Վարդգես Գասպարի vs. Արա Հովհաննիսյան
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | June 8, 2011 17:25
Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ և ասել է, որ առաջիկա օրերին էլ կհանդիպի՝ քննարկելու համար մայիսի 31-ին կայացած հանրահավաքի ժամանակ նրա կողմից քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանի հասցեին արված սուր քննադատության և հարթակից իջնելու պահանջի մանրամասները։
Վարդգես Գասպարին «Անկախի» հետ երեկվա զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավանաբար կհանդիպի այդ օրը:
ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքում, երբ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հարթակ էր հրավիրել համաներմամբ ազատ արձակված Շմավոն Գալստյանին և Արա Հովհաննիսյանին, ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարին բացականչել էր. «Հովհաննիսյան, հեռացիր, հանցագործ, իջիր հարթակից»:
Զարգացնելով թեման` Գասպարին Facebook-ի իր էջում գրել է. «Այդ ժամանակ խուցը նայողն էր ոմն Արայիկ Հովհաննիսյան` նարկաման, գող-ավազակ, բառացիորեն փալաս էակ (ի դեպ, ընդգրկված քաղբանտարկյալների ցուցակում), որը ավելի ճղճիմ և անմարդկային էակ էր, քան իմ տեսած այլ խուց նայողները: Կալանավորին նվաստացնելիս սահման չէր ճանաչում: Վերջերս անցել էր ամենաստոր տարբերակին` մի կալանավորի տղամարդու արժանապատվությունը նվաստացնելու տարբերակին»:
Նշենք, որ Արա Հովհաննիսյանը ոչ մի արձագանք չի տվել Գասպարիի ասածներին:
Փորձեցինք ՀԱԿ-ից Արա Հովհաննիսյանի հետ կապվելու տվյալները ստանալ, բայց ապարդյուն. ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ չունեն, իսկ թե որտեղից կարող ենք գտնել, պատասխանեց` գաղափար չունի: Մուսինյանը նաև ասաց, որ ՀԱԿ-ը տասնյակ հազարավոր անդամներ ունի` բացատրելով, որ չունեն բոլորի տվյալները:
Ոստիկանության պաշտոնյան, որ չցանկացավ ներկայանալ, «Անկախի» հետ զրույցում, անդրադառնալով «նարկաման, գող-ավազակ» հայտարարությանը, ասաց, որ այդպիսի հայտարարությունները թերևս քաղաքական բնույթի են, և իրենք դրանց վրա չեն հիմնվում. պետք է կոնկրետ փաստեր ներկայացվեն, ընդունված կարգով հայց ներկայացվի, որպեսզի հետամուտ լինեն:
«Չեմ ուզում կանխել նրա հանցավոր գործողությունը այդօրինակ ճանապարհով,- ասաց Գասպարին,- իմ պահանջն է, որ այդպիսի մարդիկ չլինեն մեր շարժման մեջ: …Կալանավայրում այդպիսի մարդիկ շատ կան. Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» ամսագրում նկարագրել եմ կալանավայրը. այն հանցաշխարհի խտապատկերն է. ո՞ր մեկի դեմ պայքարեմ»:
Facebook սոցիալական ցանցում հունիսի 3-ի իր գրառման մեջ Գասպարին նաև ասել է հետևյալը. «Արա Հովհաննիսյանի մասին իմ ասած բոլոր գնատականները մնում են ուժի մեջ: Զոն նայողի լակոտի տեղը Ազատության հրապարակի հարթակը չէ: Սա էն գինը չի, որ ՀՀ քաղաքացին վճարի նույնիսկ պատերազմի հրամանատարի ունեցած ավանդի համար: Ի վերջո, Շմայսը, Լիսկան և հատկապես Մանվելը ոչ պակաս ներդրում ունեն պատերազմում, իսկ մենք այսօր նաև նրանցից ձերբազատվելու նպատակ ենք հետապնդում»:






Facebook
Tweet This
Email This Post
