Կավելանան բանակից զորացրվածների համար պետպատվերի տեղերը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 15:44

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր որոշումներից մեկում 99 տեղ էր հատկացրել բանակից զորակոչվածների մագիստրոսական կրթությունն ապահովելու նպատակով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, խոսքն այն ուսանողների մասին է, ովքեր ավարտել են բակալավրիատը, գնացել բանակ եւ զորացրվելուց հետո ցանկություն ունեն ուսումը շարունակել մագիստրատուրայում: Կարեւոր է այն հանգամանքը, որ պետպատվերից կարող են օգտվել նաեւ այն ուսանողները, որոնք բուհ են ընդունվել վճարովի հիմունքներով:

Բանակից զորացրվածները պետպատվերից օգտվելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 15-ը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրախությամբ նշեց, որ այս որոշումը մեծ արձագանք է գտել ու դրական գնահատվել ՀՀ քաղաքացիների շրջանում: Հենց այդ կապակցությամբ էլ կառավարության ղեկավարն անհրաժեշտ համարեց լրացուցիչ ֆինանսական միջոցների հայթայթումն ու այդ նպատակին ուղղումը:

Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ լրացուցիչ եւս 20-25 տեղ կավելացվեն: Նշենք, որ յուրաքանչյուր ուսանողի համար պետպատվերի միջինացված ծախսը տարեկան մոտ 300 հազար դրամ է կազմում:

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply