Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ…Ի՞նչն է ստիպում կնոջը ապրել բռնարարի հետ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | June 9, 2011 14:46

Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ

«Ծնողներս դեմ չէին մեր ամուսնությանը, քանի որ ամուսինս շատ հարուստ ընտնիքից էր: Կարծես ամեն ինչ լավ էր, բայց ես ինչ-որ տարօրինակ զգացում ունեի. ապահով չէի զգում ապագա ամուսնուս կողքին: Ինձ սարսափեցնում էր նրա պահվածքը, թվում էր, թե հարբած է, բայց ալկոհոլի հոտ չէի զգում:

Ինչևէ, մոտեցավ մեր հարսանիքի օրը: Ես երջանիկ էի: Հարսանիքից մի քանի ժամ հետո ամուսինս, թմրադեղի ազդեցության տակ, ուզում էր նռնակով զարմացնել ներկաներին: Նռնակը պայթեց նրա ձեռքի մեջ: Արյունոտ հարսանիք եղավ: Հեռացրեցին նրա աջ ձեռքը: Այդ դժբախտությունից հետո նա միշտ լուռ էր, իրականությունից կտրված, գիշերները ուշ էր գալիս կամ ընդհանրապես չէր գալիս:

Մի քանի անգամ փորձել եմ բաժանվել, սակայն զենքի սպառնալիքով պահել է ինձ, հոխորտացել, որ ծնղներիս կսպանի: Նույնիսկ հայրենիքից հեռացանք, որ կտրվի իր շրջապատից, փորձի մարդավայել ապրել: Բայց այնտեղ էլ անհետացավ` ինձ թողնելով միայնակ ու անօգնական: Ծանր հիվանդացա, մի կերպ լուր ուղարկեցի Հայաստան: Սկեսրայրս եկավ հետևիցս, հետո էլ` իրեն գտան:

Շարունակում եմ ապրել ու տանջվել նրա կողքին»:

 

Ծեծի պատճառով ընդմիշտ զրկվեց մայրանալու երջանկությունից

«Ամուսնացել եմ 33 տարեկանում: Իմ ամուսնությանը մայրս դեմ էր: Նրա սիրտը վկայում էր, որ կդժբախտանամ: Տարիներ են անցել, բայց մայրս միայն մեկ անգամ է եկել մեր տուն: Երեխաներ չունեմ. Ծեծի պատճառով երկու անգամ հղիությունս ընդհատվել է, և ընդմիշտ զրկվել եմ մայրանալու երջանկությունից:

Ամուսինս ահավոր հարբեցող է: Հաճախակի սպիտակ տենդի նոպա է ունենում, ջարդում, ծեծում: Նույնիսկ հարևաններս են մի քանի անգամ միջամտել, և իրենք էլ են հարվածներ ստացել: Սպառնում է, որ եթե որևէ մեկը միջամտի, կսպանի:

Տանը նկուղ ունենք: Մի օր էլ ծեծելուց հետ ինձ նկուղը գցեց: Երկու օր մնացի այնտեղ` առանց հաց ու ջրի: Հարևանուհիս, այդ երկու օրն ինձ չտեսնելով, զանգահարել էր ոստիկանություն: Տանը օտար ձայներ լսելով` օգնություն կանչեցի: Ոստիկաններն ինձ, ուժասպառ վիճակում, նկուղից հանեցին: Այդ դեպքից մեկ շաբաթ անց ամուսնուս վիրահատեցին: Այդ ժամանակ ես նրան պետք էի, աղաչում էր, որ իրեն մենակ չթողնեմ: Խնամում էի նրան երեխայի պես: Ինձ շատերը խորհուրդ էին տալիս բաժանվել, բայց ես խղճում էի նրան:

Ես հայտնվել եմ անելանելի վիճակում: Չնայած սիրում եմ նրան, բայց ամբողջ կյանքում ծեծի, հայհոյանքի, վախի ու սարսափի մեջ ապրելն անհնար է: Բաժանվելու դեպքում ո՞ւր գնամ: Հայրական տուն գնալ չեմ կարող, եղբայրներս իրենց ընտանիքներով ապրում են 2 սենյակի մեջ: Վարձով ապրել նույնպես չեմ կարող, քանի որ սոցիալական պայմաններն այժմ շատ ծանր են, առավել ևս, որ աշխատանք չունեմ»:

 

«Գիշերը նրա կողքին պառկելիս անբացատրելի վիրավորանք, զզվանք եմ զգում:…»

«Իմ մասին կարող են ասել, որ երջանիկ կին եմ: Հնարավոր է, որ նախանձողներ էլ լինեն: Ոչ ոք, սակայն, չի կարող պատկերացնել, թե ամեն օր ինչ ապրումներ եմ ունենում, ինչ հոգսերով է սկսվում ու ավարտվում իմ օրը:

Ի՞նչ երջանկության մասին կարող է խոսք լինել, եթե արդեն 12 տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց երեխա չունեմ: Բազմիցս բժշկական ստուգումների եմ ենթարկվել, բայց անօգուտ: Ամուսինս իմ նկատմամբ ուշադիր է, սիրալիր: Բավական է, որ մի ցանկություն հայտնեմ, իսկույն կկատարի: Բայց դա իր գինն ունի: Բանն այն է որ այն տարիներին, երբ ես հիվանդանոցից հիվանդանոց էի գնում, ամուսինս կապվեց մի կնոջ հետ ու երեխա ունեցավ: Այդ մասին ուրիշներից իմացա և ամուսնուս առաջարկեցի կա´մ բաժանվել, կա´մ այդ երեխային տուն բերել:

Չգիտեմ` ինչպես համոզեց այդ կնոջը, բայց մի օր իսկապես տուն բերեց երեխային: Չեմ կարող բառեր գտնել` նկարագրելու իմ ապրումները, բայց ես ուժ գտա իմ մեջ` համակերպվելու այդ իրավիճակին: Հավատացի ամուսնուս խոսքին, որ նրանց մեջ այլևս կապ չկա:

Ճիշտ է, ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսելու մայրական զգացմունքներից, քանի որ երեխա չունեմ, բայց միևնույն է, չեմ կարող հասկանալ այն մորը, որը համաձայնում է իր երեխային ուրիշին տալ:

Ու մինչ ես ինքս ինձ շարունակ հարցեր էի տալիս, ականջիդ հասավ, որ ամուսինս շարունակում է հանդիպել այդ կնոջ հետ և ավելին` երկվորյակ աղջիկ է ունեցել…

Ես, այդ ամենն իմանալով, չգիտես ինչու` շարունակում եմ հանդուրժել, համակերպվել: Բայց ամեն անգամ, գիշերը նրա կողքին պառկելիս, անբացատրելի վիրավորանք, զզվանք եմ զգում: Իսկ նրան հավանաբար չի էլ հետաքրքրում, թե ես ինչ ապրումների մեջ եմ: Չգիտեմ` ո՞ւմ է պետք այս զոհաբերությունը…

Ես աշխատում եմ և իմ աշխատանքի ընթացքում երբեմն առիթ եմ ունենում խոսելու մարդկային արժանապատվության, բռնության մասին, այնինչ ինքս ինձ պատանդ եմ դարձրել և չգիտեմ ինչու»:

«Զզվելով շարունակում եմ ապրել նրա հետ…»

«Ինձ միշտ թվում էր, թե մենք իրար շատ լավ ենք հասկանում: Բայց մորս մահվանից հետո կարծես ամեն ինչ գլխիվայր շրջվեց:

Հիմա վախենում եմ նրա հետ խոսել: Նրան դուր չէր գալիս, որ ես սև զգեստ էի հագնում, և դեռ տարին չլրացած` ստիպում էր գունավոր շորեր հագնել: Ես դեռ սգում էի մորս մահը, իսկ նա ինձ պարտադրում էր ամուսնական պարտականությունները կատարել: Անընդհատ երեսով էր տալիս, որ մորս ավելի շատ եմ սիրում, քան իմ ընտանիքը:

Երբ համբերությանս բաժակը լցվեց, ասացի, որ երբ ինքը ծնող կորցնի, այդ ժամանակ ինձ կհասկանա: Հիմա էլ անընդհատ դա է հիշում ու ասում, թե իր ծնողների մահն եմ ուզում:

Եթե գնալու տեղ ունենամ, անպայման կբաժանվեմ, բայց հորս հոգսերն առանց այդ էլ շատ են, չեմ ուզում նրան ցավ պատճառել:

Զզվելով շարունակում եմ ապրել նրա հետ»:

 

 

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը

 

 

Դիտվել է 4245 անգամ:
Print Friendly

Leave a Reply