Փախուստ Հայաստանից. հինգ հոգուց երկուսն անցան սահմանը, երկուսը սպանվեցին…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 11, 2011 7:00

«Երբ Հայաստանից փախչում ես, տեսնում, թե ինչպես են բռնում մանկությանդ ընկերոջը, լսում, թե ինչպես են սպանվում ընկերներդ, և հինգ հոգուց միայն երկուսիդ է բախտ վիճակվում դուրս գալ սահմանից այն կողմ, երբ ամբողջովին այրում ես կամուրջները Հայրենիքի հետ ու տեսնում, թե ինչքան կեղտ ու դառնություն կա աշխարհի մեջ, ուզում ես փոխել աշխարհը, քո երազը ստեղծել»,- ասում է ամերիկահայ արվեստագետ Զատիկ Զատիկյանը,- այդպես սկսվեց իմ ստեղծագործությունը` տարածություններ, արձաններ ու առարկաներ ոսկեպատելու իմ արվեստը» Պետք է ստեղծել հայի բրենդ` համաշխարհային բեմի վրա դեր ունենալու համար :

1965 թվական: Բրեժնևյան ժամանակներ: Թերլեմեզյան ուսումնարանի քանդակի բաժնի 19-ամյա ուսանողը հասկացել էր, որ այն երկրում, որտեղ միայն սոցիալիստական ռեալիզմ է քարոզվում, իսկ համաշխարհային արվեստի դռները գրեթե փակ են, ինքն այլևս անելիք չունի: Ազատության բողոքը մտել էր մեջն ու դուրս չէր գալիս, իսկ սահմանի վրա փշալարեր էին…

«Արվեստի գաղափարախոսությունը գալիս էր Արևմուտքից, իսկ դու Արևելքում դրա կարոտն ունեիր, քեզ միայն կցկտուր տեղեկություններ, բամբասանքներ էին հասնում,-ասում է նա,- երբ արվեստի պատմության դասեր էիր վերցնում, արվեստը սկսվում էր Հունաստանից, Եգիպտոսից, Իտալիայից: Ուզում էիր գնալ, տեսնել այդ երկրները, բայց չէիր կարող»:

Եվ ահա սկսվում է ռոմանտիկան: Իսկ եթե բնույթով ռոմանտիկ ես, սկսվում է տառապանքը…Մի օր էլ Զատիկի ընկերներից մեկը` Ռեմին, որ Օպերայի սիմֆոնիկ նվագախմբում հարվածային գործիք էր նվագում, նրան ասում է, թե փախչելու ճանապարհ կա. «Ասաց` մի ծանոթ ունեմ` Ռազմիկը, որ կարող է մեզ սահմանն անցկացնել,- պատմում է Զատիկյանը,- անմիջապես համաձայնեցի: Ես էլ իմ հերթին մանկությանս ընկերոջը` Կարոյին ասացի այդ մասին: Կարոն կոմպոզիտոր էր, նա էլ ոգևորվեց, ասաց` թողնենք գնանք, էստեղ անելիք չունենք»:

Այսպիսով, Զատիկն իր երկու ընկերների հետ միանում է Ռազմիկի ծրագրին, վերջինս էլ իր մորաքրոջ տղային` Պավլիկին է ներգրավում փախուստի ծրագրի մեջ, և խումբը դառնում է հինգ հոգի: «Պավլիկը Մերգելյանում էր աշխատում,- պատմում է Զատիկյանը,- որ իմացավ, ասաց.  «Վայ, ես էս երկրի…Ես էլ եմ գալիս…Չորս տարի ա` նույն կոշիկն եմ հագնում, պադոշը ոտքիս ա կպել»:

Վեց ամիս է տևում, մինչև բոլորը վերջնական որոշում են կայացնում: Ծրագիրը հետևյալն էր. պետք է գնային Ռազմիկենց տուն, որը Արաքսի ափին գտնվող մի գյուղում էր` Արտաշատի շրջանում:  Ռազմիկը սահմանապահ ընկեր ուներ. պետք է նրան խնդրեր, որ թույլ տային մոտենալ Արաքսին` իբր եղեգ հավաքելու: Ըստ ծրագրի, երեք օր շարունակ պիտի եղեգ հավաքեին, որ կասկած չհարուցեր:

Ռազմիկը, որ ծրագրել էր այդ ամենը, վստահեցնում էր` ոչ մի կաթիլ վնաս իրենց չի հասնի: Բայց դե ո՞վ կպատկերացներ… «Երբ դռները բացվեցին, և մենք գնացինք դեպի Արաքսը, բոլորիս դեմքը լիմոնագույն էր դարձել,- պատմում է Զատիկյանը,- հուզմունքից, վախից ու նյարդային վիճակից օդ չկար շնչելու: Խմբից երկուսն այնքան լարված էին, որ առաջարկեցին հենց այդ պահին փախուստն իրականացնել: Բայց մենք խոստացել էինք Ռազմիկին հետևել նրա ցուցումներին, քանի որ նա գիտեր բոլոր ճանապարհները»:

Ընկերներից երկուսը շարունակում են համառել, և մյուս երեքը ստիպված են լինում ծրագիրը փոխել` փախուստն իրականացնելով հենց այդ պահին: «1964 թվականի նոյեմբերի 26-ն էր,- շարունակում է Զատիկյանը,- ջուրն այնքան սառն էր, որ կարծես միլիարդավոր սրիչներ կտրտում էին մարմինդ: Ինձ համար մինչև հիմա զարմանալի է, թե մենք ինչպե՞ս սրտի կաթված չունեցանք: Երևի ներսից ադրենալինն այնքան շատ էր, որ գերբնական ուժով պայքարեց, ու մենք կարողացանք դուրս գալ ափ»:

Բայց հինգ հոգուց ափ են դուրս գալիս երկուսը` Զատիկն ու Ռեմին: Ռազմիկն ու նրա մորաքրոջ տղան սահմանապահների կրակոցից մահանում են, իսկ մյուս ընկերը` Կարոն` բռնվում է:

Արտաշատի զինվորական կայանից փախած   երկու հայ երիտասարդներին, համարյա մերկ վիճակում, սառցակալած, դուրս են հանում թուրք սահմանապահները: «Երբ դուրս եկա, ասացի` Աստված իմ, ես էլ բան չեմ ուզում, ազատ եմ»,- պատմում է նա,- այդտեղից թուրքերը մեզ տարան Էրզրում, հետո Ստամբուլ, հարցաքննություններ տեղի ունեցան, Մոսկվան մեզ հետ պահանջեց, բայց Անկարան մերժեց»:

7-8 ամիս Թուրքիայում մնալուց հետո նրանց տեղափոխում են Բեյրութ, որտեղ համաշխարհային կրոնական մի կազմակերպության միջնորդությամբ երիտասարդները հասնում են Ամերիկա:

Դեպքից հետո Զատիկի ծնողներին հայտնում են, թե իբր նա զոհվել է: Մայրը հոգեկան ծանր ապրումներից հիվանդանում է. հետագայում են պարզում, որ իրենց որդին ողջ է:

Այդ փախուստը, ընկերների մահը, մտերիմ ընկերոջ ձերբակալությունը, հարազատներին այլևս չտեսնելու ցավը խոր հետք են թողնում Զատիկի հոգում. «Ես 20 տարի երազ տեսա այդ փախուստի մասին. առաջին 10 տարին` ամեն օր, հետո` 30 տարի անց, կամաց-կամաց այդ երազները չքացան»,- հիշում է նա: Փախուստից հետո մոտ 30 տարի անց` խորհրդային իշխանության փլուզումից հետո միայն նա կարողանում է Հայաստան գալ: Հորն այդպես էլ չի տեսնում, նա մահացել էր:

Արվեստագետը համոզված է, որ հենց սովետական հասարակարգն էր իր մեջ սերմանել Հայաստանից փախչելու գաղափարը. «Իրենք կուտերը դրեցին, զարգացրին, ստիպեցին սիրել դրսի աշխարհը, որովհետև ամեն ինչ հեռվում էր ու անհասանելի»,-ասում է նա:

Զատիկյանը համոզված է, որ եթե մնար Հայաստանում, երբեք չէր լինի այն, ինչ հիմա է. «Ես շատ բան տեսա, շփվեցի աշխարհի ամենահեղինակավոր արվեստագետների հետ, գտա այն կցկտուր տեղեկությունների աղբյուրը, որոնք կիսատ-պռատ հասնում էին մեզ և դարձա այդ ակունքի մի մասը. այս ամենն իմանալով միայն կարելի է հասկանալ իմ ստեղծագործության էությունը»:

Նրա կարծիքով, ապրել Հայաստանում և ստեղծել համաշխարհային գործեր` անհնար է: Միաժամանակ, նա իր կաշվի վրա է զգացել, թե որքան դժվար է հայ արվեստագետի համար ապրել և ստեղծագործել օտար երկրում. «Արշիլ Գորկին պատահաբար չի ասել` արվեստագետ լինելը շատ դժվար բան է, բայց հայ արվեստագետ լինելն անկարելի է: Այո, օտար երկրում դժվար է, հատկապես երբ զգում ես, որ օտար արվեստագետների թիկունքում իրենց պետությունն է, իրենց հասարակությունը: Եթե ես լինեի, օրինակ, ֆրանսիացի, շատ բան այլ կլիներ: Այո, դժվար է, բայց ոչ անկարելի: Փառք Աստծո, ահագին գործեր եմ ստեղծել, ուժն ու հավատքը մեջս են, և իմ աշխատանքներում դրականն է իշխում: Անկարելի է, որ ես, մնալով Հայաստանում, ստեղծեի դրանք»:

 

 

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply