Վարչապետն ընդունել է Միրոսլավ Լայչակին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 18:01
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ, տնօրեն Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում` վարչապետը շնորհավորել է Միրոսլավ Լայչակին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները:
Միրոսլավ Լայչակը, շնորհակալության հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումը, Հարևանության քաղաքականության իրականացումը՝ շեշտելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած այցը եղել է արդյունավետ և տպավորիչ:
Զրուցակիցներն անդրադարձել են Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքին, ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի իրականացման մանրամասներին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, քաղաքացիական հասարակության դերի կարևորությանը, Հայաստանում ընթացող կառուցվածքային բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, միջին խավի ձևավորմանը, ինչպես նաև անցագրային ռեժիմի պարզեցման հարցերին:






Facebook
Tweet This
Email This Post
