Զգացվում է քարոզչության պակաս

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 14, 2011 16:02

Ոմանք այն կարծիքին են, որ նարդին միայն մեր տարածաշրջանում արմատավորված ավանդույթներ ունի, սակայն այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիային արդեն անդամակցում են հինգ տասնյակից ավելի երկրներ: Իսկ աշխարհի առաջնությունների փորձը ցույց է տվել, որ ուժեղագույն նարդիստներ կան ոչ միայն Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի երկրներում: Նարդիի տարածման աճի մասին է վկայում նաև մեկ այլ իրողություն: Համացանցում այս մարզաձևի միջազգային մի շարք կայքեր կան, որոնցում ամեն վայրկյան տասնյակ հազարավոր մարդիկ միմյանց հետ ուժերն են չափում: Ընդ որում, նրանք մրցում են ընկերական հանդիպումներում, նաև  ֆինանսական հետաքրքրությունների համար:

Այս մարզաձևի Հայաստանի ներկայացուցիչներն էլ ոչ միայն այդ եռուզեռից հեռու չեն մնում, այլև հաջողությամբ կարողություններն են փորձում միջազգային պաշտոնական մրցումներում: Մասնավորապես, նրանք հարուստ ավարով են վերադարձել օրերս Թբիլիսում կազմակերպված Վրաստանի բաց առաջնությունից:

Բակգամոն խաղաձևի թիմային պայքարում մեր երկրի ընտրանին, հանդես գալով Խաչիկ Մելիքյան, Աշոտ Վարդապետյան, Լևոն Պետրոսյան, Սեյրան Պողոսյան, Սմբատ Պողոսյան կազմով, միայն հաղթանակներ է տարել և ճանաչվել ուժեղագույն: Ընդ որում, մերոնք եզրափակչում 4:1 հաշվով ջախջախել են Վրաստանի ազգային հավաքականին, որի կազմում խաղացել են տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում նաև աշխարհի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ: Ուշագրավ է, որ աչքի ընկնողների համար ոսկե մեդալներից բացի սահմանված էին նաև դրամական պարգևներ: Անհատական մրցումներում Պետրոսյանը և Վարդապետյանը դարձել են արծաթե և բրոնզե մեդալակիր: Ի դեպ, առաջինը ճանաչված շախմատային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հայրն է, իսկ երկրորդը շախմատի միջազգային հայտնի մրցավար է:

Անցկացվել է նաև վրացական նարդիի առաջնություն: Այս մրցաձևն ավելի պարզեցված է: Տարբերությունն այն է, որ չի կարելի մրցակցի խաղաքարին խփել-փախչել կամ խփել-հանել,  թույլատրվում է զառերը ձեռքով բռնած պահել, հետո նետել և այլն:

Կրկին կիսաեզրափակչում խաղացել են Հայաստանի ներկայացուցիչները: Վարդապետյանը հաղթել է Մելիքյանին, բայց հետո պարտվել է վրացի նարդիստի: Այսինքն` մերոնք այս մրցաձևում էլ արժանացել են բրոնզե և արծաթե պարգևների:

Վարդապետյանը, որ Թբիլիսիում երեք մեդալի է տիրացել, այն կարծիքին է, որ նարդին Հայաստանում դեռևս այն չափով չի քարոզվում, որի կարիքն ունի: «Գուցե խանգարում է այն հանգամանքը, որ հսկայական հաջողություններ ունենք համաշխարհային շախմատում: Մինչդեռ տրամաբանության, մտածելու խաղ է նաև նարդին, այն  նույնպես մեծ գիտելիքներ է պահանջում: Բայց  սրան ավելի թեթև են նայում: Հնարավոր է` սխալ ենք վարվում, որովհետև այս մարզաձևը մեր երկրում ավանդական է, և մեծ ներուժ ունենք: Եվ հնարավորություն կա աշխարհին ապացուցելու, որ փոքր Հայաստանը  նարդիի մրցումներում կարող է մեծ հաջողություններ ունենալ»,- ասաց Վարդապետյանը:

Ի դեպ, մրցաշրջանը հաջող է սկսվել մեր նարդիստների համար: Մասնավորապես, Հայաստանի նարդիի ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանն արդեն հասցրել է հաղթել ԱՄՆ-ում և Թուրքիայում անցկացված առաջնություններում: Նախատեսվում է Հայաստանից պատվիրակներ գործուղել` մասնակցելու նաև Մոնտե Կարլոյում հուլիսի 15-ին և Բաթումում օգոստոսի 1-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը և միջազգային խոշոր մրցաշարին: Ի դեպ, վերջինում խաղարկվելու է տարեվերջյան «Գրան պրի» գերմրցաշարի մեկ ուղեգիր: Իսկ մինչև այդ մերոնք հարաբերությունները պետք է պարզեն ներհայաստանյան մրցումներում, որոշեն, թե ովքեր են արժանավորները մեր երկրի հավաքականը համալրելու համար: Այդ պատվին արժանանալու հավակնորդները շատ են, այնպես որ  թեժ մրցակցություն է սպասվում:

 

 

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply