Ճանաչեք ազգային կերակուրները. տոնական կերակրատեսակների ցուցահանդես-համտես Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 8, 2011 18:27

Հունիսի 12-ին մեկ միջոցառման շրջանակներում կներկայացվի հայկական 13 հիմնական տոների ավանդական խոհանոցը: Համտես-ցուցահանդեսը տեղի կունենա Էրեբունի թանգարանի բակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Ցուցահանդես-համտեսը Հայաստանում կանցկացվի երրորդ անգամ` նպատակ ունենալով տեսանելի, հասանելի և ճանաչելի դարձնել մոռացված  ու անտեսված հայկական ազգային խոհանոցը: Այդ օրն իրենց ազգային կերակրատեսակներով կներկայանան ոչ միայն հայ, այլև պարսիկ, վրացի, ասորի և հնդիկ խոհարարներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվող կերակրատեսակները կունենան խորհրդանշական գին, իսկ վաճառքից ստացված գումարը կտրամադրվի որևէ դպրոցի:

Միջոցառումը Հայաստանում արդեն երկու անգամ իրականացվել և մեծ հաջողություն է ունեցել: Կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպությունն է, որի նախագահը` «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, շատ է կարևորում ազգային խոհանոցի վերականգնումը. «Մեր խոհանոցն աշխարհի ամենահարուստ խոհանոցներից է,- ասում է նա,- այն մեր ազգի կենցաղն ու դիմագիծն է, որը ցավոք սրտի չի կարևորվել մինչև հիմա: Սակայն ես վստահ եմ, որ ազգային խոհանոցը մի օր կդասվի մեր ոչ նյութական մշակութային արժեքների շարքը»:

Կազմակերպության ազգագրագետ Մանան Առաքելյանի կարծիքով, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկություններից է առողջարարությունը. «Ոչ մի բաղադրիչ պատահական չի կիրառվել ուտեստի մեջ,- նշում է նա,- բացի այդ, ամեն տոն ունեցել է իրեն բնորոշ ուտեստը` համապատասխան ծիսական համալիրով, պատրաստման առանձնահատկություններով, երգ ու պարով»: Նա ասում է, որ մեր նախնիները չէին մտածում լոկ ուտելու և կշտանալու մասին, ուտեստը` որպես նյութական արժեք, իր ֆունկցիան կորցնում էր և դառնում ծիսական, ձեռք բերում գերբնական ուժերի, հավատալիքների հետ առնչվող հատկություններ:

Ազգագրագետի կարծիքով, ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ մենք ինքներս չենք ճանաչում մեր ազգային խոհանոցը. «Երբեմն մարդիկ էլ են կասկածում` տոլմա՞ է, թե՞ դոլմա, քանի որ իմացողի համար` աբսուրդ, չիմացողի համար խելքին մոտ մեկնաբանություններ են տրվում»,- ասում է նա` նշելով, որ միայն ճանաչելով և ճիշտ գնահատելով կարող ենք պաշտպանել մեր ազգային խոհանոցը:

Մեկ այլ խնդիր էլ խոհարարական լուրջ դպրոցի բացակայությունն է. «Ցավով եմ նշում, որ մեր հասարակության մեջ տարիներ շարունակ խոհարարի մասնագիտությունը համարվել է երկրորդական: Մարդիկ խոհարար են դարձել հիմնականում այն դեպքում, երբ չի հաջողվել բուհ ընդունվել կամ հաջողության հասնել այլ բնագավառներում»,-ասում է Մամուլյանը` միաժամանակ նշելով, որ առաջին հերթին պետք է ճանաչել, ամրագրել ազգային խոհանոցը, ապա նոր մտածել դրա կրողների մասին:

Կազմակերպության քարտուղար, պատմաբան Վահե Անթանեսյանն էլ հավելում է, որ ազգային խոհանոցի ամրագրումը կլուծի նաև ադրբեջանցիների կողմից հայկական որոշ կերակրատեսակներ յուրացնելու խնդիրը. «Թեև մենք ունենք աղբյուրներ, սակայն դրանք չենք կարողանում ճիշտ օգտագործել,-ասում է Անթանեսյանը,-օտար հանրագիտարանները բացում ես` գրված է. «Աշխարհի ամենաառաջին պահածոն ստեղծվել է 1805 թ. Ֆրանսուա Ապպերի կողմից, որի համար Նապոլեոնը նրան պետական մրցանակ է շնորհել»: Իսկ մեր տհալը կամ ղաուրման նույն պահածոն չէ՞, որ հազարամյակներ շարունակ հայերն օգտագործել են: Կամ ասում են` մակարոնը ստեղծվեց XV դարում, և Եվրոպան փրկվեց սովից. իսկ մեր արիշտան նույն մակարոնը չէ՞»:

Ի դեպ, վերջերս կազմակերպության կողմից Ազգային ժողովին առաջարկվել է  ընդունել օրենք` հայ խոհարարի օրը պաշտոնապես նշելու մասին:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2007-ին: Կազմակերպության գլխավոր նպատակներից է բանահավաքության միջոցով վերականգնել, ուսումնասիրել, հանրությանը ներկայացնել հայկական ազգային հարուստ խոհանոցը` հասանելի դարձնելով այն ժողովրդին: Բանահավաքության ընթացքում վերականգնվում են ոչ միայն մոռացված բաղադրատոմսերը, ուտեստները, այլև խոհանոցին առնչվող երգերը, ծեսերը, ավանդույթները: Մինչ այժմ կազմակերպության ջանքերով վերականգնվել է մոռացության տրված մոտ 60 ուտեստ:

 

 

 

 

Դիտվել է 2434 անգամ:
Print Friendly

Leave a Reply