«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր ծրագիր է իրականացնում Արծնի համայնքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 10:54
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ Լոռու մարզի Արծնի համայնքում կառուցվում է գազամատակարարման համակարգ:
«Նպատակ ունենք ոչ միայն թեթեւացնել գյուղացու հոգսը, այլեւ հնարավորություն տալ նրան վարել իր տնտեսությունն ու զարգացնել այն: Համայնքին նոր կյանք հաղորդելու նպատակով օգտագործել եք Հիմնադրամի` Գերմանիայում, Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում գործող մեր գրասենյակների, ինչպես նաեւ Հնդկաստանի կառավարության ներուժը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Ավարտվել է գյուղ մտնող 1,3կմ երկարությամբ միջին ճնշման խողովակաշարի կառուցումը, ընթացքում է 5,5կմ երկարությամբ ցածր ճնշման խողովակաշարի անցկացման աշխատանքները, ինչի շնորհիվ գազ կմատակարարվի գյուղի 95 տնտեսություններին:
Այսօր գյուղն ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ուր տեղակայված են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանն ու հանդիսությունների սրահը: 2010-ին Արծնիի եւ հարեւան Ձորամուտի աշակերտները ստացան դպրոցական պիտույքներ եւ տարբեր ուսումնական պարագաներ: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ գյուղում այս տարի կառուցվել է նաեւ 2,3կմ երկարությամբ ջրագիծ, որի 550 մետրը` «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ գյուղի դպրոցն ու համայնքային կենտրոնը եւս միացել են ջրամատակարարման ընդհանուր ցանցին:
«Անչափ ուրախ ենք, որ մեր գյուղն էլ հայտնվեց ուշադրության կենտրոնում: Չեմ թաքցնի, որ գյուղացիներն արդեն հուսահատության եզրին էին: Գյուղ բերող ճանապարհն էլ այնքան վատ վիճակում է, որ հույս էլ չունեինք, որ մեզ մոտ մի օր բարեկարգման աշխատանքներ կսկսվեն»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
