Ինչու՞ է Բեկոր Փափազյանը հրաժարական տալիս

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 9, 2011 13:27

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից կլքի իր պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն: Այդ պաշտոնը ստանձնել է Արման Խաչատրյանը, որ մինչ այդ «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրենն էր:

ՀԱՄՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատել է, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարևոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման և ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պրն Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջև դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաև մեկնարկել են հիմնադրամի առանցքային և խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց»:

Թե այս դեպքում ինչու է Փափազյանը հրաժարական տալիս, «Անկախը» փորձեց տեղեկանալ Բեկոր Փափազյանից, բայց Ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ բիզնես էթիկայից ելնելով` նա մինչև հունիսի 15-ը լրագրողների հարցերին չի պատասխանի:

«Հրաժարականի պատճառը կապված է այն հանգամանքի հետ, որ ՀԱՄՀ-ի հաջորդ փուլն իր բնույթով ավելի ծրագրային է, գործնական, իսկ նախորդող փուլում` հիմնադրման կամ սկզբնական գործընթացում, Փափազյանն իր առաքելությունը հաջողությամբ իրականացրել է: Նա համարում է, որ հաջորդ փուլում ինքն անելիք չունի»,- «Անկախի» հետ զրույցում ասացին ՀԱՄՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տաթև գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա` Սվարանցում,  «Fortune Oil» ընկերության կողմից երկաթի հանքավայրի շահագործման հարցը դեր ունի Փափազյանի հրաժարականի հարցում, թե ոչ, պատասխանեցին, որ դա հաճախ տրվող հարցերից է, բայց «կարծում եմ, որ ոչ»: Ըստ «Հետքի»` Բեկոր Փափազյանը դարձել է հանքարդյունաբերության զոհ: Սակայն «Հետքի» հարցին, թե իր հրաժարականի իրական պատճառը Սվարանցի հանքավայրի շահագործումը չէ՞ արդյոք, Բեկոր Փափազյանը հրաժարվել է պատասխանել:

Կառավարչի նշանակման ու ազատման գործառույթը վերապահված է Մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որը հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է: Հոգաբարձուների խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Բացի դրանից, խորհրդի անդամներն են «Վիվասել ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «McKinsey & Company»-ի առաջադեմ արդյունաբերության հատվածի տնօրեն և համաշխարհային առաջնորդ Անդրե Անդոնյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, «Flagship Ventures»-ի գործադիր տնօրեն, ղեկավարող գործընկեր Նուբար Աֆեյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, «Wolters Kluwer Pci»-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «Troika Dialog»-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանը, Համահայկական բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:

«Հետքի» հունիսի 1-ին հրապարակված հոդվածում ասվում էր. «Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նոր գործադիր տնօրենը, բայց վստահաբար կարող ենք ասել, որ նա կողմ է լինելու Տաթևի հարևանությամբ երկաթի հանքավայրի շահագործմանը»:

Հունիսի 15-ին, երբ Արման Խաչատրյանը կսկսի իր աշխատանքը, «Անկախը» բացառիկ հարցազրույց կանի նրա հետ` պարզելու նրա տեսակետները այդ և մամուլում տեղ գտած այլ  հարցերի վերաբերյալ (օրինակ` «Կապիտալ» օրաթերթը գրել է, որ Խաչատրյանի նշանակումը կատարվել է ՀՀ օրենքի խախտմամբ,  իսկ «Հրապարակի» հոդվածում ասվում է,  որ նա «նույնքան լավ մենեջեր է, որքան 2 տարեկան երեխան»):

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply