Սյունիքում զինծառայողներով լի ՈՒԱԶ-ը շրջվել է. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2011 15:11
Հունիսի 10-ին ժամը 15:45-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Սիսիանի բաժին եւ հայտնել, որ Սյունիքի մարզի Գոռ-Հայք գյուղի տարածքում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիականության Սիսիանի բաժնի աշխատակիցները, որոնք պարզել են, որ նույն օրը ժամը 15:40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 176-րդ կմ-ում ՊՆ ժամկետային զինծառայող 20-ամյա Գուրգեն Արեյանն ՈՒԱԶ-469 մակնիշի ՊՆ-01416 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Վթարի հետեւանքով, Գուրգեն Արեյանը, ինչպես նաեւ ուղեւորներ` ՊՆ աշխատակիցներ ավագ լեյտենանտ 29-ամյա Սերգեյ Սիմոնյանը, ենթասպա 29-ամյա Արտյոմ Սարգսյանը եւ ավագ լեյտենանտ 34-ամյա Ռուստամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:
Ոստիկանության Սիսիանի բաժնում ստեղծված նյութերն ուղարկվել են ՀՀ ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորի քննչական բաժին:






Facebook
Tweet This
Email This Post
