Աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33.3 մլն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2011 11:09

Աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33,3 մլն է, իսկ Հայաստանում այս տարվա ապրիլի 30-ի տվյալներով գրանցված է 1040 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 148-ը’ 2010թ-ի ընթացքում: Հիշեցնենք, որ Հայաստանում դեպքերի արձանագրումը հաշվվում է 1988թ-ից սկսած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները’ 747 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպ, իսկ 22 դեպք’ երեխաների մոտ:

Մասնագետների տեղեկացմամբ’ ՄԻԱՎ-ի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ’ 7-15 տարի, կարող է առողջության հետ կապված որեւէ խնդիր չունենալ եւ չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից եւս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել լաբորատոր հետազոտությամբ: ՄԻԱՎ-ի հայտնաբերման ամենամատչելի մեթոդն իմունաֆերմենտային անալիզն է (ԻՖԱ):

Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է օրգանիզմ, իմունային համակարգի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ:

Վարակված լինելու կասկածի դեպքում չափազանց կարեւոր է առաջին 6 ամիսների ընթացքում, քանի դեռ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը, կանխարգելիչ միջոցառումների պահպանումը: Մասնավորապես’ պետք է սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց, իսկ կանանց խորհուրդ է տրվում այդ ընթացքում խուսափել հղիությունից:

Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ենթարկվել ՄԻԱՎ հետազոտության: Դրա վաղ շրջանում ախտորոշումը հնարավորություն է տալիս ՄԻԱՎ վարակով հիվանդին երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը, նաեւ չվարակել հարազատ եւ սիրելի մարդկանց:

ՄԻԱՎ հետազոտություն անցնելու համար հարկավոր է դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն կամ ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատություն:

Բոլոր այդ կառույցներում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն անվճար են:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply