Հասմիկ Պողոսյանն առանց որեւէ բացատրության աշխատանքից ազատել է տասնյակ տարիներ գրադարանները ղեկավարած տնօրեններին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 11, 2011 8:01

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքից ազատել է Ազգային գրադարանի եւ Երաժշտական գրադարանի տնօրեններին` առանց որեւէ բացատրության:

Նա անցած շաբաթ ծանուցագրեր է ուղարկել 13 տարի Ազգային գրադարանը ղեկավարած Դավիթ Սարգսյանին եւ Երաժշտական գրադարանի 15 տարվա տնօրեն Գուլիկո Նահատակյանին, եւ տեղեկացրել, որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերն այլեւս չեն շարունակելու: Ըստ այդմ, գրադարանների տնօրեններն աշխատանքի մեջ կգտնվեն մինչեւ սույն թվականի հունիսի 17-ը: Ծանուցագրերն անսպասելի են եղել տնօրենների համար, իսկ աշխատանքից ազատելու մասին պատճառներն` անհայտ:

NEWS.am-ը փորձել է մանրամասներ պարզել այս խճճված պատմությունից եւ զրուցել է ինչպես երկու տնօրենների, այնպես էլ նախարարության ներկայացուցչի հետ: Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլիկո Նահատակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք երբեք որեւէ դիտողություն, նախազգուշացում չեն ստացել. «Ինձ համար շատ զարմանալի է դա, որովհետեւ ոչ մի առիթ չեմ տվել դժգոհելու: Գրադարանը հոյակապ աշխատում է, լավագույն գրադարանների շարքում է, այդ գրադարանը ճանաչում ստացավ իմ կազմակերպված աշխատանքի շնորհիվ»,- ասաց Գուլիկո Նահատակյանը:

Նա փորձել է նախարարի հետ հանդիպել, բայց չի ստացվել, անընդհատ ասել են` հաջորդ օրը, վաղը եւ այլն: Այսօր գրադարանում ժողով են հրավիրել, եւ տնօրենի խոսքով` կոլեկտիվն էլ շատ զայրացած ոտքի է կանգնել. «Չի կարելի ձեռքերը ծալել, նստել, ի վերջո, մարդկանց հետ ենք աշխատում, ամեն մեկը մի ընտանիք է ղեկավարում: Այսպես չենք թողնի, պետք է մի բան նախաձեռնենք»,- ասաց նա: Գուլիկո Նահատակյանը 15 տարի է` ղեկավարում է Երաժշտագիտական գրադարանը, որն իր տեսակի մեջ եզակի է, ըստ որում` եզակի ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ երկրներում:

Ի դեպ, լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ Երաժշտագիտական գրադարանը վաղուց սեփականաշնորհված է: Տնօրենը նշեց, որ ինքը այդ մասին մամուլից է իմացել. «15 տարի պայքարել եմ, որ գրադարանը տարածք ունենա, գրադարանը վերանորոգվի, ոչ մի տեղից ոչ մի պատասխան, անընդհատ ասում են` սպասեք, սպասեք: Այս տարի պետք է վերանորոգեին, ոգեւորված սպասում էինք, բայց դադարեցվեց»,- ասաց Գուլիկո Նահատակյանը: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար եւս նախարարի ծանուցումը անսպասելի էր, իսկ իրեն աշխատանքից ազատելու մասին որոշման պատճառներն` անհայտ: Նրա խոսքով, ծանուցումը գրված էր իրավաբանորեն բավական անգրագետ, որպես վերնագիր գրված էր` «Ծանուցում աշխատանքից ազատելու մասին»: «Ես իրենց լավ չեմ հասկանում այս վերջին երեք տարիներին, աշխատանքի մեջ բնականաբար, տարակարծություններ լինում են, բայց ոչ այն աստիճան, որ առանց պատճառաբանության ազատեն աշխատանքից»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Սարգսյանը: Ըստ որում` ծանուցումը ստանալուց մի շաբաթ առաջ նա հանդիպել էր նախարարի հետ, հետագայում պարզվել է, որ ծանուցումը Հասմիկ Պողոսյանը ստորագրել է հենց հանդիպումից մեկ օր առաջ: «Ո՞րն է իմ մեղքը, որ գրադարանը ավերակներից դարձավ միջազգային ճանաչում ունեցող գրադարա՞ն: Իր աշխատանքից ամբողջ հասարակությունը գոհ է, իմից ինքը դժգո՞հ է»,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը: Դավիթ Սարգսյանը տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո շարունակելու է ստեղծագործել, իր իսկ խոսքով` մեր նախարարների մասին կգրի:

NEWS.am-ը զանգահարեց նաեւ Մշակույթի նախարարության գրադարանների վարչություն, կադրերի բաժին, հասարակայնության հետ կապերի բաժին, բայց այդպես էլ չնշվեց տնօրեններին աշխատանքից ազատելու պատճառները: Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրանց ծանուցագրեր է ուղարկվել աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանալու հետ կապված, իսկ թե որն է պատճառը նրանց հետ աշխատանքային պայմանագիրը չշարունակելու համար, նա չնշեց:

 

NEWS.am

 

Դիտվել է 2428 անգամ:
Print Friendly

Leave a Reply