Այսօր Կառավարության նիստում ընդունվել է 15 որոշում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2009 17:21
Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է Սևանա լճից 2009թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 142 մլն խմ:
Կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` այսօր հաստատել է պետբյուջեից ֆինանսավորվող (կապիտալ շինարարության աշխատանքների համար) նվազագույնը 300 մլն դրամ արժողությամբ օբյեկտների ցանկը. ընդգրկված են առողջապահական, մշակութային, կրթական, մարզական օբյեկտներ, երկրաշարժի հետեւանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարաններ, պետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհներ և այլն:
Այսօրվա համապատախան որոշմամբ` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի շրջանակում երկրի 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորելու է պետությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նպատակային ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, և «հարկավոր է ընդլայնել ըստ էության անտոկոս վարկ ստացողների շրջանակը, որպեսզի բացառիկ հնարավորությունից կարողանան օգտվել շատերը»։
Մեկ այլ որոշմամբ` գործադիրը հաստատել է հաշմանդամ երեխաների վերականգնման համակարգում ֆիզկուլտուրայի եւ սպորտի պարապմունքների կազմակերպման ու բժշկական աջակցության կարգը։ Նպատակն է` կանոնակարգել սպորտով զբաղվող հաշմանդամ երեխաների բժշկական հսկողության գործընթացը, հաշմանդամ եւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների սոցիալական հարմարեցումը, ֆիզիկական վերականգնումը և առողջության ապահովումը:
Կառավարությունը նաև հավանություն է տվել «Ռիսկային չափանիշերի հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի վերաբերյալ հայեցակարգին»։ Փաստաթղթի նպատակն է հարկային ստուգումների նոր քաղաքականության ներդրումը, որը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության եւ ռիսկային չափանիշերի հիման վրա։ Քանի որ այս փոփոխությունը կարող է համարվել խստացում, այն կիրառվելու է 2011թ. հունվարից։ Տիգրան Սարգսյանը կարևորել է փաստաթուղթը` այն համարելով ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հիմք:






Facebook
Tweet This
Email This Post
