Այսօր մաթեմատիկայի քննության օրն է. քննական մթնոլորտը հանգիստ է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 13:27

Միասնական քննությունների 4-րդ օրը` այսօր,  539 դիմորդներ քննություն են հանձնում մաթեմատիկայից: Քննություն հանձնողների թվով մաթեմատիկան երկրորդ տեղում է. հայոց լեզվից և գրականությունից հետո:

Երևանում ԵՊՀ քննական կենտրոնում քննությանը չէին ներկայացել 133 դիմորդներից 18-ը:

Քննության մեկնարկից առաջ, ըստ կարգի, մի քանի ծնողներ դահլիճ հրավիրվեցին` իրավիճակին ծանոթանալու համար:

Երբ հնչեց «Մի քանի ծնող թող ներս գա» արտահայտությունը, միանգամից մոտ 30-40 ծնողներ ներս խուժեցին դահլիճ/սովորաբար 4-5 ծնող է մտնում/. ի հակադրություն դահլիճում նստած դիմորդների հանգստության ծնողները հուզված էին, ամեն մեկը փորձում էր վերջին անգամ հայացք փոխանակել իր երեխայի հետ: Ամենամյա լարված քննական մթնոլորը, սակայն, տևեց մի քանի րոպե. Քննությունների մեկնարկից 20 րոպե անց էկրանների մոտ հազիվ 15 մարդ կար, որոնցից մի քանիսն էին միայն հետևում էկրանների պատկերներին:

Այսօրվա քննություն հանձնողներից 17-ամյա Հայկի մայրը` տիկին Ռուզաննան  փաստում է,  որ այս տարվա քննական մթնոլորտը շատ հանգիստ է, լարվածություն չկա, քննական թեստերն էլ հեշտ են: Նրա որդին հայոց լեզվից 14 է ստացել, հույս ունեն, որ բարձր գնահատական կստանա նաև մաթեմատիկայից:

Անդրադառնալով բացակայությունների հնարավոր պատճառներին, քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանն ասում է, որ շատ դիմորդներ տեղյակ չլինելով, որ կոնկրետ առարկայի քննությանը մեկ օր է հատկացվում և ողջ հանրապետությունում նույն օրն է տեղի ունենում, դիմում-հայտերում տարբեր` միմյանց հետ կապ չունեցող  առարկաներ են լրացրել` քննությունների միջև մեծ ընդմիջում ունենալու համար:

Նասիբյանն ասում է, որ այս տարվա դիմորդների հետ մի փոքր դժվար է այն առումով, որ ձևաթուղթը լրացնելու կանոններին ծանոթ չեն. նախկինում շրջանավարտները դպրոցներում ծանոթանում էին ձևաթղթին, սովորում, թե ինչպես է պետք ճիշտ լրացնել, որ համակարգչի համար հասկանալի լինի: Տեխնիկական խնդիրը լուծելու համար դիմորդներին լրացման կարգը բացատրելու համար մի փոքր երկար ժամանակ են հատկացնում:

 

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply