Սերոբ Տեր-Պողոսյանի` անչափահասների հետ համասեռամոլությամբ զբաղվելու մեղադրանքը հաստատվել է. դատախազություն
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 10, 2011 8:06
ԱԱԾ քննչական վարչության վարույթում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.-Գ. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար, Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար, նրանց անհատույց տվել է մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ:
Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ` օգտագործելով անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը եւ իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ եւ սեքսուալ բնույթի այլ գործողություններով:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով), վերաորակվել է եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
