Ո՞ր քրեական գործերն են հարուցվում տուժողի բողոքի հիման վրա

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 15, 2011 15:44

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն. «Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով: Մասնավոր հետապնդման գործեր են համարվում  սույն օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը: Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:  Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով»:

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված է. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը»:

Հիշյալ հոդվածներն առավել ընկալելի  դարձնելու նկատառումից ելնելով` ներկայացնենք դրանց ցանկը, որը կարող է ուղեցույց լինել գործնականում:

Հոդված 113.        Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը

Հոդված 114.        Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը

Հոդված 115.        Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը

Հոդված 116.        Առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ

Հոդված 117.        Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը

Հոդված 118.        Ծեծը

Հոդված 119.        Խոշտանգումը

Հոդված 120.        Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

Հոդված 121.        Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը

Հոդված 124.        Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը

Հոդված 128.        Վտանգի մեջ թողնելը

Հոդված 137.        Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

Հոդված 158.        Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը

Հոդված 174.        Զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելը

Հոդված 177.        Գողությունը

Հոդված 178.        Խարդախությունը

Հոդված 179.        Յուրացնելը կամ վատնելը

Հոդված 181.        Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ

Հոդված 183.        Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի

Հոդված 184.        Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով

Հոդված 185.        Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

Հոդված 186.        Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

Հոդված 197.        Ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը

Հոդված 213.        Վաշխառությունը

Հոդված 242.        Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply