Իշխանությունը պատրաստ է լինել ՀԱԿ-ի առաջարկները առաջ տանողի դերում, բայց ոչ բանակցել
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | June 8, 2011 18:33
Մայիսի 31-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի հաջորդ օրն իսկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ՀԱԿ–ի երկխոսության գնալու քայլը` ընդգծելով, որ երկխոսության ձևաչափն ու ժամանակը կորոշի նախագահ Սերժ Սարգսյանը: Շատ արագ ՀԱԿ–ը հրապարակեց բանակցությունների իր պատվիրակության կազմը: Տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀԿ խորհդի նիստ է հրավիրվելու, որտեղ որոշվելու է իշխանության պատվիրակության կազմը: Նիստը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, սակայն ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀԱԿ–ի հետ երկխոսության հարցը չի քննարկվել:
Ավելին, դրան անմիջապես հետևեցին ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների հայտարարությունները, որ իրենց համար ընդունելի չէ ընդդիմության օրակարգը, այն է` անցկացնել արտահերթ ընտրություններ, բացի այդ, հասկացրին, որ իրենք ամենևին էլ չեն պատրաստվում պատվիրակություն ձևավորել ընդդիմության հետ ֆորմալ բանակցությունների նստելու համար:
Նախագահի խոսափող համարվող Էդուարդ Շարմազանովը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Չեմ կարծում, թե ՀԱԿ-ը, ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով, կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված և նույնն իրավունք ունի նաև ակնկալելու ՀԱԿ-ից: ՀԱԿ-ի` տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»:
Սրանից հետո էլ երկխոսության շուրջ իշխանության պատկերացման մասին խոսեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը` նկատելով, որ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և արդեն իսկ հանգեցրել է մի շարք դրական փոփոխությունների. «Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է»,- ասաց նա: Նա թե՛ պատվիրակություն ձևավորելու և թե՛ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու պահանջները որակեց ինքնանպատակ և անընդունելի: Կարեն Կարապետյանն էլ ևս մեկ անգամ շեշտադրեց, որ իշխանությունը պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության և նաև պատրաստ է հանդես գալու ՀԱԿ-ի բոլոր «հանուն» առաջարկները առաջ տանողի դերում:
Իհարկե, այս օրերին իրենց ասուլիսներով ու հայտարարություններով նույնքան ակտիվ էին ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Նրանք, ի պատասխան իշխանության դաշտից հնչող կարծիքների ու առաջարկների, կրկին շեշտադրեցին, որ երկխոսելու են միայն արտահերթ ընտրությունների շուրջ, իսկ նրանց հայտարարությունները ՀԱԿ-ի անդամները որակեցին որպես ՀՀԿ-ի առանձին ներկայացուցիչների անձնական կարծիք` պնդելով, որ իրենք կոնկրետ պատասխանի են սպասում միայն երկրի նախագահից: Այսինքն` տեղի ուենցավ այն, ինչ կարելի էր ակնկալել, քանի որ մինչև ՀԱԿ-ի հանրահավաքը երկու կողմն էլ, խոսելով երկխոսության մասին, փորձում էին չնկատել, թե ինչպես է դիմացի կողմը պատկերացնում երկխոսության ձևաչափն ու հատկապես բովանդակությունը:
ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ հայտարարել են, որ եթե իշխանությունը փորձի վիժեցնել երկխոսության գործընթացը, ապա կսկսվեն հեղափոխական գործընթացներ, որոնք զսպվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, կամ, այսպես ասած, ջրբաժան տեղի կունենա: Եվ առհասարակ ՀԱԿ-ի շահերը ներկայացնող մամուլն այս օրերին անընդհատ գրում է, թե ինչ խնդիր կա, որ իշխանությունը խուսափում է պատվիրակություն ձևավորելուց, եթե անգամ իրենց օրակարգը իշխանությունների համար ընդունելի չէ: Թող ձևավորեն, ներկայացնեն իրենց օրակարգը, համատեղ քննարկում անենք, տեսնենք` ինչ արդյունքի ենք հանգում: Սակայն իրականում այս ամենն այնքան էլ հեշտ չէ:
Ինչո՞վ կարող է ավարտվել երկխոսությունը
Նախ` մի քիչ դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կգնա պատվիրակության ձևավորման` քննարկելու այն օրակարգը, որ ՀԱԿ-ն է պահանջում: Բացի այդ, Սերժ Սարգսյանը չի կարող ձևավորել բանակցությունների պատվիրակության կազմ, քանի որ այստեղ շատ ավելի խորը խնդիրներ կան, քան փորձում է ներկայացնել ՀԱԿ-ը:
Ամենաառաջին հարցը, որին պետք է այս դեպքում պատասխան տալ, այն է, թե իշխանության պատվիրակությունը պիտի կազմված լինի զուտ ՀՀԿ անդամների՞ց, թե՞ պիտի ընդգրկի նաև կոալիցիոն մյուս ուժերին. մասնավորապես, խոսքը ԲՀԿ-ի մասին է: Եթե ԲՀԿ ներկայացուցիչ չընդգրկվի, նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է կոալիցիոն հուշագրում տեղ գտած պայմանավորվածություններից ու ԲՀԿ-ի թիկունքում համագործացություն է սկսում ՀԱԿ-ի հետ: Բայց ընդգրկելու տարբերակն էլ է անհավանական, քանի որ ԲՀԿ-ն հիացած չէ ՀԱԿ-ի հետ երկխոսության հեռանկարով, որով նաև ՀՀԿ-ն փորձ է անում նվազեցնել ԲՀԿ-ի դերակատարությունն ու զսպել նրա հավակնությունները` կապված ապագա խորհրդարանում սեփական կշռի բարձրացման հետ: Սա շատ ուղղակի կապված է նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ու Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան կոնֆլիկտի հետ:
Իսկ ինչ վերաբերում է սկսված երկխոսության ենթադրվելիք արդյունքներին, շատ հավանական է, որ այսքանով ամեն ինչ ավարտվի: Երկու կողմն էլ արդեն ստացել են որոշ քաղաքական շահաբաժիններ: Իշխանությունը խնդիր ուներ ընդդիմության ձեռքից վերցնելու մարտի 1-ի հետևանքների հաղթահարմանը վերաբերող հիմնական խաղաքարտերը և թույլ չտալ հաջորդ ընտրություններում շահարկելու դրանք: Եվ դա նրան հաջողվեց: Մյուս կողմից, իշխանության հետ նման հարաբերությունների մեջ մտնելով, ընդդիմությունը հենց ինքն է լեգիտիմացրել Սերժ Սարգսյանին, հետևաբար, անիմաստ է մտածել, որ այս պայմաններում իշխանությունն այսպես ուղղակի կգնա արտահերթ ընտրությունների, հատկապես, որ հայտարարում է, թե խորհրդարանը ցրելու ոչ մի օրենսդրական հիմք այս պահին չկա:
Հասկանալի է նաև, որ ՀԱԿ-ը հաստատ հանդես չի գա առաջարկությունների փաթեթով, քանի որ իր նպատակը սեփական դերակատարության բարձրացումն է, ոչ թե իշխանության առավել ժողովրդավար երևալու պայմանների ապահովումը: Սակայն այն, որ իշխանությունը պատրաստակամություն է հայտնում ներկայացնել ՀԱԿ-ի առաջարկները պետական գերատեսչություններում, արդեն նշանակում է, որ ճանաչում է ՀԱԿ-ի ծանրակշիռ դիրքը ընդդիմության դաշտում, ցույց է տալիս, որ պատրաստ է հաշվի նստել նրա կարծիքի հետ` որպես բնակչության մի զգալի մասի շահեր ներկայացնողի:
Հետևաբար, հնարավոր է, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն, վերադառնալով ելման կետին, որտեղ այլևս չկան մարտի 1-ի հետ կապված վիճելի խնդիրները, նոր որակի, առավել կառուցողական քաղաքական պայքարի շրջանակներում կգնան հաջորդ ընտրություններին, և իշխանությունը կապահովի ՀԱԿ-ի նշանակալի ներկայությունը խորհրդարանում: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ի անդամ Լյուդմիլա Սարգսյանն ընդունել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում էլ իրենք մեծամասնություն չեն կազմելու, այլ ամբողջ հարցն այն է, թե իրենք ինչպիսի ներկայացավածություն կունենան հաջորդ խորհրդարանում: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` արտահերթի դեպքում իրենք ավելի մեծ դերակատարություն կստանան ապագա խորհրդարանում, քանի որ արտահերթի դեպքում մթնոլորտն ուրիշ կլինի, իսկ կեղծիքներն ավելի քիչ կլինեն: Այլ կերպ ասած, ընդդիմությունն առաձնապես չի էլ թաքցնում, որ պայքարում է խորհրդարանի տեղերի համար:
Ամեն դեպքում, երկխոսության շուրջ այս գործընթացն առնվազն կշարունակվի մինչև հունիսի վերջը, քանի որ հունիսի 22-24-ը կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում Սերժ Սարգսյանը պիտի ելույթ ունենա, հետևաբար նրա համար շատ կարևոր է, որ կարողանա ներքին քաղաքական իրավիճակը ներկայացնի որպես կառուցողական, որը հենց ժողովրդավարական բարեփոխումների պատրաստակամության արդյունք է: Հնարավոր է նաև` Սերժ Սարգսյանը սպասում է, որ հենց իշխանական դաշտում կրքերը մի փոքր հանդարտվեն, և միայն այդ ժամանակ հայտարարություն անի:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
