Հե՜յ գիտի, Հիտլե´ր
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 25, 2011 18:40
Օրերս Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոն հայտարարել է, թե Իսրայելի Կնեսետը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այստեղ հետաքրքրականը (ավելի ճիշտ` վիրավորականը) պարոն դիվանագետի բնորոշումներն են: Իր հայտարարությունում, մասնավորապես, պարոն Այալոն ասել է, որ «հարյուրամյա վաղեմության ինչ-որ վիճելի հարցի պատճառով» Իսրայելը չի ցանկանա վատացնել հարաբերությունները մահմեդական աշխարհում իր հիմնական դաշնակցի` Ադրբեջանի հետ:
Էստեղ կասեն` ականջդ կանչի, Հիտլե´ր: Չէ՞ որ նա էր, որ աշխարհում առաջինը պետական ամբիոնից բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին: Բարձրաձայնեց` սկսելով հրեաների ցեղասպանությունը: Եվ այսօր Հիտլերի զոհերի ժառանգները չեն ցանկանում ճանաչել իրենց դահճի ճանաչած պարզ ճշմարտությունը` վկայակոչելով ինչ-ինչ դիվանագիտական հարաբերություններ:
Պատկերացրեք, ասենք, Անգլիան կամ Իսպանիան չցանկանային ճանաչել հոլոքոստը որպեսզի չվատացնեն դիվանագիտական հարաբերությունները Ավստրիայի հետ:
Ականջդ կանչի, Հիտլե´ր… դու շատ ավելի ազնիվ էիր, քան Իսրայելի ներկայիս դիվանագետները:
Ասել կուզի` Իսրայելի փոխարտգործնախարարի համար միակ ցեղասպանությունը միայն հրեաներինն է: Երբ միլիոնավոր հրեաներ նացիստների ձեռքով ողջակիզվեցին իրենց հայրենիքից, բնօրրանից հեռու, դա, ըստ պարոն Այալոյի, ցեղասպանություն է, իսկ երբ միլիոնավոր հայեր իրենց բնօրրանում, պատմական հայրենիքում յաթաղանի զոհ դարձան, դա իսրայելցի դիվանագետի համար «հարյուրամյա վաղեմության ինչ-որ վիճելի հարց է»:
Իրապես ցավալի ու վիրավորական է: Ճիշտ է «վերքը տիրոջն է ցավ տալիս», սակայն այս դեպքում իսրայելցի դիվանագետը պետք է որ լավ հասկանար հայերի ցավն ու վերքը…
Ուղղակի պարոն Այալոյի համար ցեղասպանության այլ չափորոշիչներ կան: Ինչո՞ւ չէ, նաև հոլոքոստի հետևանքով անհայրենիք ու թափառական հրեա ժողովուրդը պետություն ու պետականություն ստացավ, իսկ մենք ցեղասպանության հետևանքով ունեցածն էլ կորցրինք:
Հե՜յ գիտի, Հիտլե´ր, դու շատ ավելի ազնիվ էիր, քան Դանի Այալոն:
Վահե Անթանեսյան






Facebook
Tweet This
Email This Post
