Քարկոծված Էրդողանն ու «սեքս կասետներով» թուրք ազգայնականներն ընտրությունների շեմին
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | June 11, 2011 7:23
Թուրքիայում հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն իրենց վրա են սեւեռել միջազգային հանրության ուշադրությունը։ Արաբական երկրներում 2011 թվականից սկսած հեղափոխությունների ալիքն ու հիշյալ տարածաշրջանում սպասվող զարգացումների ֆոնին մեծացել է ուշադրությանը Թուրքիայի ընտրությունների նկատմամբ։
Տեղի ունեցած բազմաթիվ հետզոտություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ նոր խորհրդարանը կհյուրընկալի ներկայիս խորհրդարանական կուսակցություններին, սակայն զբաղեցրած տեղերի քանակի տարբերությամբ։ 3 կուսակցություններ խորհրդարան կմտնեն համամասնական ընտրակարգով, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը՝ անկախ թեկնածուներով։ Քրդական կուսակցության վարկանիշը տատանվում է 6-7 տոկոսի շրջանակում, որն ըստ Թուրքիայի ընտրական օրենսգրքի թույլ չի տալիս մտնել խորհրդարան՝ 10 տոկոս ընտրական շեմ ունենալու պատճառով։ Քրդական կուսակցության որդեգրած քաղաքականությունն է՝ անկախ թեկնածուներով մտնել խորհրդարան եւ կազմել խորհրդարանական խմբակցություն։ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»-ը հանդիսանում է 2009-ի դեկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության հաջորդողը։
Այս ընտրություններին քրդական կուսակցությունը հավակնում է ավելի շատ տեղեր գրավել, քանի որ քուրդ ընտրողների մի մասը, ովքեր հավատում էին Էրդողանի խոստումներին, արդեն երես են թեքել նրանից եւ ձայնը տալու են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։ Քրդական կուսակցությունը հավակնում է ստանալ նաեւ խորհրդարանական մյուս 3 կուսակցություններից դժգոհ Թուրքիայի քաղաքացիների մի փոքր հատվածի քվեն, որոնց զգալի մասն ունեն ձախ հայացքներ։ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն ընտրություններից մի քանի ամիս առաջ ցույց տվեց իր ուժը։ Այն ժամանակ Թուրքիայի ընտրական բարձրագույն խորհուրդը վետո էր դրել ԽԺԿ-ի պատգամավորության թեկնածուների առաջադրման վրա։ Քրդերը կարողացան այնպիսի քաոս ու անկարգություններ ստեղծել Թուրքիայում, որ Բարձրագույն ընտրական խորհուրդն ստիպված վերանայեց իր որոշումն ու չեղյալ հայտարարեց վետոն։
Ընտրություններին բավականին ծանր վիճակով է գնում «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը։ Բավական չէր, որ Էրդողանի սկսած ազգայնամոլական քաղաքականության հետեւանքով MHP-ն ձայների լուրջ կորուստ էր ունեցել, դրան ավելացան վերջին ամսվա մեջ օրակարգում հայտնված եւ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի անդամների գաղտնի սեռական տեսագրությունները, որոնք թուրք հանրությանը մատուցվեցին ազգայնականների «սեքս կասետներ» անվան տակ։ Իրենց իրական ազգայնականներ կոչող «Տարբեր իդեալիստներ»-ի կայքում նախ պահանջ ներկայացվեց կոնկրետ անձանց՝ հրաժարական տալ, սակայն կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի կողմից մերժում ստանալով նրանք անցան գործողության եւ ինտերնետում հայտնվեց այդ մարդկանց մասնկացությամբ սեռական բնույթի գաղտնի նկարահանած տեսագրությունները։ Սրա հետեւանքով հրաժարական տվեց 10 ազգայնական, այդ թվում MHP-ի փոխնախագահը։ MHP-ի համար սառը ցնցուղ էր նաեւ այն, որ կուսակցության 2 շրջանային կառույցներ ամբողջ կազմով հրաժարական տվեցին եւ անցան քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության շարքերը։ «Ազգայնական շարժում» կուսակցության միակ մխիթարանքն այն էր, որ վերջինիս հաջողվեց 16 տարի անց քրդաբնակ Դիարբեքիրում նախընտրական հանրահավաք անցկացնել։ Այս համատեքստում ուշադրության էր արժանի այն, որ միտինգից առաջ PKK-ն դիարբեքիցիներին կոչ էր արել չտապալել միտինգն ու քաոս չստեղծել։ Թուրքիայում այս կոչը բավականին տարօրինակ թվաց, քանի որ այն ուղղակի աջակցություն էր ազգայնականներին։ Բահչելին հենց Դիարբեքիրում ասաց այն, ինչ ասում էր Անկարայում, քննադատեց PKK-ին, սակայն քննադատության մեջ չհիշատակեց քրդական ԽԺԿ-ին։ Այս հանգամանքը որոշ վերլուծաբանների ստիպեց կասկածել, որ ԽԺԿ-ին ձեռնատու չի լինի, որ MHP-ն դուրս մնա խորհրդարանից, քանի որ դրա արդյունքում Էրդողանն ավելի շատ ձայն կստանա՝ դառնալով խորհրդարանի լիարժեք տերը։
Քաղաքական նոր թիմով եւ նոր գաղափարներով է գնում ընտրության Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը: Այս կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալն ուղիղ մեկ տարի առաջ ինտերնետում հայտնված սեռական սկանդալային տեսագրության պատճառով հրաժարական տվեց: Կուսակցության համագումարում ձայների բացարձակ մեծամասնությամբ կուսակցության նախագահ դարձավ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Քըլըչդարօղլուին հաջողվում է ԺՀԿ-ի թողած բացասական տպավորությունները կրճատել: Հետարքրիր էր, որ Քըլըչդարօղլուն նախ կուսակցության ղեկավար խորհրդի կազմից դուրս թողեց կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենին, ում արած մի արտահայտություն Դերսիմի կոտորածների հետ կապված առիթ տվեց նրան «ֆաշիստ» պիտակը կպցնել: Կարեւոր քայլերից մեկն էլ նաեւ սկանդալային կին պատգամավոր Ջանան Առըթմանին ընտրացուցակից դուրս թողնելն էր: Թե Օնուր Օյմենը, թե Ջանան Առըթմանը հայտնի են որպես երդվյալ հակահայ գործիչներ: Հենց Ջանան Առըթմանն էր հայտարարել, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մայրը հայ է` նրան վիրավորելու նպատակով:
Նորացված «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նոր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի շուքով մուտքը կուսակցության ղեկավարի պաշտոնին եւ նրա աճող հեղինակությունը չէր կարող չանհանգստացնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Երբ թուրքական մամուլն ու հեռուստատեսությունները ողողված էին նրա` ԺՀԿ-ի առաջնորդ ընտրվելու մասին պատմող լուրերով, Էրդողանը խանդով հայտարարեց, թե թերթերի առաջին էջերով քաղաքականություն եկածն այդպես էլ արագ կանհետանա: Սակայն մեկ տարի անց Քեմալ Քըլըչդարօղլուի հեղինակությունը չի նվազել, այլ ավելի է բարձրացել: Այս պայմաններում գործի են անցնում մարդուն վիրավորելու թուրքական տարբերակները: Քըլըչդարօղլուի` կուսակցության նախագահ ընտրվելուց շատ չանցած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը մի հաղորդման ժամանակ սկսեց պատմել Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին` պնդելով, որ նրա մայրը հայ է, իսկ Քըլըչդարօղլուն չպետք է թաքցնի այն: Անկարայի քաղաքապետի ելույթը կառուցված էր լրիվ հեգնանքի վրա, որը ոչ այլ ինչ էր, քան վիրավորանք հասցնել Քըլըչդարօղլուին: Ավելին, ընտրություններից ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանում է հայտնվում` «Դերսիմցի հայուհի Յեմուշի որդի ինժեներ Քեմալը» գիրքը, որտեղ վիրավորական համատեքստում է ներկայացվում է հայ լինելը եւ Քըլըչդարօղլուի կապերը քրդական PKK-ի հետ: Հատկանշական է, որ գրքի տպագրման ամսաթիվը փետրվարի 20-ն է, սակայն այն աննկարագրելի արագությամբ հաջորդ օրը հայտնվեց Թուրքիայի խորհրդարանում։ Մեկ փաստ եւս՝ գիրքը տպագրվել է Անկարայի համար ռեկորդային համարվող 100 հազար տպաքանակով:
Տարբեր ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում` այս ընտրություններում եւս միանձնյա հաղթողի շանսեր ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ընտրությունների շեմին փոքր ինչ նյարդայնացած է: Ավելի ճիշտ` նյարդայնացած է նրա առաջնորդը` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Չափավոր իսլամիստի եւ պահպանողական ժողովրդավարության համբավ ձեռք բերած Էրդողանի քաղաքականությունը վերջին 2 տարվա մեջ շեշտակի փոփոխության է ենթարկվել` վերածվելով նաեւ ազգայնամոլական քաղաքականության: Էրդողանի առաջ քաշած ժողովրդավարացման նախաձեռնությունը, որի գլխավոր կետերից էր քրդական եւ հայկական հարցերի կարգավորումը, լիովին տապալվեց հենց իր` Էրդողանի ջանքերի շնորհիվ: «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը ժողովրդավարացման նախաձեռնության տապալումով ցույց տվեց, որ դեռ վաղ է խոսել Թուրքիայում քրդական եւ հայկական հարցերի կարգավորման մասին: Էրդողանի կողմից ազգայնականներին ուղղված մի ուղերձ էր` Կարսի Մարդկության հուշարձանը «հրեշավոր» անվանելը եւ այն քանդել տալը: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Թուրքիայում ԱԶԿ-ի իշխանության տարիներին աճել են թշնամական վերաբերմունքը ոչ մահմեդականների` հատկապես` հայերի եւ հրեաների նկատմամբ: Օրինակ` մի ուսումնասիրության համաձայն` թուրքերի 74 տոկոսը բացասական է վերաբերվում հայերին, իսկ ամենատարօրինակն այն է, որ ամենաշատը հայերին չեն սիրում համալսարանական կրթություն ստացած թուրքերը: Ստամբուլահայերի շրջանում անցկացված մասնավոր հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի իշխանության օրոք հայ համայնքի նյութական վիճակի բարելավում է տեղի ունեցել, սակայն մեծացել է ճնշում հայ ինքնության վրա: Այսինքն` այնպիսի պայմաններն են ստեղծվում, որպեսզի քաղաքացին ինքնակամ հրաժարվի հայ լինելն արտահայտելուց, քանի որ ճնշման եւ հետապնդման է ենթարկվում, թե աշխատանքի վայրում, թե թաղամասում:
Էրդողանի համար շատ կարեւոր է մեծ թվով պատգամավոր մտցնել խորհրդարան, քանի որ առաջնային նպատակներից է` նոր Սահմանադրության ստեղծումն ու անցկացումը, որի համար 550 հոգանոց խորհրդարանում Էրդողանին անհրաժեշտ է ունենալ 367 կողմնակից: Սակայն այս թիվը դժվար թե հաջողվի ապահովել, մանավանդ հաշվի առնելով Էրդողանի նախընտրական հանրահավաքների ակտիվությունը: Իսկ արդեն ընտրություններից 12 օր առաջ Հոպա քաղաքում Էրդողանի միտինգը պարզապես տապալվեց` քաղաքացիների բողոքի գործողությունների հետեւանքով: Իսկ մի քանի խմբեր համաձակություն էին ունեցել քարերով հարվածել Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ: Իր քինախնդրությամբ հայտնի Էրդողանը չէր կարող ներել այն, որ իր դեմ հնարավոր է բողոքել` Հոպայում ոստիկանական տեռոր սկսեց` հասարական քաղաքացիների վրա բարդելով «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքը, իսկ նրանց գործերը հանձնվեցին Էրզրումի հատուկ իրավասությունների գծով դատարան: Ընտրարշավի վերջում նման անփառունակ միտինգն Էրդողանի համար ընտրություններում լավ բան չի վկայում:
Այսպես` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2007-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքել էր 46,5 տոկոս` խորհրդարան բերելով 341 պատգամավոր: «Ժողովրդա-հանրապետական»-ը` 21 տոկոս` 112 պատգամավոր, «Ազգայնական շարժումը` 14,3 տոկոս` 71 պատգամավոր եւ 26 անկախ պատգամավորներ, որոնց հիմնական մասը քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամներն էին, ովքեր ստեղծեցին խորհրդանական խմբակցություն: Սակայն ներկա խորհրդարանում 10 պատգամավոր տարբեր պատճառներով հրաժարվել է, եւ խորհրդանում եղել է 540 պատգամավոր:
Սոցհարցումների համաձայն`ներկայումս ԱԶԿ-ի վարկանիշը նույնն է` 45-49-ի միջակայքում, ԺՀԿ-ի վականիշը բարձրացել է 26-30-ի միջակայքում, իսկ ԱՇԿ-ի վարկանիշը իջել է` տատանվելով 9-11-ի սահմաններում: Քրդական ԽԺԿ-ն եւս ավելի շատ անկախ պատգամավորներով ներկայացված կլինի խորհրդարանում` մոտ 30 պատգամավոր:
Անդրանիկ Իսպիրյան
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
