«Լակոտ» բառը վիրավորական է. դատարանը «Երկիր»-ին պարտավորեցրեց 288 հազար դրամ վճարել Արզաքանցյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2011 14:32

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական վճիռը։ Դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, «Երկիր» օրաթերթին պարտավորեցրեց ՀՀԿ-ական պատգանավոր Տիգրան Արզաքանցյանին վճարել 200 հազար դրամ «լակոտ» բառով պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։ Դատարանի վճռով օրաթերթը պարտավորվեց նաև պատգամավորին վճարել ևս 80 հազար դրամ փաստաբանական ծախսերի և 8 հազար դրամ՝ դատական ծախսերի համար։ Մնացած մասով պատգամավորի հայցը դատարանը մերժեց՝ անհիմն լինելու հիմքով։

Դատարանն օրաթերթին պարտավորեցրեց նաև հրապարակել դատական վճռի եզրափակիչ մասը։
Վճռի հրապարակումից հետո պատգամավորի փաստաբան Վահե Հովսեփյանը դժվարացավ ասել, թե արդյոք պատգամավորը կբողոքարկի վճիռը. «Կծանոթանանք վճռին, հետո նոր կասենք՝ կբողոքարկենք, թե ոչ։ Հիմա ռեալ չէ ինչ-որ բան ասել»։

Օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը ևս վճիռը բողոքարկելու վերաբերյալ միանշանակ պատասխան չտվեց. «Պետք է ծանոթանանք վճռին և հետո վերջնական որոշումը՝ կբողոքարկենք թե չէ, մի քանի օրվա ընթացքում կտեղեկացնենք լրագրողներին»,- ասաց նա։

Խմբագրի խոսքով՝ թեև ինքը երեկ հայտարարել է, որ թեկուզ մեկ դրամ վճարելու պարտավորություն ենթադրող վճռի դեպքում իրենք կբողոքարկեն, սակայն տեղի ունեցածը մի քիչ անպասելի էր և իրենք պետք է քննարկեն հարցը։ Եսայանը նշեց նաև, որ կարելի է ասել, որ իրենք և մասնակի բավարարված են վճռից և բավարարված չեն։ Ինչ վերաբերում է «լակոտ» բառը վիրավորական որակելու դատարանի վճռին, Եսայանն ընդգծեց, որ իրենք այդ բառը մեջբերել են Հրանտ Բագրատյանի հայտարարությունից և երբ պարզվել է, որ Բագրատյանը նման բան չի ասել, իրենք այդ հայտարարությունը հրապարակել են թերթում՝ համոզված լինելով, որ հարցը դրանով սպառված է։

Հիշեցնենք, որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 3 միլիոն 568 հազար դրամ էր պահանջում օրաթերթի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո զետեղված հրապարակմամբ իրեն վիրավորելու և զրպարտության հետևանքով իրեն հասցված վնասի փոխհատուցման համար:

Տիգրան Արզաքանցյանը վիրավորանք էր համարում հոդվածում գրված «էդ լակոտը», «ստիլյագ», «առավել հասկանալի խոսում է հայերենի քյավառա բարբառով», «աղջիկներ է տանում-բերում», «հայտնի է նաև որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» և այլ արտահայտություններ:

Tert.am

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply