Հնդկաստանում գլխուղեղի բորբոքման համաճարակի հետևանքով 200 երեխա է մահացել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2009 18:13

culex մոծակը վարակի տարածման հիմնական աղբյուրն է

culex մոծակը վարակի տարածման հիմնական աղբյուրն է

Հնդկաստանում արձանագրվել է ճապոնական գլխուղեղի բորբոքում կոչվող հիվանդության համաճարակ· հոսպիտալացվել են մոտ 900 վարակվածներ, առնվազն 200 մարդ մահացել է: Բոլոր վարակակիրները հիմնականում ապրում են Հնդկաստանի հյուսիսում` ՈւտարՊրադեշ նահանգում: Վարակի դեպքեր են գրանցվել նաև այդ նահանգի հարևանությամբ գտնվող Նեպալի Բիհար նահանգում: Վարակի էպիկենտրոն է համարվում հնդկական Գորակպուր քաղաքը, որը գտնվում է Նեպալի սահմանին մոտ:

Վարակվածների հիմնական մասը երեխաներ են աղքատ գյուղական ընտանիքներից` 6 ամսեկանից մինչև 15 տարեկան:

Գլխուղեղի բորբոքում հիվանդության բռնկում Հնդկաստանում տեղի է ունենում ամեն տարի սեզոնային անձրևների շրջանում, երբ ցածրադիր վայրերը ջրասույզ են լինում և նպաստավոր պայմաններ են ստեղծվում Culex tritaeniorhynchus կոչվող մոծակների բազմացման համար, որոնք էլ վարակի տարածման հիմնական աղբյուրն են:

Ճապոնական գլխուղեղի բորբոքում վարակիչ հիվանդության մասնագետ, բժիշկ Ռաշմի Կումարն ասել է, որ այս տարի համաճարակը շատ «դաժան» է, և հիվանդանոցներում անձնակազմը չի բավականացնում` հիվանդներին սպասարկելու համար:

Հիվանդության նկատմամբ հատկապես զգայուն են մինչև 15 տարեկան երեխաները: Այն առանձնահատուկ բուժում չունի, և դրա դեմ պայքարի հիմնական մեթոդը պատվաստումներն են, որոնք Հնդկաստանում արդյունավետ կերպով չեն իրականացվում:

2005-ին համաճարակի պատճառով 1500 երեխաների մահվանից հետո բողոքի ցույցեր տեղի ունեցան, ինչը ստիպեց կառավարությանը Չինաստանից այս հիվանդության դեմ պատվաստանյութեր գնել և սկսել պատվաստման գործընթացը:

Սակայն 2008-ին անվճար պատվաստանյութերը ՈւտարՊրադեշ նահանգ հասան միայն սեպտեմբերին, բացի այդ, մեծամասամբ պիտանի չէին օգտագործման համար` պահպանման պայմանների խախտման պատճառով:

Այս տարի, ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, պատվաստանյութի մատակարարումը ևս ժամանակին չի կատարվել:

Դիտվել է 2085 անգամ:
Print Friendly

Leave a Reply