Սեւանը մաքրվում է ջրածածկվող անտառներից ու շենք- շինություններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2011 13:04

Հունիսի առաջին 10 օրերի ընթացքում եւս Սեւանի մակարդակը շարունակում է բարձրանալ’ ջրածածկման սպառնալիք ստեղծելով մերձակա անտառային տարածքների, շենք-շինությունների, պոմպակայանների, կոմունիկացիոն գծերի համար: ՀՀ կառավարությունը շարունակում է միջոցներ տրամադրել ջրածածկվող տարածքները շենք-շինություններից եւ ծառերից ու թփերից մաքրելու համար, որպեսզի ապահովվի բարձրացող ջրի մաքրությունը: Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, մաքրման աշխատանքները շարունակվում են, ինչպես ջրածածկված անտառային հատվածներում, այնպես էլ ցամաքում: Կառավարության կողմից հատկացված 122 մլն դրամի հաշվին նախատեսված է մաքրել 283 հա ջրածածկման ենթակա անտառային տարածքներ:

Մաքրման աշխատանքները ջրում իրականացվում են ֆիննական «Վաթերմայստեր» լողացող սարքի եւ նրան աջակցող հատուկ լաստանավի օգնությամբ: Այս սարքավորումները լճում աշխատել են ամբողջ տարվա ընթացքում’ հունվար-մայիս ամիսներին: Աշխատանքների երկրորդ ուղղությունն ընթանում է ցամաքի անտառային այն հատվածներում, որոնք գտնվում են 1900,25 մետր նիշից ներքեւ: «Սեւան» ազգային պարկն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օժանդակությամբ փորձում է հնարավորինս արագ մաքրել ջրածածկվող անտառային տարածքները: Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են որպես վարձատրություն վերցնել ողջ հատված փայտանյութը’ պետբյուջե մուծելով միայն բնավճարը: Մաքրման աշխատանքներն արագացնելու խնդիրը կայանում է նրանում, որ Սեւանն ավելի արագ է բարձրանում, քան կանխատեսվում էր: Նշենք, որ այսօրվա դրությամբ լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900,42 բարձրության վրա, ինչը մոտավորապես արդեն հավասարվում է 1962 թ. հունվարին գրանցված նիշին:

«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Գագիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ’ այս տարվա ընթացքում շարունակվել է Սեւանի ափերի մաքրումը շենք-շինություններից, 1900,25 մետր նիշից ցածր գտնվող տարածքներում: Հաշվառված 528 շարժական կամ անշարժ շենք-շինություններից այսօրվա դրությամբ ապամոնտաժվել եւ տեղափոխվել է 323 շինություն, եւ դեռեւս չքանդված կամ չտեղափոխված է մնում 195-ը: Այժմ ապամոնտաժման փուլում է գտնվում 10 շենք-շինություն:

 

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply