Արարատի նախկին մարզպետի դեմ քրգործ է հարուցվել. Իսկ նրա որդու գործով մեղադրյալներին, հնարավոր է, համաներմամբ ազատեն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 11, 2011 15:07
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Լուրն այս մասին հաստատեց նաեւ Հովակիմյանը` նշելով, թե իրեն նույնպես նման լուրեր են հասել, սակայն դրանք դեռեւս պաշտոնապես չի ճշտել: Արարատի նախկին մարզպետը նշեց նաեւ, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ գործով կարող է իր դեմ գործ հարուցված լինել եւ խոստացավ որեւէ բան ճշտելու դեպքում հայտնել: Ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, այս գործի հետեւում, հնարավոր է, կանգնած է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում եւ Վ. Հովակիմյանի հարաբերությունները լարված են:
Նշենք, որ նրա 23-ամյա որդու` Վահե Հովակիմյանի մասնակցությամբ անցյալ տարի` 2010 թվականի հունիսի 6-ին Արտաշատի քաղաքային զբոսայգում վիճաբանություն էր տեղի ունեցել: Վիճաբանության մասնակիցները հարվածել էին իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ, ինչից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Վահե Հովակիմյանը գործով որպես տուժող է ճանաչվել, իսկ գործով երեք մեղադրյալների վրա տարածվել է վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված համաներման ակտը. (նրանք մեղադրվում են 258 հոդվածի 3-րդ մասի եւ 314 հոդվածի հատկանիշներով): Վ. Հովակիմյանի փաստաբան Լիանա Գրիգորյանն ասաց, որ գործը Հատուկ քննչական ծառայությունը մոտ 10-15 օր առաջ ուղարկել է Արտաշատի ընդհանուր իրավասության դատարան, դատարանը գործն ընդունել է վարույթ, սակայն նիստի օրվա մասին դեռեւս հայտնի չէ:
«Հնարավոր է, որ մեղադրյալները նախապես շրջեն մեղադրանքը, խնդրեն, որ դատաքննությունը ամեն դեպքում սկսի, նոր միայն դատարանը դատավճիռ կայացնելուն զուգահեռ կիրառել նաեւ համաներման ակտը: Այնպես որ, գործի հետագա ընթացքի մասին որեւէ բան ասել չեմ կարող»,-նշեց փաստաբանը:






Facebook
Tweet This
Email This Post
