«Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 10-17-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 10, 2011 16:39

Հուլիսի 10-17 Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնը: Փառատոնը կբացվի պարսիկ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով, որը 2010թ. Կաննի փառատոնում մրցանակների բերքահավաք է արել. գլխավոր դերում Ժուլիետ Բինոշ: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց  «Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արայիկ Խանջյանը:

«Մենք այս ֆիլն ուզում էինք նախորդ տարի բերել, սակայն ռեժիսորի զբաղվածության պատճառով` չստացվեց,- ասաց նա,- այս տարի երկուսն էլ կգան»:

«Հնարավո՞ր է որ Բինոշն էլ գա` լինի երեքը մեկում»,- լսվեց դահլիճում:

Պարզվեց` ամառվա երեք ամիսները միջազգային կարգի դերասանուհիների համար տարվա ամենազբաղված ամիսներն են, այդ իսկ պատճառով Բինոշն իր ներկայությամբ չի «երջանկացնի» Երևանը:

Այս տարի գրանցվել է փառատոնին մասնակցության ռեկորդային աճ. ստացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 45 երկիր ներկայացնող 150 ֆիլմ: Ինչպես ամեն տարի` այս տարի ևս փառատոնը կունենա  ավանդական անվանակարգերը` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև հայկական համայնապատկեր: Այս տարի ավելացել է մեկ անվանակարգ ևս. «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը: Միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի մրցությում կցուցադրվի 11-ական ֆիլմ:

Արայիկ Խանջյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց վավերագրական ֆիլմերի մրցույթին` ափսոսանք հայտնելով, որ այդ ֆիլմերի ցուցադրության ժամանակ դահլիճները սովորաբար կիսադատարկ են լինում:  «Բացի այդ լրագրողները հիմնականում անդրադառնում են խաղարկային ֆիլմերի մրցույթին,- ըմդգծեց նա,- ես այսքան տարի հետևում եմ մամուլին և որևէ լուրջ անդրադարձ չեմ տեսել վավերագրական ֆիլմերի մրցույթին»:

Վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը, ինչպես ամեն տարի` կանցկացվի Տիկնիկային թատրոնի դահլիճում:

Կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ , Բերտրան Տավերնյեին կտրվի փարաջանովյան «Թալեր»:

«Հայացք դրսից» հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների կողմից  նկարահանված ֆիլմերը:

Նկատի ունենալով մասնագետների և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերի հանդեպ` 2011թ. «Ոսկե ծիրանը» կներկայացնի նոր արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից,  Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը:

Փառատոնը փակվելու է Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմով, որը կցուցադրվի 3D ձևաչափով:

 

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply