ՌԱՀՀԿ-ը քննարկեց Հայաստանի տնտեսության ներկա զարգացումները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 18:43

ՀՀ տնտեսության զարգացման ներկա միտումների, մարտահրավերների ու հեռանկարների վերլուծությանն էր նվիրված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկումը:

 

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ եւ լրագրողներ:

 

Ողջույնի խոսքով քննարկումը բացեց եւ մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: «Գրեթե բոլոր մեր ցավոտ խնդիրները` արտագաղթ, գնաճ, ժողովրդի ցածր կենսամակարդակ եւ այլն, ածանցվում են տնտեսության անմխիթարական վիճակից: Այդ հարցերի շուրջ էլ, կարծում եմ, կծավալվի այսօրվա մեր քննարկումը»,- ասաց Կալենչյանը:

 

Համապարփակ իր զեկույցում Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը նկարագրեց եւ նրա զարգացման ուղիների սեփական տեսլականը ներկայացրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Անդրադառնալով ոլորտի իրական պատկերը, որպես կանոն, խեղաթյուրող պաշտոնական վիճակագրության տվյալներին կամ իր արտահայտությամբ` «գեղանկարչությանը», զեկուցողը համոզմունք հայտնեց, որ մեզանում տնտեսական զարգացման ռազմավարությունը տակավին ձեւավորված չէ:

 

«Գիտությունը, որը Սփյուռքի հետ միասին մեր մրցակցային առավելություններից մեկն է համարվում, գրեթե սպառել է տնտեսական առաջընթացի խթանիչի իր գործառույթը: Բավական է ասել, որ գիտության բյուջետային հատկացումներն ընդամենը 1 մլրդ դրամ են կազմում կամ ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ պակաս են, ինչի պարագայում գիտելիքահենք տնտեսության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Մանասերյանը` մտահոգություն հայտնելով նաեւ համախառն արտաքին պարտքի սպասարկման առումով, որն, ըստ նրա, ընդհուպ մոտեցել է ՀՆԱ-ի 50 տոկոսի վտանգավոր սանդղակին:

 

Տնտեսագետը ելքը տեսնում է մասնավորապես իրավունք-պատասխանատվություն հավասարակշռությունը ոլորտում վերականգնելու, «Նվազագույն կենսապահովման զամբյուղի մասին», «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների պահանջները կյանքի կոչելու, հարկային եւ մաքսային քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու մեջ: Միեւնույն ժամանակ հակաճգնաժամային առաջարկների իր փաթեթում նա կարեւորում է հողի չօգտագործման պրոգրեսիվ հարկի կիրառումը, սուբսիդավորման ձեւով ոռոգման ջրի անվճար տրամադրումը գյուղացուն, գյուղմթերքի շուկաներում գների խիստ վերահսկողության սահմանումը եւ այլն:

 

Քննարկման ընթացքում եւ ավարտին հնչած հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Նոյյան տապան» լրատվական գործակալության մեկնաբան Դավիթ Պետրոսյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, տնտեսագետ Սեյրան Մինասյանը, «ԱրմԻնֆո» գործակալության տնօրեն Էմանուել Մկրտչյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը եւ ուրիշներ:

 

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

 

Դիտվել է 1736 անգամ:
Print Friendly

Leave a Reply