այն փաստը, որ կինոնկարը` Բոնդարչուկի մասնակցությամբ, ով գլխավորում է “Կինոտավրոսի” Հոգաբարձուների խորհուրդը, հայտնվել է կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ինքը` Բոնդարչուկը դա այսպես մեկնաբանեց. “Ես այն տղային, մի կողմից,  նայում եմ արդեն հեռավորությունից, բայց և այն ուրախությամբ, որ նրանից շատ բան է մնացել”:

Փառատոնի փակմանը հայտարարվեցին նաև հատուկ մրցանակներ ստացածների անունները: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը տրվեց Բակուր Բակուրաձեին, որ մրցույթին ներկայացրել է իր նոր աշխատանքը` “Որսորդը”. այն արժանացել է նաև կինոգետների և կինոքննադատների գիլդիայի պարգևին: Կինոգետների և կինոքննադատների դիպլոմին արժանացավ նաև ռեժիսոր Վիտալի Մանսկին, որ փառատոնում ներկայացրել է Կուբայում նկարահանված “Հայրենիք կամ մահ” կինոնկարը:  Լավագույն դեբյուտի մրցանակը հիմնական մրցույթի ժյուրին շնորհեց ռեժիսոր և սցենարիստ Կոնստանտին Բուսլովի “Բաբլո” ֆիլմին: Լավագույն տղամարդու և կնոջ դերի համար մրցանակները շնորհվեցին Կոնստանտին Յուշկևիչին  Վիկտոր Շամիրովի “Գեղեցիկի վարժություններ” ֆիլմում խաղացած դերի համար և Տատյանա Շապոլովային Բակուրաձեի “Որսորդ”  ֆիլմում  խաղացած գլխավոր հերոսի դերի համար: Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը շնորհվեց Իբեն Բուլլին ռեժիսոր Անգելինա Նիկոնովայի “Դիմանկար մթնշաղում” ֆիլմի համար:

Գրիգորի Գորինի անվան հատուկ մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց “Գեղեցիկի վարժություններ” ֆիլմի սցենարական խմբին, որի կազմում են Վիկտոր Շամիրովը, Գոշա Կուցենկոն, Կոնստանտին Յուշկևիչը: Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակին լավագույն երաժշտության համար արժանացավ ռեժիսորներ Դմիտրի Պովոլոցկու և Մարկ Դրուգոյի “Իմ հայր Բարիշնիկով” ֆիլմի երաժշտության հեղինակը:

Ինչպես հայտնեցին փառատոնի տնօրինությունում, հաջորդ կինոհամաժողովը դարձյալ տեղի կունենա Սոչիում: Պարզ չէ սակայն, թե որտեղ են տեղավորվելու “Կինոտավրոս 2012”-ի մասնակիցներն ու հյուրերը. “Ժեմչուժինա” հյուրանոցը, որտեղ ավելի քան 20 տարի տեղի են ունեցել փառատոնի հիմնական իրադարձությունները, փակվելու է վերակառուցման նպատակով: Փառատոնի նախագահի խոսքով` 2013-ին Սոչիում կառուցվելու է ժամանակակից մուլտիմեդիայի կենտրոն, որն էլ հարթակ կդառնա “Կինոտավրոսի” համար:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply