Արդարադատության նախարար. «Իրավաբանությունը տողերի արանքը կարդալու ունակություն է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 8, 2011 15:42

Երբ Հրայր Թովմասյանն ուսանող է եղել` նրա գիտական ղեկավարը ապագա նախարարին սովորեցրել է կարդալ տողերի արանքում գրվածը: «Երկու-երեք տարի ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն ավելի լավ գիտե Քրեական օրենսգիրքը, քան իրավաբանը,- «Սիվիլիթաս» հիմնադրամի քննարկմանն ասաց նախարարը,- բայց իրավաբանությունը մտածելու ունակություն է, որն ունես` կամ ոչ»:

Արդարադատության նախարարը չափազանց լավ սերտել է գիտական ղեկավարի դասերը և տողերի արանքում գրվածը կարդալուց զատ` օժտված է կոնկրետ հարցադրումներից խուսանավելու ունակությամբ:

ԵՄ ֆինանսավորմամբ` բոլորովին վերջերս ցմահ դատապարտյալների պահման պայմանների վերաբերյալ հետազոտություն է կատարվել, որտեղ նշված էր, որ Հայաստանի հանրապետությունում երբեք չի իրականացվել ցմահ ազատազրկված անձի պահման արժեքը պարզող ուսումնասիրություն: Հասարակական դիտորդների խմբի տվյալներով` մեկ դատապարտյալի համար նախատեսված է 500 դրամ օրական սննդի համար, որից դատապարտյալները չեն օգտվում և ուտում են հարազատների ուղարկած սնունդը:

«Անկախի» հնչեցրած հարցին որպես պատասխան արդարադատության նախարարն առաջարկեց կատարել երկու պարզ թվաբանական գործողություն: «Պետք է վերցնել ՔԿՀ նախատեսված բյուջեն և բաժանել դատապարտյալների թվի վրա,- ասաց նախարարը,- և կսատանաք ձեր հարցի պատասխանը»:

Հարցի վերաբերյալ «Անկախին» պարզաբանում տվեց Հայաստանում Գերմանիայի արտաքին և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը: Նա ասաց, որ ԵԽ անդամ պետությունների համար այդ գինը չափազանց բարձր է` օրը 30 եվրոյի կարգի գումար, որն անում է ամսական 900 եվրո: «Ու, թեպետ, ԵԽ անդամ պետությունները պարտավոր են ապահովել այդ պահանջները, սակայն հասկանալի և տրամաբանական է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին եք Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը կամ Ռուսաստանը` չեն կարող վճարել այդ կարգի գումարներ, քանի որ դա մեծապես գերազանցում է ձեր աշխատավարձի չափերը»,- ասաց Գերմանիայի դեսպանը:

Ռադիո «Վանից» Արման Սուլեյմանյանն ասաց, որ իրենք կատարել են այդպիսի հաշվարկներ. դա կազմում է մոտ 4000 դրամ օրական, որը փոքր գումար չէ` ամսական 120 հազար դրամ: Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում ներկայումս կան 5100 ազատազրկված և կալանավորված անձինք, ապա խոսքը վերաբերվում է միլիարդավոր դրամների մասին:

Սակայն բոլորին է հայտնի, որ ազատազրկվածները ոչ միայն այնտեղ չեն ուտում, այլև հագուստ, հիգիենայի պարագաներ և բազմաթիվ այլ հարցեր լուծում են իրենց հարազատների հաշվին: Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները:

Նախարարը դիվանագիտորեն համաձայնվեց, որ, զբաղված է ՔԿՀ-երի փիլիսոփայությունը պարզելով` միաժամանակ ասելով, որ Հայաստանի բանտերում հանցագործներ են արտադրվում:

Նախարարը պարզաբանեց, որ  ՔԿՀ-ում գտնվող անձը այնտեղից դուրս գալով՝ աշխատանք չի գտնում, քանի որ  խարան է կրում. չի կարողանում ինտեգրվել հասարակությանը, ընտանիքի հետ խնդիրներ է ունենում և ի վերջո կրկին հայտնվում է քրեակատարողական հիմնարկում:

«Նախարարը, միգուցե, այդպիսի բան չպետք է ասի, բայց 3-5 տարի ՔԿՀ-ում գտնվող անձը, որը զբաղվածություն չունի և դուրս գալուց հետո էլ կորցրած է լինում մասնագիտական հմտությունները` հասարակությանն ինտեգրվելով խնդիր ունի, որը մենք չենք լուծել,- ասաց նա,- և այդ առումով անելիք կա, բայց ես կողմնակից չեմ կարճաժամկետ ծրագրերի և  երկարաժամկետ ծրագրի շրջանակում չեմ ուզում բյուջեի միջոցները ծախսել ՔԿՀ-ներում պայմանների բարելավման համար` դրա փոխարեն նախաձեռնում ենք Արմավիրում նոր ՔԿՀ-ի կառուցումը»:

Թովմասյանն ասաց, որ ցանկանում է ՔԿՀ-ների խնդրի համակարգային լուծում գտնել՝ չքննադատելով նախորդ նախարարներին: «Այսպիսի մի խոսք կա. հին ավելը շատ փոշի է հանում,- ասաց նա,- ուզում եմ հասկանալ խնդիրները ու գտնել դրանց լուծումները, ստեղծել այնպիսի համակարգ, որպեսզի ինչ նախարար էլ գա, չկարողանա փոխել»:

Արադարադատության նախարարը «ջրեց» նաև այն ուղիղ հարցը, թե ինչու են լրագրողներին մերժում այցելել ՔԿՀ-ներ դատապարտյալների հետ տեսակցելու և նյութեր պատրաստելու համար:

«Բոլոր այդպիսի  դեպքերում  պետք է առանձին վերցնել և նայել հիմքերը` հասկանալու համար, թե եղել են արդյո՞ք մերժման հիմքեր, թե՞ ոչ»,- ժպտաց նախարարը:

Թովմասյանի ուսանողները մի ուսումնասիրություն են արել, որի ժամանակ պարզվել է, որ հայ հանրության 84 տոկոսը պատրաստ է եղել իրենց անօրինական հարցի լուծման համար կաշառք տալ դատական իշխանություններին, իսկ 63 տոկոսը պատրաստ է գնալ այդ ճանապարհով` իր օրինական խնդիրը լուծելու համար:

«Սա նշանակում է, որ մենք հանրությունը փոխելու խնդիր ունենք,- ասաց նախարարը,- միայն օրենքն ու Սահմանդրությունը բավարար չեն դատական անկախ իշխանություն ունենալու համար»:

Նախարարին հակադարձեց բնապահպան Կարինե Դանիելյանը, որը Թովմասյանին հիշեցրեց «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության բողոքը ուսանողական այգում կանաչապատ տարածքների հաշվին կառուցապատված սրճարանների դեմ, որի համար 5000-ից ավել ստորագրություն էր հավաքվել, որը, սակայն արհամարհվեց: Թովմասյանը հիշեցրեց այն դեպքերը, երբ իշխանությունն ընդառաջ է գնացել հասարակության պահանջին: Հավանաբար, նախարարը նկատի ուներ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճն ու օտարալեզու դպրոցների բացման ժամանակ ծնված հասարակական ակտիվությունը:

«Այո, դա բոլորիս խնդիրն է,- ասաց նա,- սակայն ուզում եմ ասել, որ ցանկացած պաշտոնատար  անձ, եթե 5 տարի առաջ շատ հեշտ կարող էր ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ապա այսօր 10 անգամ մտածելու է: Վանկուվերում կամ Բեռլինում անգամ  կանաչապատման և էկոլոգիայի խնդիրներ կան: Սա այն ոլորտն է, որտեղ հասարակության պահանջն ավելի առաջ է, քան պետությունը կարողանում է լուծել»:

Հրայր Թովմասյանը պատասխանեց ընդդիմության հնչեցրած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար տրված հարցին:

«Մինչև պահանջ դնելը, կարծում եմ, պետք է տեսնել Սահմանդրության մեջ ինչ է գրված,- ասաց նա,- Սահմանդրությամբ խորհրդարանը ցրելու բացառիկ իրավունք ամրագրված է եղել նախորդ` ոչ բարեփոխված Սահմանդրության մեջ, իսկ 2005թ. հետո այդ իրավունքը չկա»:

Նախարարը խորհուրդ տվեց կարդալ նախարարության կանոնադրությունը` պատասխանելով այն հարցին, թե ինչու գոյություն ունի Արդարադատության նախարարությունը:

 

 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply