ԺԱԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ. «…Պրեմիերայի օրն իմացա, որ Վերնոյն Աբգարի դերի համար առաջինն ընտրել էր Շառլ Ազնավուրին»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 13, 2011 7:00

Ֆրանսահայ մեծանուն դերասան Ժակի Ներսեսյանի Հայաստան այցը կարելի է իրադարձություն համարել: Վերջերս նա մասնակցեց հանրահայտ կինոբեմադրիչ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք ցուցադրություններին Երևանում և Գյումրիում։ Արկածային ֆանտաստիկ ժանրի ֆիլմում, որը հիմնված է Ֆրանսիայում հայտնի միպատկերապատման վրա, ըստ Ներսեսյանի, նա առաջին անգամ է կերտել ֆրանսիացու կերպար: «Նկարահանումներն օրական տևում էին 10 ժամ, իսկ մինչ այդ իրականացվում էին երկարատև դիմահարդարման աշխատանքեր»,- պատմում է դերասանը։

«Անկախ» շաբաթաթերթը բացառիկ հնարավորություն ունեցավ հանդիպելու և զրուցելու Ժակի Ներսեսյանի հետ:

Պարոն Ներսեսյան, որտե՞ղ են Ձեր արմատները:

– Անշուշտ, հայկական արմատներ ունեմ: Ես ֆրանսահայ եմ: Երբ մանուկ էի, իմ մեծ մայրը  ցանկանում էր, որ անունս Աբրահամ լինի: Մեծ մայրս սիրահարված էր Հայաստանին: Հիմա, անկեղծ ասած, մի քիչ սրտնեղում եմ, որ որոշ հայեր ինձ ասում են, թե հայկական միջոցառումների ժամանակ պետք է ներկա գտնվեմ, բայց հենց այդ նույն մարդիկ չարախոսում էին, որ ես փոքր ժամանակ թուրքերեն եմ խոսել: Ուղղակի  նման մարդկանց չեմ հարգում: Անհամբեր չեմ սպասում, որ Ֆրանիսայի Սենատն ընդունի օրենք որ, այո, ցեղասպանությունը եղել է, ինձ համար ցեղասպանությունը եղել է, փաստ է:

Մորս կողմը գաղթած հայի ճակատագրին է արժանացել: Այդ ժամանակահատվածում փախան Հունաստան, մի հրաշալի կղզի, որի անունը Սեֆալոնիա է: Մայրս հրաշալի խոսում ու գրում էր հինգ լեզվով: Իսկ հայրս մեծացել է մանկատանը, ծանր մանկություն է ունեցել: Մինչև հիմա էլ չգիտենք, թե մեծ մայրս ինչպես է հայտնվել Ֆրանսիայի ամենամութ ու բանվորական քաղաքներից մեկում:

Հենց Ֆրանսիայու՞մ եք կրթություն ստացել

-Անշուշտ, կրթություն ստացա Ֆրանսիայում: Այնտեղ, որտեղ սովորում էի, մեծ մասամբ ինձ հետ ուսանում էին օտար ծագումով երեխաներ: Հետաքրքիրն այն է, որ միայն ուսուցիչն էր ֆրանսիացի: Բայց մեր սերունդը բախտավոր էր, այնպիսի ուսուցիչ ենք ունեցել, որ մեզ սովորեցրել է  սիրել ֆրանսերենը: Մինչ օրս տարին երկու անգամ զանգահարում եմ 80-ամյա ուսուցչիս, որովհետև իրոք երախտապարտ եմ նրան:

Ինչպե՞ս սիրեցիք կինոն. դա մասնագիտական կրթությունի՞ց էր:

-Ես դերասանական կրթություն ստանալու կարիք չունեի, որովհետև իմ մեծ մայրը մտածում էր, որ ես իր ամուսինն եմ: Աբրահամ էր անունս: Երբ ինձ կանչում էր, ասում էր «մեթխ». դա իրավաբանի ամենաբարձր աստիճանն է Ֆրանսիայում: Նա, իհարկե,  երևակայում էր, որ ես իր ամուսինն եմ: Այդ ժամանակվանից հասկացա, որ դերասան եմ. դա ինձ տրված է ի վերուստ: Գիտեք, քանի որ մայրս ու տատիկս շատ էին լաց լինում, գիտակցեցի, որ կանանց պետք է ծիծաղեցնել: Եվ մինչև այսօր, երբ սիրահարվում եմ կանանց, փորձում եմ  նրանց ծիծաղեցնել:

Հայության մասին Ձեր պատկերացումները կարծես թե ձևավորվեցին «Մայրիկ» ֆիլմով. ցեղասպանությունից մազապուրծ մի ընտանիքի պատմություն, որը ապաստան էր գտել Ֆրանսիայում

-«Մայրիկ» ֆիլմում ես մարմնավորում էի Աբգարին: Հետո միայն նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյն ասաց, որ իրականում Աբգար անունով մի տղա է եղել, որ այդ բոլոր դժբախտությունների միջով անցել է: Աբգարի մասին սկսեցի շատ հետաքրքրվել, ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսի՞ն է իրականում եղել այդ մարդը: Իմացա ամենակարևորը. նա սակավախոս էր:

Անրի Վերնոյի «Մայրիկն» իմ ամենասիրած ֆիլմերից է, որում հանդես են եկել ժամանակի լավագույն աստղերը, ինչպե՞ս ընդգրկվեցիք ֆիլմում:

-Անրին ինձ չընտրեց, ես նրան ընտրեցի (ծիծաղում է): Սկզբնական շրջանում ծրագրված էր, որ ես մեկ օրվա դեր եմ խաղալու, մի փոքրիկ, խղճուկ էպիզոդիկ դեր: Անչափ վիրավորված էի: Ամեն գնով իմացա Անրի Վերնոյի հեռախոսահամարը: Շատ դժվարությամբ ինձ հաջողվեց կապվել նրա հետ, ասացի, որ իմ հանդեպ սխալ է վարվել, մի կարգին դերընտրություն չարեց` այդ պահին չմտածելով, թե իրականում որքան հայտնի մարդու հետ էի խոսում: Այդ ժամանակ նյարդերս, իրոք, տեղի էին տվել: Պարոն Վերնոյն ասաց. «Տղա, ի՞նչ ես ուզում ինձնից, հեռու մնա»: Բայց ես խնդրեցի, որ ընդամենը 5 րոպե ինձ տրամադրի, ընդամենը 5 րոպե: Ասաց, որ ժամանակ չունի: Օրեր անց ինձ հաջողվեց հանդիպել Վերնոյի հետ, և նրա համար այդքան թանկ 5 րոպեն դարձավ մեկուկես ժամ: 15 օր հետո պարոն Վերնոյը զանգահարեց ու ասաց, որ ուզում է ինձ տեսնել: Նա ինձ փոխանցեց ցեղասպանության մասին մի ծավալուն տեքստ ու ասաց. «Երբ պատրաստ կլինես, արի հանդիպենք»: Նա վստահեցրեց, որ բավական լուրջ դեր է ինձ տալիս: Եվ երբ ամեն ինչ փայլուն անցավ, պրեմիերան ուղղակի ֆանտաստիկ էր, Վերնոյը, աչքերը թաց, ասաց. «Տեսնո՞ւմ ես, իսկ ես Աբգարի դերն ուզում էի վստահել Շառլ Ազնավուրին»:

Ֆիլմում կայի՞ն տեսարաններ, որոնք նկարահանեցիք, բայց ֆիլմում չօգտագործվեցին:

-Ինձ համար նախատեսված չկային: Ինչ որ նկարահանել են, ֆիլմում կա:

Զարմանալի է, պարոն Ներսեսյան, ինչպե՞ս հաջողվեց տիպիկ հայի դեր մարմնավորել:

– Հակառակ բոլոր ծույլ մարդկանց, ես  չափազանց աշխատասեր եմ: Մի շաբաթ ձայնագրիչով պտտվում էի ամբողջ Մարսելում ու խոսում տեղի գաղթած հայերի հետ: Հարցնում էի՝ երբ նավով եկաք հասաք, ի՞նչ զգացիք այդ պահին, մարդիկ ասում էին. «Առաջինը տեսանք մոտակա հացի խանութը»: Ես հասկացա, որ նրանք չեն խաբում, քաղցած էին: Խոսում էի բոլորի հետ: Ֆիլմի մյուս հատվածը կաղ ոտքով Աբգարն էր: Ես հետաքրքրվեցի ու իմացա, որ կաղ մարդիկ վախենում են երեխաներից, որովհետև նրանք ծաղրում են: Վերնոյն այդ ժամանակ կես կատակ-կես լուրջ ասաց. «Մեկ է, մյուս երեխաները կծիծաղեն քեզ վրա»:

Մայրիկ» ֆիլմում հռչակավոր ֆրանսիացի դերասաններ կային: Դուք նրանց հետ ծանոթացաք ֆիլմի ընթացքո՞ւմ, թե՞ դրանից ավելի առաջ:

-Ես Օմար Շարիֆին ճանաչեցի կինոյի միջոցով, ու մինչև հիմա լավ ընկերներ ենք: Մյուսներին ճանաչեցի, բայց շփվելու առիթներ չեն լինում:

Մի քիչ խոսենք Ձեր կյանքի մասին:

-Ամուսնացա և բաժանվեցի (ծիծաղում է): Ունեմ մի մեծ տղա, որի անունը Հմայակ է, նա նկարիչ է: Շատ մտերիմ, ընկերական հայր ու որդի ենք, հազվագյուտ սեր կա մեր մեջ: Հաճախ մտածում եմ, որ որդուս եղբայրն եմ: Բախտավոր մարդ եմ, քանի որ միշտ աշխատել եմ, արել եմ այն, ինչ իմ սրտով է եղել: Օրինակ՝ սովորել եմ աստվածաբանություն, որովհետև շատ եմ սիրել: Ես ու կինս հանդիպել ենք հայկական կոչվող արձակուրդի ժամանակ: Ես 16 տարեկան էի, ինքը` մեկ տարի ինձնից փոքր: Այդքան շուտ ամուսնացա: Երիտասարդական սեր էր, Արևալույսը միակն էր ինձ համար:

Գիտեմ, լսել եմ, որ Դուք հայտնի եք նաև որպես հեռուստառադիոհաղորդավար: Մեր երկրում քչերը թերևս գիտեն այդ մասին

-Այո (ժպտում է), ես երկար ժամանակ աշխատում էի ռադիոյում և հեռուստատեսությունում: Ռադիոյում կանչում էի գեղեցիկ տիկնանց ու հարձուփորձ անում: Կարող եմ ասել` Ֆրանսիայում ավելի հայտնի եմ որպես հաղորդավար, քան դերասան: Չնայած նկարահանվել եմ 50 ֆիլմում: Հեռուստատեսությամբ մի պրովոկացիոն հաղորդում ունեի, և այն շատ սիրվեց:

Իսկ ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Բանաձև չկա: Եթե մեր շուրջն ենք նայում, ապա հասկանում ենք, որ ամեն մարդ վաղն է սպասում է իր հաջողությանը, երբեք չի վայելում իր այսօրվա հաջողությունը: Ես այն մարդկանցից եմ, ովքեր չեն սպասում վաղվա հաջողությանը:

Դուք մի քանի անգամ է, ինչ այցելում եք Հայաստան: Ի՞նչն էր առավել տպավորիչ:

-Միշտ ինձ զարմացրել է, որ Հայաստան այցելելիս լրագրողները նախ հարցնում են, թե ինչ եմ մտածում հայրենիքիս մասին: Ես, օրինակ, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր համեմատում են Աբովյան փողոցը և Շանզէլիզեն: Եթե պետք է համեմատեն, ուրեմն թող Ֆրանսիայում մնան: Մեր միջև նմանություններ կան, որովհետև հայ ենք, բայց և կան տարբերություններ, չնայած որ հայ ենք:

Ձեր աչքերով հայի կերպարը, պարոն Ներսեսյան, մեկերկու բառով բնութագրեք

-Մեկ նախադասությամբ ասեմ` ֆրանսիացին ավելի շատ է վազում, քան հայը: Ֆրանսիացին ժամանակի հետևից է վազում, իսկ Երևանի փողոցներում կարող ես որևէ մեկին հանդիպել, և մեկ ժամ նրա հետ խոսել, Ֆրանսիայում նման բան չկա: Այնտեղ, օրինակ, ես հարցազրույցների համար հիմնականում ժամանակ չեմ ունենում, եթե ունենում էլ եմ, ապա լրագրողին հարցնում եմ, թե երբ է գալու և երբ գնալու: Իսկ այստեղ,  մենք շատ ժամանակ ունենք (ժպտում է), միայն մի բան է ինձ անհանգստացնում, որ վաղն առավոտյան պետք է լինեմ Փարիզում: Ես սիրում եմ Հայաստանը, բայց այն մարդկանցից չեմ, ովքեր օդանավից իջնում են և հողն են համբուրում: Գիտեք, Հայաստանն ինձ համար և՛ շատ լավ կողմեր ունի, և՛ շատ վատ:

Ասում են` մեծ մարդիկ դժվարությամբ են հաջողության հասնում, ու ինչպես գեղեցկության մրցույթների ժամանակ, ավելի հեշտ է թագին տիրանալը, քան թագակիր լինելը. նույնը նաև մեծ մարդկանց կյանքում է, ինչպես, ասենք, Շառլ Ազնավուրի

-Ազնավուրը այլ սերնդից է, ես այլ սերնդից եմ: Նա ստիպված եղավ փոխել ազգանունը, ես չեմ փոխել. ես Ժակի Ներսես չեմ: Ես էլ խնդիրներ չունեցա, Սերժ Ավետիքյանն էլ չունեցավ: Սերունդների հարց էր, այն ժամանակ պատերազմ էր: Ամենադժվարն այն էր, որ վերջերս մի հայի կերպար պետք է մարմնավորեի, բայց ռեժիսորը հասկացավ, որ ես ախր շա՜տ եմ հայի նման (ծիծաղում է):

Ձեզ պես հանրաճանաչ մարդու համար ժամանակը երևի շատ թանկ է: Հետաքրքիր է իմանալ` ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

-Սիրում եմ լսել երաժշտություն: Ասեմ, որ երբ 12 տարեկան էի, կարդում էի Ֆյոդոր Դոստոևսկու վեպերը, ռուս գրականությունը շատ եմ սիրում: Շատ եմ սիրում հոգեբանություն ուսումնասիրել, երևի կապված է իմ աշխատանքի հետ: Եվ ես այն երջանիկներից եմ, ովքեր լավ ընկերներ ունեն: Եթե լավ ընկերներ ունես, ուրեմն ժամանակիդ մի մասն էլ պետք է նրանց տրամադրես: Երևանում ունեմ մի լավ ընկեր` «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Աշխեն-Վալերի Գործունյանը: Եվ շատ ընկերներ ունեմ աշխարհի տարբեր մասերում, որոնց էլ, անշուշտ,  ահագին ժամանակ տրամադրում եմ:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

 

 

 

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply