Ռ. Սաֆրաստյան. «Հայկական հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը կարեւոր է Հայաստանի համար»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2011 12:14
Հայկական հարցի քաղաքական լուծման մասին Եվրախորհրդարանի’ 1987 թ-ի հունիսի 18-ին ընդունած բանաձեւը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այնտեղ առաջին անգամ Եվրախորհրդարանը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը’ հավելելով, որ դա շատ մեծ արձագանք ստացավ ամբողջ աշխարհում: Ըստ նրա’փաստաթղթի ընդունումն արդյունք է առաջին հերթին ֆրանսահայ համայնքի ակտիվ ջանքերի եւ Եվրոպայի ողջ հայության պայքարի: «Սակայն փաստաթղթում մի կետ կա, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում ժամանակակից իրողություններին: Դա այն է, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատվություն չի կրում Հայոց ցեղասպանության համար: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ առումով թուլացնում է փաստաթղթի նշանակությունը»,- շեշտեց թուրքագետը’ հավելելով, որ պետք է ակտիվ աշխատանք տանել այդ դրույթի վերափոխման համար: Նրա խոսքով’ Եվրախորհրդարանը մի քանի անգամ վերահաստատել է բանաձեւը, իսկ դա նշանակում է, որ Եվրախորհրդարանը վերահաստատում է Եվրամիության երկրների հասարակական կարծիքը, որը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Եվրամիության որոշ անդամ պետություններ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է կարողանանք օգտագործել այդ փաստաթուղթը’ որպես եվրոպական հասարակական կարծիքի արտահայտում, եւ դա մատնացույց անենք այն պետություններին, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- շեշտեց Ռ. Սաֆրաստյանը:
Նշենք, որ ըստ բանաձեւի’ Եվրախորհրդարանը գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն’ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից’ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:






Facebook
Tweet This
Email This Post
