«Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում». հայ գործարարները, առանց երկրի ղեկավարության «դաբրոյի», ներդրումներ չեն անում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 14, 2011 7:00

«Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրը նախատեսում է ավարտին հասցնել դեռևս խորհրդային տարիներին սկսված և անավարտ մնացած Եղվարդի ջրամբարի կառուցումը` դրա շրջակայքում հիմնելով միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրներ, հանգստի, առողջարանային և ժամանցի կենտրոններ:

Կկառուցվեն «Մասիս», «Սիս» և «Նոր Հայաստան» անվանումներով բարձրակարգ հյուրանոցներ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան օգտվելու մարզական և զվարճանքի բազմաթիվ կենտրոններից (մարզական և խաղահրապարակներ, լողավազաններ, ատրակցիոններ, պասիվ և ակտիվ հանգստի համար անհրաժեշտ ծառայություններ), ինչպես նաև պատմության թանգարանից, արվեստի և գիտության դասարաններից, թատերական և համերգային դահլիճներից և այլն:

Ծրագրի իրականացումը, ըստ հեղինակ Արմեն Վարդանյանի, կարևոր է մի քանի տեսանկյունից. կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, երկրի ՀՆԱ-ն կավելանա տարեկան ավելի քան 100 մլն դոլարով, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր-հանգստավայրերի շնորհիվ հնարավոր կդառնա տարբեր միջազգային հյուրանոցային բրենդների մուտքը Հայաստան, կավելանա զբոսաշրջությունը և այլն: Սակայն ծրագրի ամենակարևոր կողմերից մեկը Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցումն է, որը բնական ռեսուրսներով ոչ հարուստ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:

Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի կարծիքով, եթե ջրամբարն այնտեղ չլինի, ծրագիրը չի իրականանա, քանի որ ջրային մակերեսը շատ կարևոր է թե՛ միկրոկլիմայի, թե՛ սպորտի և տուրիզմի զարգացման տեսանկյունից:

ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը նույնպես անչափ կարևոր է համարում ջրամբարի կառուցումը. «Հայաստանի պարագայում, եթե ջրային պրոբլեմը չենք լուծում, չենք լուծում նաև պարենայինը, վառելիքաէներգետիկը և բնապահպանականը»,-ասում է նա` նշելով, որ ապագայում Հայաստանն ունի երկու խոշորագույն խնդիր`գլոբալ տաքացումը, որը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման, տեղումների նվազման և գոլորշիացման ավելացման, և այսպես կոչված հարևանները` Թուրքիան ու Ադրբեջանը:

Ըստ Մովսիսյանի` թուրքերն Արաքսի գլխամասերում 24 մլրդ դոլարի ջրաշինարարական աշխատանքներ են իրականացնում, որը կհանգեցնի Արաքսի պաշարների նվազեցման: «Մենք չպետք է ելնենք մեր ֆինանսական սուղ հնարավորություններից, այլ պետք է ավելի հեռուն նայենք. հողի կռիվը չի ավարտվել, իսկ ջրի կռիվը նոր է սկսվում»,- կարծում է Մովսիսյանը` հորդորելով այդ հարցում չպարտվել:

Հանրային խորհրդում ծրագրի քննարկման ժամանակ հնչած մեկ այլ կարծիքի համաձայն` ջրամբարի կառուցումը կարևոր է նաև սելավներից պաշտպանվելու առումով, քանի որ ամեն տարի սելավները լուրջ խնդիրներ են առաջացնում ազգաբնակչության շրջանում:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ այս ծրագրի մեջ առանցքայինը պետք է լինի ջրամբարի կառուցումը. «Փաստորեն, ծրագիրը լուծում է ջրամբարի խնդիրը` ոչ թե բեռ դնելով բյուջեի վրա, այլ ժամանակակից բիզնես-պլանի միջոցով»,-ասում է նա:

Ըստ Վարդանյանի` համապետական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրամբարի առկայության շնորհիվ այդ հանգստյան գոտին կդառնա Հայաստանի ամենաշատ այցելու ապահովող զբոսաշրջային ուղղությունը: «Շահում են ներդրողները, շահում է պետությունը, և ամենից շատ շահում է ժողովուրդը»,- այս կարգախոսով է առաջնորդվում ծրագրի հեղինակը:

Ծրագիրը կառավարելու առաջարկով հեղինակները դիմել են «MGM Resorts» ընկերությանը, որն էլ շուկայի նպատակային գնահատման համար դիմել է միջազգային հեղինակավոր «Դը Իննովեյշըն գրուփ» կազմակերպությանը: Վերջինս, համապատասխան ուսումնասիրություններ կատարելով, պատասխանել է, որ «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի շուկայի ներուժը գերազանցում է միջազգային ասպարեզում նմանատիպ ծրագրերին. «Կարճ ասած` մենք ունենք ամենալավ ծրագիրն աշխարհում»,-ասում է Վարդանյանը:

Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 350-400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել:

Չնայած ծրագիրը ներկայացվել է բազմաթիվ պետական և մասնավոր կառույցների ուշադրությանը` արժանանալով դրական արձագանքի և բարձր գնահատականի, այն առայժմ ընթացք չի ստացել. թերահավատությունը հայ ներդրողների միավորվելու և միահամուռ ուժերով ծրագիր իրականացնելու առնչությամբ խանգարել է գործին, և գաղափարը  մնացել է թղթի վրա:

«Բարձր ատյաններից միշտ հնչում է, թե միասնական ուժերով միայն հնարավոր կլինի դիմագրավել այսօրվա մարտահրավերներին և Հայաստանում ստեղծել ապրելու և գործելու  անվտանգ ու բարենպաստ պայմաններ,- հիշեցնում է Վարդանյանը,- այս ծրագիրը հենց այդպիսի գաղափար է, և  յուրաքանչյուր հայ ներդրող պետք է պատիվ համարի մասնակցել այսպիսի համազգային ծրագրի իրականացմանը, որը կապահովի նաև ավելի քան 30 տոկոսի ներդրումների շահութաբերություն»:

Հարց է ծագում` եթե ծրագիրն իսկապես ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար և բիզնեսի տեսանկյունից էլ բավականին շահագրգռող է, ապա ինչո՞ւ դրան ընթացք չի տրվում և ինչո՞ւ ներդրողներ չեն հայտնվում:

Վարդանյանը բացատրում է, որ հայ գործարարները «ռիսկ չեն անում» ներդրումներ կատարել`  սպասելով ծրագրի վերաբերյալ բարձր ատյանների դրական դիրքորոշմանը, պարզ ասած` երկրի ղեկավարության «դաբրոյին»: Ըստ նրա` այս հարցում շատ կարևոր են նաև ՀՀ նախագահի և վարչապետի դիրքորոշումն ու քայլերը, քանի որ դրանք կնպաստեն, որ այն կարևորվի նաև ներդրողների համար. «Մի քանի ներդրողների և մասնագետների կողմից ծրագրի իրականացմանը մասնակցելու պատրաստակամությունը կառաջացնի շղթայական ռեակցիա, և շատ ներդրողներ ու անհատներ կհետևեն նրանց օրինակին»,-կարծում է նա:- Ծրագրի իրականացման համար կան բոլոր նախադրյալները, և կարող է խոչընդոտել միայն ազգային համագործակցության ցածր մակարդակը»:

Վարդանյանին ամենաշատը վախեցնում է անտարբերությունը. «Առողջ քննադատությունը շատ ավելի գերադասելի է, քան անտարբերությունը: Քննադատության արդյունքում ծրագրերը հղկվում են, մինչդեռ անտարբերությունը կարող է ճակատագրական լինել և սպանել ծրագրերը»:

Վարդանյանը հույս ունի, որ Հանրային խորհուրդը կարող է հարցը բարձր մակարդակով ներկայացնել ՀՀ ղեկավարության, ներդրողների և ժողովրդի ուշադրությանը և դարձնել հասարակական քննարկման առարկա, որն էլ կհանգեցնի ծրագրի շարունակական հղկմանն ու իրականացմանը:

Հանրային խորհուրդը պատրաստվում է համապատասխան փաստաթուղթ ներկայացնել ՀՀ նախագահին` հայտնելով ծրագրի վերաբերյալ նաև ՀԽ դրական դիրքորոշումը: Թե ինչ ընթացք կստանա գործը դրանից հետո, պարզ կլինի ապագայում:

 

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply