Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 9, 2011 19:57

Հունիսի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրեցին Բաքվում եւ Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները՝ հույս հայտնելով, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթաժողովին առաջընթաց կարձանագրվի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, եւ եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաների՝ անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները` խաղաղապահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայում են առաջարկություններին՝ առանց փոփոխությունների եւ լրացումների համաձայնություն տալու Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները»:

Հանդիպմանը քննարկվեցին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply