Հայկական «Օսկար» կամ «Պեպո». Հայաստանում տեղի կունենա ֆիլմերի ազգային մրցանակաբաշխություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 8, 2011 14:37

Առաջիկայում առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի ֆիլմերի ազգային մրցանակաբաշխություն:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը` հավելելով, որ այժմ քննարկվում են անվանակարգերը, թե ինչ ֆիլմեր կարող են ներկայացվել մրցույթին և այլն:  Նախնական տվյալներով, մրցանակապաշխությունը կկրի «Պեպո» անվանումը:

«Անունը  պիտի լինի մատչելի, պարզ տարբեր ազգի ներկայացուցիչների արտասանության համար: Անունը պիտի լինի նաև խորհրդանշական»,- ասում է Գևորգյանը`  հավելելով, որ մրցանակաբաշխությունն ինչ-որ իմաստով «հայկական օսկար» պիտի լինի:

Գևորգյանն ամփոփեց նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի` Կաննի կինոփառատոնին երրորդ մասնակցությունը. «Առաջին տարին հյուրի կարգավիճակով էինք, երկրորդ տարին ծանոթանում էինք, այս տարի արդեն արդյունքներ ունենք»:

Պեպոյի արձանը Երևանում

Պեպոյի արձանը Երևանում

Գևորգյանն ասում է, որ Կինոկենտրոնի խնդիրն է նպաստավոր պայմաններ ստեղծել, որ ազգային ֆիլմարտադրողները կարողանան ներկայացնել իրենց աշխատանքը միջազգային շուկայում, շփվեն ոլորտի հիմնադրամների հետ: Փառատոնի ընթացքում նման պայմաններ ստեղծվել են. համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել չեխական «Բարանդով» և  ուկրաինական «Ինտերֆիլմ Պրոդաքշըն» ստուդիաների հետ: Պայմանագրերի վերջնական վավերացումը տեղի կունենա աշնանը`  Երևանում: Իսկ Ռուսաստանից հայկական կողմին հրավիրել են մասնակցել մոսկովյան կինոփառատոնին և անվճար տաղավար են տրամադրել:

Հայկական պատվիրակությանը նշում է, որ   Կաննի կինոշուկան կարևոր է Հայաստանի նման փոքր բյուջե ունեցող երկրի համար: Այն հնարավորություն է ընձեռում ֆիլմարտադրության ոլորտում նոր գործընկերներ գտնելու, ինչպես նաև  հայկական ֆիլմերի համաշխարհային ճանաչմանը խրախուսելու:

«Մեզ հետ արդեն տանում ենք պրոդյուսերներին, ովքեր իրենք են զբաղվում իրենց իսկ ֆիլմերի ներկայացմամբ, ճակատագրով, պայմանների ստեղծմամբ, գործընկերների ընտրությամբ եւ պայմանագրերի կնքմամբ»,- ասում է Գևորգյանը:

«Ալավերդի» եւ «Չնչիկ» ֆիլմերը Կաննում ներկայացրել են իրենց պրոդյուսերները, իսկ Նիկա Շեկի «Իմ սիրելի խեղճ մայրիկը» ֆիլմը ռեժիսորի և պրոդյուսերի համաձայնությամբ ներկայացրել է կինոկենտրոնի աշխատակիցը: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք միջազգային հայտնի կազմակերպությունների, կինոֆոնդերի և  կրթական ուղղվածության կառույցների հետ:

Գևորգյանն անդրադարձավ նաև Նաիրի կինոթատրոնի խնդրին. բանակցություններ են  ընթանում, որպեսզի դահլիճն անվճար հիմունքներով տրամադրվի կինոկենտրոնին:  Նախատեսվում է կինոթատրոնում կազմակերպել կինոցուցադրություններ դպրոցականների համար, բացի այդ այն նախատեսվում է վերածել վայրի, որտեղ «հանրությունն ամեն օր կկարողանա դիտել հայկական արտադրության ֆիլմեր»:

 

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply