Ինդիգո երեխաներ. շնո՞րհ, թե՞ պատիժ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 12, 2011 7:00

Ֆրանսիայում նմանատիպ երեխաներին անվանում տեֆլոնային,  Բրիտանական կղզիներում`  «հազարամյակի երեխաներ», իսկ  Ռուսաստանում`«լույսի երեխաներ»: Իսկ ավելի հաճախ նրանց անվանում են ինդիգո:

Ինչպիսի՞ն են նրանք, այդ ինդիգո երեխաները

Մասնագետների խոսքով` այդ երեխաները զգալիորեն տարբերվում են հասակակիցներից: Նրանք ստեղծագործող են, օժտված են բարձր ինտելեկտով, վճռական են ու հաստատակամ: Նրանք միշտ տեսնում են ավելի արդյունավետ  ուղիներ ու միջոցներ, սակայն շրջապատը նրանց ընդունում է  որպես շեղում, օրինաչափությունից դուրս:

Նախկին ու փորձված դաստիարակության միջոցներն այս երեխաների դեպքում չեն գործում: Նրանց ամենևին էլ  հնարավոր չէ խիստ ու ավանդական  պատժամիջոցներով, սպառնալիքով ու նվաստացմամբ դաստիարակել: Նրանք հայացքների իրենց համակարգն ունեն, որն արտաքին ազդակների պարզապես չի ենթարկվում: Այս երեխաների հայացքների վրա ինչ-որ կերպ ազդելու փորձերը կարող են հանգեցնել ագրեսիվության կամ էլ, լավագույն դեպքում, ներփակման:  Ի տարբերություն սովորական երեխաների, այս երեխաները բացարձակ հեղինակություններ չունեն: Նրանք  կարիք չունեն բացատրելու իրենց արարքները: Ընդ որում, միշտ էլ ճիշտ որոշումներ են կայացնում` հենվելով սոսկ ինտուիցիայի վրա:

Այս ամենի հետ ինդիգո երեխաները կապվածություն են ունենում բույսերի,  կենդանիների հետ, պարզապես սիրահարված են բնությանը: Նրանց մեջ սրտացավության զգացումը խիստ արտահայտված է,  և մտերիմների  անկեղծ սիրո կարիքն ունեն: Մեծ ուշադրության կարիք են զգում, փնտրում են իսկական ու ամուր բարեկամություն: Նրանք բնավ եսասեր չեն, ուստի այրվում են  աշխարհին ինչ-որ մեծ գործով օգնելու ցանկությամբ: Նաև չշփվող տպավորություն են թողնում, եթե հայտնվում են  ոչ իրենց նմանների շրջապատում:

Սովորաբար այս երեխաներն իրենց տարիքից ավելի մեծ են զգում (ասես ոչ թե 13, այլ 43 տարեկան լինեն): Նրանք բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, անկախ ու հպարտ: Դեռահասության տարիներին ենթակա են դեպրեսիաների: Նրանք ունակ են դաժան արարքների, եթե  դեմ են առնում անտարբերության: Տանել չեն կարողանում, երբ իրենց ստիպում են անել այս կամ այն բանը,   պատճառաբանելով, թե «բոլորն այդպես են անում»:

Հատուկ պայմաններ

Շատ զարգացած երկրներում ինդիգո երեխաներով զբաղվում են պետական մակարդակով: Դա ամենևին էլ ժամանակի  և ուժի կորուստ չէ: Հնարավոր է, որ հենց այդ «սերունդը» ապագայում փրկի մեր քաղաքակրթությունը աճող ճգնաժամի պայմաններում:

Որտեղի՞ց են գալիս ինդիգո երեխաները

Իսկապես,  այս երեխաներն այնպիսին չեն, ինչպիսին մենք ենք: Մեր աչքի առաջ ապագայի ծիլերն են, որոնց պարարտ հող է հարկավոր: Նախկինում երեխաներն անշեղ հետևում էին ծնողներին` քայլելով տրորված արահետով. արհեստավորի երեխան դառնում էր արհեստավոր, գյուղացունը` գյուղացի, իրավաբանինը` իրավաբան: Բայց ոչ ինդիգո երեխաները, նրանք  շատ քիչ բանով են նման իրենց նախնիներին:

Մարդկությունն առաջ է ընթանում, և յուրաքանչյուր նոր սերունդ ավելի զարգացած է լինում: Նրանց ցանկություններն ու ձգտումներն ավելի մեծ են: Իսկ մեծերն էլ, չիմանալով ինչպես օգնել այս  նոր սերնդին, փորձում է պիտակներ կպցնել:

Ինչպե՞ս պետք է դաստիարակել ինդիգո երեխաներին

Դաստիարակության էությունն այն է, որ  ծնողները ոչ թե  պետք է գիտելիքներ «ներարկեն», այլ փորձեն աղերսներ գտնել կյանքի հետ: Նրանք կանգնած են շարունակական հարցադրման առջև. ինչո՞ւ է այս այսպես, ինչի՞ համար ենք ապրում: Ու մեր խնդիրն է օգնել նրանց գտնելու պատասխաններ հետաքրքրող հարցերին: Կարևորագույն տարր է մեր օրինակը: Եթե փորձենք նրանց ծանոթացնել կյանքի օրենքներին, որոնցով «աշխատում է» բնությունը, այսինքն` ուր է այն տանում, ինչ նպատակ է հետապնդում, մենք կարող ենք զինել նրանց համապատասխան «գործիքներով», որոնք կօգնեն հարմարվելու իրականությանը, այն իրականությանը, որում ապրում ենք:

Նրանք ոչ ոքի նման չեն: Իմաստուն, նրբազգաց ու զարմանալի հոգեբաններ են: Անկառավարելի, ազատատենչ, հսկողության չենթարկվող: Մի խոսքով` ինդիգո:

1978-ին ամերիկացի պայծառատես Նենսի Էյն Թեյփը զարմանալի հայտնագործություն արեց. նա բացահայտեց նոր` կապտա-մանուշակագույն աուրայով երեխային, որը նկարիչները կանվանեին ինդիգո (սովորական երեխաների աուրան, որպես կանոն, լինում է ոսկեգույն): Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ դեպքը արտասովոր չէ, ու տարեցտարի ինդիգո երեխաների թիվն ավելանում է: Նրանց բնորոշ են բնավորության որոշակի հատկություններ. հոգևոր ու աշխարհիկ բարձր գիտելիքների մեծ պաշար, որը չգիտես, թե որտեղից է: 90-ականներին այս երևույթով սկսեցին զբաղվել հոգեբանները, քանի որ նրանց հաճախ էին դիմում անկառավարելի գերակտիվ երեխաների ծնողները, որոնց դաստիարակության դեպքում սովորական մեթոդները չէին գործում: Նրանք փորձեցին օգնել իրենց հաճախորդներին ու հասկացան, որ դա այնքան էլ հեշտ չէ: Աշխարհը նոր երևույթի առջև էր կանգնել: Այսօր գիտնականներից շատերը կարծում են, որ այդ երեխաների ԴՆԹ-ն նույնիսկ այլ կառուցվածք ունի, և այդ երեխաները ոչ ավելի, ոչ պակաս  առաքյալներ են` ուղարկված փրկելու աշխարհը:

Նրանց կարելի է ճանաչել հազարավորների մեջ

Ինդիգո երեխան արդեն իր կյանքի 2-3-րդ տարում իր մասին զգացնել է տալիս` դրսևորելով բնավորության որոշակի գծեր: Փոքրիկ ինդիգոն, օրինակ, կարող է վրդովվել, թե ինչու եք իր շորիկները փոխում` առանց որևէ բացատրության: Նրանք, ասենք, 6 տարեկանում չեն կարողանում նույն տեղում մի քանի րոպե նստել, ինչը ուսուցիչների դժգոհության պատճառ է դառնում:

Հասուն ինդիգոյին ավելի հեշտ է ճանաչել: Նա ի ծնե շնորհալի է: Ինքնուրույն կարող է գլխի ընկնել, որ գերազանց նկարում է, մի խոսքով, իր շնորհների մասին գերազանց  գիտի: Նրանք արտասովոր ստեղծագործական շնորհով են օժտված: Իրենց գերբնական ունակությունների շնորհիվ ավելորդ հարցեր չեն տալիս: Չգիտես որտեղից գիտեն, թե ինչպես են ծնվում երեխաները, ինչու են հեռանում ծերերը, ու ինչու է արտասվում մայրիկը: Չզարմանաք, եթե նա երեխային հատուկ հարցասիրությամբ չձանձրացնի ու նրբանկատություն ցուցաբերի:

Հիշեք, որ ինդիգո երեխաները ծնողական մեծ ուշադրության կարիք ունեն: Դա նշանակում է, որ ձեր ոտքերն ու ձեռքերը կապված վիճակում էլ կստիպի կարդալ  սիրելի հեքիաթը:

Ամենափոքր տարիքից երեխան դրսևորում է  իր «առանձնահատուկ«, «ականավոր», «արքայական» որակները:

– նրանք չունեն կուռքեր ու հեղինակություններ,

– բոլոր արարքները կատարում են սեփական զգացումների ու «բանականության» ազդեցությամբ,

– առանց ամաչելու հայտնում են իրենց ցանկությունները,

– շրջապատող աշխարհի վերաբերյալ սեփական հայացքներն ունեն, որոնք, սովորաբար, խիստ տարբերվում են ծնողականից,

– ցանկացած սադրանք  ու «ավանդական ազդեցության» մեթոդներ չեն ազդում նրանց վրա,

– շատ արագ կենտրոնանում են ինչ-որ բանի վրա, սակայն կարճ ժամանակով,

– հակում ունեն զանազան վախերի նկատմամբ (այդ թվում` մտերիմ մարդու կամ էլ հենց իրենց մահվան),

– գերադասում են սովորել բացառապես իրենց ճանապարհով, այսինքն` սեփական փորձով, քան  անգիր անելով,

– սովորական երեխաների շրջապատում նրանք անհարմարավետ են զգում, կարող են նույնիսկ ծնողներին բողոքել, որ իրենց ոչ ոք չի հասկանում,

– շատ արագ ընտրում են ուսուցման իրենց միջոցը և չեն շեղվում ընտրած ուղուց, եթե նույնիսկ ծնողների ու իրենց կարծիքները չեն համընկնում,

– հաճախ են խախտում համընդհանուր կանոններն ու արգելքները,

– բոլոր տեսակի գիտություններից գերադասում են ստեղծագործականը,

– կարող են քնի խանգարումներ ունենալ, գիշերային մղձավանջներ,

– տանել չի կարողանում  շրջապատող աշխարհի նկատմամբ բռնությունը (կենդանիներ, բույսեր, ընկերներ) և, բնականաբար, նաև իր հանդեպ,

Նրանք օժտված են անհատնում էներգիայով, թվում է, թե նրանցով կարելի է լիցքավորել ցանկացած սարք: Սակայն այս երեխաներն իրենց ծնողներին մի շարք բարդությունների առջև են կանգնեցնում:

Երբեք չփորձեք նրանց նվաստացնել: Եթե անհրաժեշտ է նախատել, ապա  միայն այն դեպքում, երբ մենակ եք: Հակառակ դեպքում նա հաշվեհարդար կտեսնի ձեզ հետ:

Մի խաբեք նրանց.  դա պարզապես հնարավոր չէ, մի մոռացեք, որ նրանք օժտված են սուր ինտուիցիայով: Թվում է, թե նա ամեն ինչ է տեսնում: Եթե չեք կամենում, որ ձեր տարաձայնություններն անդունդի վերածվեն, ուրեմն փորձեք նրանց հետ անկեղծ խոսել ամեն ինչի մասին, ինչ ոզում են լսել:

Թողեք նրանց ընտրության հնարավորությունը. եթե ցանկանում է հագնել  մի հագուստ, որն ամենևին էլ ձեր սրտով չէ, կամ էլ պիրսինգ անել, պարզապես հիշեցրեք, թե ինչ վտանգներ կարող է ներկայացնել այս կամ այն հետաքրքրությունը: Միշտ ճիշտը ասեք ու վստահեք նրանց որոշումներին:

Խնդրանքը պահանջի  մի վերածեք. հարգեք ձեր ինդիգոյին: Նրանք տանել չեն կարողանում  բռնակալությունը, հակառակ դեպքում կկարողանան ինչ-որ կերպ խուսափել պարտականություններից: Խնդրեք մեղմորեն, հիմնավորելով այն, ոչ թե մտացածին պատճառներ հորինեք:

Ստեղծագործելու պայմաններ ստեղծեք, նրանք պաշտում են արարելը, ու հենց այդ հողի վրա էլ կարող եք մտերմանալ նրանց հետ:

Նրանց մի պարտադրեք ձեր տեսակետը,  այն  նրանց ոչ միայն չի հուզում, այլև կարող է հակակրանք առաջացնել: Ի դեպ, նրանք կարող են  ձեզ էլ գրանցել այն ցուցակում, որում իրենց չհասկացողներն են: Ինքներդ ձեզ միշտ հիշեցրեք, որ նրանք նման չեն ուրիշներին և նոր սերունդ են:

 

Դիտվել է 8336 անգամ:
Print Friendly

Leave a Reply