Շահումյանի գաղթի ճամփաներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 13, 2011 15:14

1992 թ. Շուշիի ազատագրումից մեկ ամիս անց` հունիսի 13-ին, հայությունն անդառնալի պարտություն կրեց: Հունիսի 13-ին ընկավ ՀայաստանԱրցախ աշխարհի կողպեքը, ընկավ ու փշուրփշուր եղավ: Բայց ընկա՞վ, թե՞ տվինՀաճախ է շահարկվում այդ հարցը, բայց այս գլուխկոտրուկին մինչ օրս որևէ արդարացում կամ բացատրություն չի տրվել: Հիմա դժվարանում եմ հիշել, թե ով է ասել «հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունն անտեր է» միտքը: Մեղավորներն անշուշտ կփորձեն արդարանալ` նոր մեղավորներ փնտրելով, բայց ինչ էլ լինի, պետք է խոստովանենք մեր սխալը, գոնե հետագայում այն բացառելու համար: Մի՞թե ուշքի գալու, կորուստը լրջորեն քննարկելու համար երկու տասնամյակը քիչ է: Մի՞թե դա Արցախյան պատերազմից մնացած անտապան հողակտորն է, որի վրա սերունդները պիտի տապանաքար դնեն: Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Երբ 1991 թ. ընկան Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Թոդան գյուղերը, կարճ ժամանակ անց կրկին ազատագրվեցին, ինչը, ըստ շատ մարտիկների, ավելի դժվար էր, քան պահելը:  Ուրեմն Ի՞նչ եղավ Շուշին ազատագրող մարտիկների ոգուն: Հունիսյան այդ օրը սկսվեց այդ լեռնաշխարհի խաղաղ բնակչության աննախադեպ  ողբերգությունը` անկազմակերպ գաղթը դեպի անհայտություն: Հազարավոր մարդիկ մոլորված հեռացան իրենց օջախներից` թշնամուն թողնելով ողջ ունեցվածքն ու ամենանվիրականը` հայրենի հողում ննջող պապերի ու հարազատների շիրիմները:

Երբ Շահումյանի մասին խոսք ու զրույց է լինում, չգիտեմ ինչու, միշտ հիշում եմ գաղթի ճանապարհի տառապանքներով անցած ու երեք կորուստ ունեցած Արփիկ մայրիկին:  Հայ կին, մայր, որ Վերիշենում է թողել ոչ միայն իր տուն-տեղը, այլև ամուսնուն` Երվանդ Սիմոնյանին ու որդուն` Սանասարին: Գյուղը թողնելու որոշում` փախեփախն այնքան անակնկալ է եղել, որ Արփիկ մայրիկը չի հասցնում անգամ ամուսնուն ու որդիներին տեսնել, որոնք պաշտպանական դիրքերում էին: Հարսների, երեխաների հետ նա միանում է գաղթականների հազարավոր քարավանին` չմտածելով, որ գնում են անվերադարձ:

Տառապանքի ուղին մի քանի օր է տևել, մինչև որ կորուստներով հասել են  Մարտակերտի Հաթերք գյուղը, որտեղ նույնպես խաղաղ չէր: Այդտեղից էլ շահումյանցիք ցիրուցան եղան աշխարհով մեկ: Վախը սրտներում քարացած մարդկանց ուժը սպառվել էր,  գաղթի ճամփի կորուստների թիվը, ըստ Արփիկ մայրիկի, անցնում էր հարյուրից:  Միայն ասեմ, որ Արփիկ մայրիկն ամուսնուց ու Սանասար որդուց մինչ օրս որևէ լուր չունի: Նրանք մնացին Շահումյանում, իսկ Պողոս որդին, որ Շահեն Մեղրյանի ջոկատում էր, զոհվեց նրա հետ ուղղաթիռի պայթյունից և թաղված է Եռաբլուրում:

…Արցախ աշխարհի եդեմական այգի, լեռնային գեղատեսիլ հրաշք բնություն, զուլալ, քչքչան գետակներ, սառնորակ աղբյուրներ, պտղատու անտառներ, ալպյան արոտավայրեր: Հիրավի, սա է Շահումյանի ոչ ամբողջական բրենդը: Եվ դա ինչ-որ մեկից չէ, որ լսել եմ: Ժամանակին եղել եմ այնտեղ ու այդ ամենը տեսել ու զգացել եմ: Աստծո ստեղծած բնակավայր, որտեղ հազարամյակներ ի վեր ապրել են հայերը: Ավելին` դեռևս Ավարայրի ճակատամարտին նախորդած և հաջորդած շրջաններում, երբ ժողովուրդը ծանր օրեր էր ապրում, Հյուսիսային Արցախը երկրի ամենահուսալի բնակավայրն էր, և հայությունն ապավինել է նաև այդ լեռնաստանին: Ու հիմա տեսնես ի՞նչ է մնացել այդ դրախտավայրից:

Ասում են, որ Շահումյանի հանձնման  գործում նաև ռուսի մատն է խառը, այն ռուսի, որի հետ  ունեցած մեր հարաբերություններն ավանդաբար բնութագրվել են բարեկամական: Հիշենք Խաչատուր Աբովյանին. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտքը, մեր հող մտավ»: Հիմա պիտի նզովե՞նք: Պատմության մեջ քիչ չեն եղել այն դեպքերը, երբ երկու ժողովուրդները միասին են ելել ընդհանուր թշնամու դեմ: Եվ հայ ժողովուրդն այդ պատերազմներից միշտ պատվով է դուրս եկել: Եվ սա համարվել է ճիշտ ռազմավարություն, որովհետև մենք բարեկամ ժողովուրդներ էինք համարվում:

Իրադարձություններից առաջ անցնեմ ու հիշեցնեմ նաև ռուս գրող Սերգեյ Գորոդեցկու խոսքը: Նա Ղարաբաղը Հայաստանից անբաժան  է համարում` որպես միջնաբերդ, և խուլ աշխարհին հորդորում է փրկել հայ ժողովրդի փրկված բեկորները, որովհետև այդ ժողովուրդն աշխարհին մշակութային անզուգական գանձեր պարգևելու առումով դեռ տալիք ու ասելիք ունի: Ռուս մտավորականը հայի փրկված բեկորները փրկելու կոչ է անում, իսկ կորուսյալ Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի բնակիչների արյունը լերդանում է նույն ազգի «գեներալներ» Մաշկովի, Սաֆոնովի, Պուգոյի, Շատալինի և այլոց խղճի վրա, որոնց դասերով էլ  կարճ ժամանակում ոչնչացվեց ու բնավեր եղավ հայության ևս մեկ բեկոր:

Սա Շահումյանի ու շահումյանցու գլխով անցած մի դրվագ է: Երկիր, որտեղ դարերի ոտնահետքերով կամուրջներ կան, պատմամշակութային կոթողներ, Մռավ սար: Հյուրասեր, սրտներն աշխարհի չափ մեծ մարդիկ: Դռնից անցնողի, բարև տվողի հետ պատրաստ էին կիսել իրնց օրվա հացը: Աստծո հավքերին էլ հաց տվող մարդիկ էին շահումյանցիները: Իսկ այսօր նրանք դեգերում են աշխարհով մեկ և իրենց համար գերեզման փնտրում օտարության մեջ:

Այնուհանդերձ, ինձ հանդիպած բոլոր շահումյանցիները համոզված են, որ ցաքուցրիվ ապրելն իրենց համար ժամանակավոր Է: Ես էլ նույնքան համոզված եմ, որ Շահումյանը շահումյանցու շուրթերին որպես մրմունջ չի մնա, որովհետև շատ կարևոր է, թե ով կապրի այդ դրախտավայրում, փափախը դիք դնող շահումյանցի՞ն, թե՞ թլպատած լամուկը, քոչվորը, «բերանն արնոտ մարդակեր էն անբանը…»:

 

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply