Երբ Բաքու գնալն անիմաստ է
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | June 12, 2011 15:00
Թհեքվանդոյի օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցումների անցկացման վայրը, ինչպես և բռնցքամարտի դեպքում, Բաքուն է: Եթե Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար դեռևս վերջնական որոշում չի կայացվել` գնալ Ադրբեջան, թե ոչ, ապա մեր թհեքվանդոյիստներն արդեն անթաքույց հայտնում են, որ անիմաստ են համարում սահմանակից երկրում մրցելույթներ ունենալը և ամենայն հավանականությամբ բաց կթողնեն Եվրոպայի առաջիկա առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է: Այդ մասին զրուցեցինք Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի հետ: Նախ, նրան հարցրինք, թե ե՞րբ է կայանալու վարկանիշային ստուգատեսը, ի՞նչ մտադրություններ կան:
– Մրցումները կայանալու են հուլիսին, բայց ամենայն հավանականությամբ պատվիրակներ չուղարկենք: Հայտնի է, թե երկու երկրների փոխհարաբերությունները ներկայումս ինչպիսին են: Կասկած չկա, որ կազմակերպիչները հնարավորն անելու են, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչները Բաքվում ձախողվեն: Այդ ամենի դառը փորձը կա: Անցած տարի խայտառակ բաներ են կատարվել, երբ մերոնք Ադրբեջանում մասնակցել են Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի համար վարկանիշային բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մինչդեռ անախորժ մթնոլորտը կարող է հոգեբանորեն ազդել մեր պատվիրակների, մարզիկների վրա, և հնարավոր է, որ մերոնք հետագա մրցումներում այլևս չկարողանան իրենց դրսևորել: Ի դեպ, դիմելու ենք Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիային, որպեսզի հաշվի առնվի ստեղծված իրավիճակը: Փաստորեն, մեր հույսը մնալու է վարկանիշային մյուս մրցաշարը: Այսինքն` օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար մեր հնարավորությունների 50 տոկոսն է օգտագործվելու: Ի դեպ, սա երկրորդ դեպքն է: Նախորդ օլիմպիական խաղերից առաջ էլ թհեքվանդոյի վարկանիշային մրցումներն անցկացվել են Բաքվում:
– Այդ դեպքում ինչո՞ւ աղմուկ չի բարձրացվում:
– Իմաստ չունի, եթե դժգոհություններ հայտնենք, միևնույն է, միջազգային կազմակերպությունից խորհուրդ են տալու, որ պատվիրակներ ուղարկենք և մասնակցենք այդ ստուգատեսին: Խնդիրը գնալը չէ: Եթե ցանկալի արդյունք չենք ունենալու, իմաստ չկա: Օգտվելով առիթից` ադրբեջանցիները սպորտը վերածում են չգիտես ինչի:
– Իսկ ուղեգրեր ստանալու համար ի՞նչ արդյունք պետք է ցույց տալ:
– Այդ պատվին արժանանալու են 1-3-րդ տեղերը գրավողները: Վարկանիշային հաջորդ մրցաշարն անցկացվելու է 2012-ի հունվարին, Կազանում: Այդ ստուգատեսին անպայման կմասնակցենք:
– Ի՞նչ վիճակ է ներկայումս թհեքվանդոյի Հայաստանի հավաքականում, ի՞նչ տեղաշարժեր կան:
– Նախկինում թհեքվանդոյում ոչինչ չենք ունեցել, սակայն ի հայտ են եկել խոշորամասշտաբ ստուգատեսների հաղթողներ և մրցանակակիրներ, ովքեր ամրապնդվել են թիմում, սերնդափոխություն է կատարվել: Ընդ որում, հուսադրող բոլոր մարզիկներն էլ երիտասարդ են: Նրանց թվում «ամենատարեցը» Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է, որ 24 տարեկան է: Իսկ մյուսները 18 տարեկան են: Քանի որ թիմի կազմը երիտասարդական է, ոգևորությունը մեծ է: Մարզիկները բարձր արդյունքների են ձգտում, և այդ ճանապարհին հնարավոր են սայթաքումներ, անհաջողություններ: Եթե հավաքականը նախկինում մարզում էր իրանցի Ռահեմ Սալեհին, ապա այժմ ապավինում ենք մեր մասնագետի ուժերին: Հավաքականի գլխավոր մարզիչը Գևորգ Դանիելյանն է: Այդուհանդերձ, կապը Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի հետ պահպանվել է: Մասնավորապես, աշխարհի առաջնությունից առաջ այդ երկրի աշխարհի երկու չեմպիոն Հայաստանում էր, և մեր երկրի ներկայացուցիչները նրանց հետ համատեղ մարզումներ, ստուգողական մրցամարտեր են անցկացրել Ծաղակաձորում, հետո էլ Երևանում:
Հավաքականի վիճակը լավ է: Միակ խնդրն այն է, որ ոչ բոլոր քաշային կարգերում ունենք մրցումների բովում թրծված մարզիկներ: Ժամանակն է այդ բացը լրացնել: Այժմ մեր երկրի ներկայացուցիչները նախապատրաստվում են Եվրոպայի երիտասարդների և կադետների առաջնություններին: Կան մարզիկներ, ովքեր ձգտում են նմանվել մեր առաջատարներին: Թհեքվանդոյիստների նոր լավ սերունդ աճեցնելու դեպքում հավաքականը ավելի ուժեղ կազմ կունենա: Կադետների ստուգատեսը կայանալու է հուլիսի 7-9-ը Թբիլիսիում: Իսկ երիտասարդներն ուժերն են չափելու հոկտեմբերի 7-9-ը Կիպրոսում:
– Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխությունը չի՞ անդրադարձել արդյունքների վրա:
– Պետք է մեր մասնագետներին իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն տալ: Մարզիչը և նրա սաները որոնումների մեջ են: Իսկ այս հավաքականն, ինչպես նշվեց, երիտասարդական կազմ ունի, նաև մեծ հեռանկարներ: Այսպիսի ուժեղ կազմով հավաքական նախկինում երբեք չենք ունեցել: Թիմի բոլոր անդամներն էլ մեդալակիրներ են:
– Այդուհանդերձ, վերջերս Կորեայում կայացած աշխարհի առաջնությունից մեր երկրի ներկայացուցիչները ձեռնունայն վերադարձան: Ի՞նչն է անհաջողության պատճառը:
– Հայաստանից 4 թհեքվանդոյիստ էր մասնակցում: Նախ, այդ ստուգատեսում մեր երկրի ներկայացուցիչները փոքր-ինչ անսովոր պայմաններում էին հայտնվել: Թեև Հայաստանի ընտրանին մրցումներից երկու օր առաջ էր մրցավայր հասել, չէր հասցրել կլիմայափոխվել: Սնունդն էլ այն չէր, հաց ընդհանրապես չէր մատուցվում, և 100 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը, հացի փոխարեն բրինձ ուտելով, չէր կարող իրեն լավ զգալ: Բացի այդ, հյուրանոցը մրցումների անցկացման վայր դարձած մարզապալատից շատ հեռու էր: Թեև կազմակերպիչները փոխադրամիջոցով ապահովում էին, մարզիկները, երկար ճանապարհ անցնելով, հոգնում էին:
– Մրցավարությունը նորմա՞լ էր: Հնարավո՞ր է, որ նախապատրաստության շրջանում են բացթողումներ եղել:
– Մրցավարության հետ կապված դժգոհություններ չկան: Ի դեպ, նախապատրաստության շրջանում գեներալ Մանվել Գրիգորյանի աջակցությամբ էլեկտրոնային սարքավորումների երկու հավաքածու է ձեռք բերվել: Սարքերն անհրաժեշտ են մարզումների ժամանակ և օգնում են մրցավարներին, որ նրանք հնարավորինս քիչ սխալներ թույլ տան: Փաստորեն, այդ սարքերն են որոշում, թե ինչ հարված է հասցվել, ինչ ուժով, ի վերջո, մարզիկը քանի միավոր է վաստակել: Նախկինում մենք այդ սարքերից չենք ունեցել, իսկ տարբեր երկրներում անցկացրած ուսումնամարզական հավաքների ժամանակ դրանք վարձակալում էինք օրական առնվազն 2 հարյուր դոլարով: Այժմ ոչ միայն սարքեր ունենք, այլև հեռակառավարման վահանակներ, համակարգչային մայր ծրագիրը: Այնպես որ առաջիկայում դժվար չի լինի ևս մի քանի զույգ նոր սարքեր գնել: Աշխարհի առաջնությանը մեր մարզիկներն այդ սարքերի օգնությամբ են նախապատրաստվել: Իսկ աշխարհի առաջնությունում մերոնց հիմնականում խանգարել են ստացած վնասվածքները: Դա է անհաջողության պատճառ դարձել Արման Երեմյանի (80 կգ), Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հայկազ Սամվելյանի (58 կգ) մրցելույթների ժամանակ: 18-ամյա Վարագ Աղաջանյանն էլ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, առաջին ռաունդում բացահայտ առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, սակայն չի կարողացել հաջողությունը զարգացնել:
– Ստացվում է, որ մինչև հունվար մեր երկրի թհեքվանդոյիստներն անգործությա՞ն են մատնված լինելու:
– Այս տարի օգոստոսին Չինաստանի Շենցզյան քաղաքում համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով կայանալու են թհեքվանդոյի մրցումներ, որոնց մասնակցելու են Արման Երեմյանը, Հայկազ Սամվելյանը, Լևոն Փաշաբեզյանը (68 կգ), Վահան Հարությունյանը (63 կգ): Նախկինում քանիցս մերոնք աչքի են ընկել այս ստուգատեսում, և կրկին սպասելիքները մեծ կլինեն:
– Հայաստանում քանի՞ թհեքվանդոյիստ կա:
– Երկու հազարից ավելի: Ցավոք, ոչ մի մարզադպրոց չկա: Մարզաձևը Հայաստանում նոր է, ոչ մի ժառանգություն չի ստացել, այդ է պատճառը, որ անգամ սեփական մարզաբազաներ չունենք: Ամեն բան արվում է եռանդի, նվիրվածության շնորհիվ: Մարզիչ պատրաստելու համար Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անգամ թհեքվանդոյի բաժին չկա: Թհեքվանդոյիստը պետք է լավագույն դեպքում ուսանի կարատեի բաժնում, որը ոչ օլիմպիական մարզաձև է: Այսպիսի իրավիճակն առնվազն զավեշտական է:






Facebook
Tweet This
Email This Post
