ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնի հավակնորդներից մնացել են երկուսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 12, 2011 13:09
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի պաշտոնին հավակնում է ընդամենը երկու հոգի` Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կրիստին Լագարդը և Մեքսիկայի կենտրոնական բանկի ղեկավար Ագուստին Կարսենսը: Այս մասին շաբաթ օրը հաղորդեց “Ֆրանս պրես” գործակալությունը:
Հավակնորդների ցուցակը կրճատվեց, երբ Ղազախստանի ԿԲ նախագահ Գրիգորի Մարչենկոն և ՀԱՀ-ի ֆինանսների նախարար Թրեվոր Մանուելը ինքնահրաժարական տվեցին: “Շատ թե քիչ ակնհայտ է, որ կընտրեն Կրիստին Լագարդին: Քչերը նման որակավորում ունեն: Բայց այս դեպքում խոսքը մրցակցության հավասար պայմանների մասին չէ, սա քաղաքականություն է: Կարծում եմ` քաղաքական որոշումն արդեն կայացված է”,- ասել է Մարչենկոն CNN-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ԲՐԻԿՍ խումբը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) մտահոգություն էր հայտնել, որ եվրոպական լիդերները հրաժարվում են քննարկել ոչ եվրոպացու թեկնածությունը հիմնադրամի ղեկավարի պաշտոնի համար: Հինգ պետությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չհայտարարված պայմանավորվածությունը, որ այդ հաստատության ղեկավար պիտի լինի եվրոպացի, “չի համապատասխանում կազմակերպության կանոններին ու սկզբունքներին”: Այսուհանդերձ, մայիսի վերջին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ֆրանսուհի Լագարդի թեկնածությունը “միանգամայն ընդունելի” համարեց:
Ինչպես բացատրում է գործակալությունը, թեկնածուների պաշտոնական առաջադրումն ավարտվում է հունիսի 10-ի գիշերը` ըստ Վաշինգտոնի ժամանակի (մեր ժամանակով` հունիսի 11-ի 9:00-ին): Ենթադրվում է, որ ԱՄՀ-ի նոր ղեկավարը կընտրվի 2011 թ. հոինիսի 30-ին:
ԱՄՀ-ի նոր ղեկավարի ընտրության անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը հրաժարական տվեց: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ԱՄՆ-ն նրան մեղադրեց բռնաբարության փորձի մեջ և տնային կալանքի ենթարկեց:






Facebook
Tweet This
Email This Post
