Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 19:35

Երևանի քաղաքապետի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ շարունակվում են: Էրեբունի վարչական շրջանում Կարեն Կարապետյանի շրջայցը սկսվեց Էրեբունու գյուղմթերքների շուկայից:

Մայրաքաղաքում գործող շուկաների տնօրենների առջև դեռևս տարեսկզբին Երևանի քաղաքապետի կողմից հստակ խնդիր էր դրվել` շուկաներում պահպանել անհրաժեշտ պայմաններն ու սանիտարական պատճաշ վիճակը: Այս շուկայում վերջերս թարմացվել են առևտրային տաղավարները, բայց անելիքները դեռևս շատ են: Ծանոթանալով շուկայում առկա պայմաններին, Կարեն Կարապետյանը տնօրենին հորդորեց ապահովել համապատասխան պահանջների կատարումը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացավ նաև

Էրեբունիում իրականացվող բարեկարգման ծրագրերի ընթացքին:

Մուրացանի 113/1 հասցեում գտնվող բակն ամբողջությամբ վերջերս է վերանորոգվել` տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, կենտրոնում կառուցվել է արձանով շատրվան:

Բնակիչների համար օրը տոնական էր Ավանեսով 7/1 բակում: Այստեղ շահագործման հանձնվեց ժամանակակից խաղահրապարակով կահավորված բակը, որը փոքրիկ բնակիչների համար ամենասպասված և ամենացանկալի նվերն էր:

Քաղաքապետը զրուցեց տարածքի համատիրությունների ղեկավարների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքին և օրինակելի համարեց մասնավորապես ՙԱրգիշտի՚ համատիրության գործունեությունը: Այստեղ, ինչպես համատիրությունը, այնպես էլ բնակիչները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Արդյունքում բակը բարեկարգ է, մուտքերի դռները փոխված, վերելակի հետ կապված խնդիրներն էլ ժամանակին են լուծվում:

Կարևորելով վարչական շրջան, համատիրություն, բնակիչ համատեղ աշխատանքը, Կարեն Կարապետյանը նշեց, որ այս կերպ աշխատանքը կլինի առավել կանոնակարգված և առաջացած խնդիրներն էլ կլինեն հասցեագրված ու ժամանակին լուծում կստանան:

Սասունցի Դավթի արձանին հարակից տարածքն այս տարի նորովի է կանաչապատվել:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջաններից յուրաքանչյուրում կստեղծվեն ժամանցային և մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ: Էրեբունիում բնակիչների ժամանցի կազմակերպման յուրօրինակ վայր կդառնա հենց երկաթուղային կայարանի հարակից այս հրապարակը:

Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև ՙԼիոնի՚ այգում ընթացող աշխատանքների ընթացքին:

Մայրաքաղաքում ՙԼիոնի՚ այգու հիմնումը Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008-2011 թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվում:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Անդրադառնալով աղբահանության կազմակերպման, կանաչապատման, ինքնակամ շինարարության, սեփական եկամուտների հավաքագրման և վարձակալությամբ տրված տարածքների խնդիրներին, քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply